Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր քարտուղարի հիշեցումը

Հուլիս 11,2002 00:00

Գլխավոր քարտուղարի հիշեցումը Պարտավորությունդ կատարի՛ր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն իր երկօրյա այցի ընթացքում երեւանյան բոլոր հանդիպումների ժամանակ շարունակ շեշտում էր, որ Հայաստանը՝ որպես ԵԽ լիիրավ անդամ, պարզապես պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները։ Երեկ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պրն Շվիմերը կրկնեց այս շեշտադրումը՝ ավելացնելով, որ Հայաստանը պարտավորություն ունի՝ առաջին հերթին իր ժողովրդի եւ հետո՝ ԵԽ-ի առջեւ։ «Առավոտը»՝ դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, ասաց. «Դուք շարունակ շեշտում եք, որ Հայաստանը պարտավորությունները պետք է կատարի, սակայն վստահ ենք՝ տեղյակ եք, որ հայ ժողովուրդը, քաղաքական ուժերի մեծ մասը պարզապես պարտադրում են մահապատժի վերացման հարցում բացառություն կատարել «Հոկտեմբերի 27»-ը կատարողների եւ պատերազմական իրավիճակի մասով։ Սա հասարակության պահանջն է. ի՞նչ է մտածում այս մասին ԵԽ գլխավոր քարտուղարը, արդյոք հնարավո՞ր չէ բացառություն կատարել»։ Պատասխանելով այս հարցին, Վալտեր Շվիմերն ասաց. «Ես վստահեցնում եմ, որ ԵԽ-ն որեւէ վերապահություն չի ընդունում որեւէ պատճառով։ Մենք ակնկալում ենք, որ անդամ երկիրը լիովին ստանձնի իր պարտավորությունները»։ Նախ՝ կա պարտավորություն՝ հարգել պարտավորությունը, ձեռնպահ մնալ մահապատժի, մահվան գործադրման հարցում։ Այս վիճակն է բոլոր երկրներում, նույնիսկ՝ եթե մահապատժի օրենքը կա, երկիրը գոնե ձեռնպահ է մնացել մահապատժի կիրառման հարցում։ Բացառությունը բացարձակապես ընդունելի չէ եւ, անշուշտ, մենք նաեւ ակնկալում ենք, որ Հայաստանը Մարդու իրավունքների կոնվենցիայի նաեւ 6-րդ արձանագրությունը կընդունի եւ ընդհանրապես կվերացնի մահապատժի հարցը։ Սա պատրաստ չէր, երբ Հայաստանն անդամ դարձավ, սակայն արդեն 35 երկրներ ստորագրել են այդ հռչակագիրը, եւ ես վստահ եմ, որ Հայաստանը եւս կստորագրի, եւ հուսով եմ՝ ավելի շուտ եւ ոչ թե ուշ կվավերացնի եվրոպական այդ ստանդարտը, եթե ձգտում է ընկալվել որպես ԵԽ լիիրավ անդամ։ Ես բացարձակապես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա»։ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը բաժանեց երեք նպատակային թեմաների՝ 1) Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարում, 2) տարածաշրջանային խնդիրներ, 3) ԼՂՀ հարցի կարգավորում։ Նախարարը չվարանեց հայտարարել, որ Շվիմերի այցելությունը դրական է գնահատում։ Վալտեր Շվիմերն՝ իր հերթին, հայտարարեց, որ ստանձնած պարտավորությունների մասով Հայաստանում ճիշտ գործընթացներ են իրականացվում եւ, որ դեռեւս լիովին չկատարված պարտավորությունները կկատարվեն։ Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ ԵԽ-ն ուզում է տարածաշրջանում լրիվ համագործակցություն տեսնել՝ «անդրսահմանային համագործակցություն, որովհետեւ մենք Եվրոպայում հավատում ենք, որ սահմանները չպետք է թողնել հակամարտությունների կենտրոնում։ Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանում միլիոնավոր մարդիկ են զոհվել, այդտեղի գերեզմանոցների անունները նույնիսկ նշանավոր են, բայց այսօր Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները կարգավորված են, եւ Ստրասբուրգում կարող ես առանց որեւէ սահմանային անցումի մտնել Ֆրանսիայից Գերմանիա, եւ փոխադարձաբար արդեն երկու կողմերի ժողովուրդները նույն փողն են գործածում։ Սա է Եվրոպան»։ Պրն Շվիմերը խիստ ճկուն (բայց՝ ոչ հայերիս համար) դիվանագիտական լեզվով մեզ դասեր տվեց տարածքային բարիդրացիականության մասին եւ ասաց, որ Կովկասյան տարածաշրջանի ապագան եւս սա է. «Դրա համար է, որ ԵԽ-ն այսքան շեշտում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ դարձան ԵԽ անդամ միայն ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Միայն խաղաղ լուծում է պետք, եւ երկու երկրները պետք է ձգտեն միայն խաղաղ լուծման, որովհետեւ սա է տարածաշրջանային համագործակցության պայմանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել