ԴԺԳՈՀՈՂՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՆԱԿ «Զվարթնոց» օդակայանը արգենտինացի Էդ. Էռնեկյանին անժամկետ կառավարման հանձնելուց հետո ՀՀ իշխանություններն ու մասնավորապես՝ կառավարությունը ձեռքները լվացել են ու հեռու քաշվել այն պարտավորություններից, որոնք մինչ այդ ստանձնել էին Հայաստանում գործունեություն ծավալած օտարերկրյա ու մասնավորապես՝ ռուսական ավիաընկերությունների առջեւ: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը, որը Հայաստանում ՏՈՒ-154 ինքնաթիռով իրականացնում է պարիտետային չվերթներ՝ ՈՒՇ 2950 Երեւան-Եկատերինբուրգ-Երեւան, իր հետագա գործունեությունը Հայաստանում այլեւս դժվար է պատկերացնում: Այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Հովհաննիսյանի պնդմամբ, այլեւս ի վիճակի չէ դիմակայել «Զվարթնոց» օդակայանում Էդ.Էռնեկյանի տնօրինությանը հանձնելուց հետո սկիզբ առած անօրինականություններին. «Նրա կամքի արտահայտողները, անկեղծ պետք է ասեմ, բացարձակապես անգրագետ դիլետանտներ են, ովքեր եկել են Հայաստան եւ փորձում են պարտադրել իրենց օրենքները կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ իրենց ապօրինությունները: Այն, ինչ կատարվում է «Հայաստան միջազգային օդակայաններ» վերանվանված «Զվարթնոց» օդակայանում, հակասում է համընդհանուր ճանաչում գտած իրավական տարրական նորմերին: Բանն այն է, որ ս.թ. հունիսի 9-ից հետո այդ ընկերությունն աշխատանքի է անցել՝ ոչ միայն պայմանագրեր եւ այդպիսիք կնքելու ցանկություն չունենալով, ավելին՝ անտեղյակ Հայաստանի օրենսդրությանը»,- նախ այսպիսի կարծիք հայտնեց Վ.Հովհաննիսյանը: «Ուրալյան ավիաուղիների» կնքած պայմանագրի համաձայն, որի ժամկետը լրանալու էր 2003-ի դեկտեմբերի 31-ին, ամեն անգամ Երեւան-Եկատերինբուրգ-Երեւան չվերթը կատարելիս ընկերության ինքնաթիռները անհրաժեշտ քանակի վառելիքով վերալիցքավորելու համար կանխավճար են մուծում: «Այդպիսի գին աշխարհի որեւէ այլ երկրում գոյություն չունի. 1 տոննան՝ 450 դոլար: Դրանով իր ձեռքերն է տաքացնում վառելիքի մեր միակ մատակարարողը՝ Միշա Բաղդասարովը, որը մեզ համար գերգներ է սահմանել: Տեղի է ունենում շատ կեղտոտ խաղ. «Հայկական ավիաուղիներին» 1 տ վառելիքը մատակարարվում է 340 դոլարով, մեզ՝ 450-ով: Բայց «Հայկական ավիաուղիները» նույնիսկ այդ չեն վճարում: Նրանք փող չունեն. վաղուց արդեն խորտակված վիճակում են, իսկ նրանց փոխարեն՝ այդ տարբերության հաշվին, վճարում ենք մենք: Մենք կորցնում ենք, Բաղդասարովը՝ շահում: Վառելիքի գների բարձր լինելու արդյունքում տուժում են, իհարկե, ուղեւորները»,- պարզաբանեց «Ուրալյան ավիաուղիների» ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, թե Երեւան-Եկատերինբուրգ-Երեւան մեկ չվերթի համար ընկերությունը ծախսում է շուրջ 36 տ վառելիք. «Քանի որ հիմնականում վերալիցքավորվում ենք Եկատերինբուրգում, որտեղ 1 տ վառելիքն արժե մինչեւ 300 դոլար: Միայն այդ պատճառով մենք ստիպված ենք միջանկյալ վայրէջք կատարել Մինվոդիում, ինչը լրացուցիչ կազմում է շուրջ 2-3 հազար դոլար»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին ժամանակին համաձայնել պայմանագիր կնքել, «Ուրալյան ավիաուղիների» ներկայացուցիչը պատասխանեց. «Իսկ ո՞ւր պետք է փախչեինք. Բաղդասարովը մոնոպոլիստ է: Որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտ քանակի վառելիք գնել, պայմանագրի համաձայն՝ բացել ենք թղթակցային հաշվեհամար, որտեղից կանխավճարի տեսքով փոխանցումներ ենք կատարում: Հիմա մենք փող ունենք, բայց փոխանցում անել չենք կարող, որովհետեւ Էդ.Էռնեկյանը նոր օրենքներ է հաստատել եւ պահանջում է կանխիկ վճարում կատարել: Մեր պահանջներին՝ տալ համապատասխան փաստաթուղթ՝ հաշվարկային ֆակտուրա, պատասխանում են՝ չենք տալիս: Իսկ քանի դեռ պայմանագիր, պաշտոնական հաշվեհամար չկա՝ ոչ մի լումա մենք չենք կարող տալ, որովհետեւ դա պարզապես փողերի լվացում կնշանակի: Մեկ ամիս է անցել հունիսի 9-ից. որեւէ պայմանագիր ստորագրված չէ: Նախկին պայմանագիրը հունիսի 9-ից չեղյալ է համարվել, իսկ նորը կնքելու մասին Էռնեկյանի ընկերությունը համառորեն չի էլ ուզում մտածել: Այսօր մենք հայտնվել ենք վակուումում: Չկան փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է պայմանագիր պատրաստվի ստորագրման համար: Մեր ավիաընկերությունների եւ «Հայաստան միջազգային օդակայանների» հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, պայմանագիր չկա, բայց արդեն անցյալ շաբաթ օրվանից նրանք նոր սակագներ են սահմանել ոչ միայն սպասարկման ծառայությունների, այլեւ՝ թռիչք-վայրէջքների համար: Եթե նախկինում դրա համար վճարում էինք ավելի քան 4 դոլար, ապա հիմա դրա սակագինն անաղմուկ կերպով ավելացվել է եւս 1 դոլարով, եւ մենք ստիպված ենք 240 դոլար հավելյալ վճար կատարել՝ չունենալով դրա համար համապատասխան փաստաթղթեր: Յուրաքանչյուր ուղեւորի սպասարկման համար նախկինում «Զվարթնոցը» գանձում էր 9 դոլար, հիմա դա դարձրել են 11 դոլար: Ժամանակին սպասարկման սակագներն էլ ներկայացվում էին ինչպես դրամով, այնպես էլ՝ դոլարով՝ փաստաթղթի տակ, որպես կանոն, նշելով նաեւ դրամի օրվա դոլարային փոխարժեքը: Այսօր դա բացակայում է, մինչդեռ մենք, ՀՀ Օրենսդրության համաձայն՝ իրավունք չունենք դոլարով վճարումներ անել: Մենք չգիտենք, թե Էռնեկյանն այդ փոխարժեքը որքան է հաշվարկում, առավել եւս, որ մենք կանխավճարով ենք աշխատում: Նրանք հրաժարվում են դա անել եւ մեզ խորհուրդ են տալիս դոլարի եւ դրամի օրվա փոխարժեքը ճշտել ԿԲ-ից»: Վ.Հովհաննիսյանի պնդմամբ, աշխարհի որեւէ այլ երկրում ավիաընկերություններին այնպիսի պահանջ, ինչպիսին է՝ թռիչքավայրէջքային վազքուղու ապահովագրությունը, չի ներկայացվում: «Միայն այդ ապահովագրությունը կազմում է 150 մլն դոլար: Դե, եթե թույլ են տալիս գողանալ՝ գողացիր: Այսօր այդ սկզբունքն է գործում: Իսկ մենք, թվով 9 ռուսական ընկերություններս՝ «Աերոֆլոտ-Միջազգային ավիաուղիներ», «Սարատովյան ավիաուղիներ», «Ադիգեյա-Ավիա», Վոլգաավիաէքսպրեսկրուիզ», Աերոֆլոտ-Դոն», «Բաշկիրյան ավիաուղիներ», «Սամարա», «Պուլկովո», «Ուրալյան ավիաուղիներ» եւ «Ավիաէքսպրեսկրուիզ», դիմել ենք արդարադատության նախարարին, բայց դեռ որեւէ պատասխան չենք ստացել: Նախարարը միայն հրավիրել է օդակայանի գործադիր տնօրեն Աննա Քրիստինին, որը հարկ էլ չի համարել գնալ հանդիպման»,- տեղեկացրեց Վ.Հովհաննիսյանը: Մեր այն հարցին, թե ստեղծված իրավիճակից ռուսական ավիաընկերություններն ի՞նչ ելք են տեսնում, Վ.Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես լիազորված չեմ առայժմ որեւէ գործողության մասին հայտարարել: Ես «Ուրալյան ավիաուղիների» ղեկավարությանը տեղեկացրել եմ, որ Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակ է: Եթե յուրաքանչյուր ընկերություն հայց ներկայացնի «Հայաստան միջազգային օդակայաններ» ընկերությանը՝ ժամանակին պայմանագրեր չկնքելու եւ արդյունքում՝ նրանց նյութական վնասներ հասցնելու համար՝ պահանջելով դրանք փոխհատուցել, դա կլինի հարցին իրավական մոտեցում: Ես հույս ունեմ, որ մեր ընկերությունը ցույց կտա իր ատամները, բայց այսօր հաստատ ոչինչ ասել չեմ կարող: Գոյություն ունի Ավիացիոն դաշնային ծառայություն, եւ ես համոզված եմ, որ եթե ռուսական ընկերությունները բողոքով դիմեն այդ կազմակերպությանը, վերջինս կառավարական մակարդակով քննարկման կդնի այդ հարցը: Եթե նրանք շարունակեն իրենց այսպես պահել, ռուսական կողմը կարող է դադարեցնել իր բոլոր չվերթերը Հայաստան եւ արգելել հայկական ընկերություններին վայրէջք կատարել Ռուսաստանի տարածքում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ