ԼՂՀ-Ն՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը մոտ օրերս կորոշի՝ առաջադրվե՞լ ԼՂՀ նախագահի պաշտոնում, թե՞… – Պարզվում է, որ չե՞ք կարող առաջադրել Ձեր թեկնածությունը ԼՂՀ նախագահական ընտրություններում։ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանը հայտարարեց, թե քանի որ Հրանտ Խաչատրյանը ԼՂՀ քաղաքացի չէ եւ վերջին 10 տարում չի բնակվել Լեռնային Ղարաբաղում, ուստի ոչ մի դեպքում չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու։ – Առաջին հերթին պարզվեց, որ ՍԻՄ-ի բնական մտադրությունը՝ շատ ակտիվ լինել հայկական ընտրություններում (ներառյալ՝ ԼՂՀ ընտրությունները), այդ թվում եւ՝ իմ թեկնածությունն առաջադրելու խնդիրն ուսումնասիրելու հանգամանքը, լուրջ մտահոգություն է առաջացրել շատ քաղաքական եւ պետական գործիչների մոտ։ Կարծում եմ, ԼՂ ընտրություններին մասնակցելու գաղափարն ինքնըստինքյան համարձակ է, եւ այստեղ օրինականությանն առնչվող որեւէ խնդիր չկա։ Խնդիրներն արդեն ծագում են մանրուքների մեջ։ Արծարծվում է քաղաքացիության հարցը, ընդ որում՝ երկու տեսանկյունից։ Նախագահ Քոչարյանի կողմնակիցները փորձում են ԼՂ ընտրությունների առնչությամբ իմ քաղաքացիության հարցն արծարծել այնպես, որ դրական լույսի ներքո ներկայացնեն 1998-ին Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը։ Իսկ նախագահի հակառակորդները փորձում են սրել քաղաքացիության հարցը։ Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ քաղաքացիության հարցը 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո օրենսդրական կամ նորմատիվ որեւէ լուրջ ակտով չի հաստատվել կամ ժխտվել։ Մենք գտնում ենք, որ պետք է հաստատված լիներ, ոմանք գտնում են, որ պետք է ժխտվեր։ – 1989-ի Հռչակագրից հետո 1991 թ. Հայաստանն անկախ հանրապետություն հռչակվեց՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում չներառելով Ղարաբաղը։ – Միեւնույն ժամանակ՝ շատ երկրների դիվանագետներ դժվարանում են պնդել, թե Հայաստանի Անկախության հռչակագրի համաձայն ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ նրանք միաժամանակ չեն ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի հետ վերամիավորման փաստը։ Այնպես որ, այստեղ իսկապես կա վիճելի խնդիր, որն այդպիսին է դարձել վերամիավորման մասին որոշումն անհետեւանք թողնելու պատճառով։ – Սակայն ԼՂՀ ԿԸՀ նախագահի հայտարարությունը եւս մի ապացույց է, թե հենց Ղարաբաղը չի ընդունում, որ ինքը Հայաստանի մի մասն է, եւ Հայաստանի քաղաքացին նաեւ ԼՂՀ քաղաքացի է։ – Բայց հակառակն իրենք հաճույքով ընդունում են, որ ԼՂՀ քաղաքացին կարող է լինել ՀՀ քաղաքացի։ «Առավոտի» ընթերցողներին հիշեցնեմ, որ 1990-ին, երբ ԼՂ տարածքում ձեւավորված 11 ընտրատարածքներում անցկացվում էին Հայաստանի Գերագույն խորհրդի ընտություններ՝ Ղարաբաղի որեւէ բնակիչ հարցադրում չէր անում, թե ինչու ենք մենք ընտրում։ Եվ ԼՂՀ «քաղաքացիներն» ընտրվեցին ՀՀ ԳԽ պատգամավոր։ Իհարկե, դեմ չեմ, որ մեր հարաբերությունները պետք է կառուցենք այսօրվա իրավական դաշտում։ Բայց այդ դաշտի անհստակությունը որքան որ թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի «քաղաքացիներին» մասնակցել համահայկական ընտրություններին՝ նույնքան էլ թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին մասնակցել ԼՂ ընտրություններին։ – Անհնար է Ձեր թեկնածությունը չգրանցելու վերաբերյալ հիմնավորումները չհամեմատել այն հիմնավորումների հետ, որոնք ներկայացվում էին 1998-ին՝ ապացուցելու համար, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացի է։ Այդ ժամանակ հիշեցին վերամիավորման որոշումը. Անկախության հռչակագիրը եւ այլն։ – ԼՂՀ ԿԸՀ նախագահի հայտարարությունը չենք կարող չդիտարկել որպես պաշտոնական հայտարարություն, թեեւ դա դեռ հանձնաժողովի որոշումը չէ։ Եվ այդ հայտարարության մեջ նշելով քաղաքացիության խնդիրը՝ նորից արծարծվում է 1998-ի հայտնի, հրապարակում դեռեւս գոյություն ունեցող բանավեճը, թե արդյոք իրավունք ունե՞ր Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել, թե՞ ոչ։ Մեր մեկնաբանությունը մնում է նույնը՝ նա իրավունք ուներ առաջադրվել, քանի որ Ղարաբաղի բնակչությունը ստացել է ՀՀ քաղաքացիություն եւ ուներ ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Այժմ էլ գտնում ենք, որ ԼՂ-ում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ Այդ մարմնի՝ գործադիր իշխանության, ղեկավարը ԼՂՀ նախագահն է։ Այսինքն, մենք չենք ժխտում ԼՂ ինքնավարության այդ աստիճանը՝ Հայաստանի կազմում հանրապետություն։ Դա կարելի է նաեւ հետագայում օրենքներով ամրագրել, որովհետեւ, այնուամենայնիվ, այսօր չենք կարող ԼՂ-ն դիտարկել Հայաստանի մյուս մարզերին համարժեք մարզ։ – Ե՞րբ եք վերջնական որոշում ընդունելու, թե արդյոք հայտ ներկայացնելո՞ւ եք։ – Մենք չենք մեղավորը, որ Հայաստանի ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական, ե՛ւ պաշտոնական դաշտերն այնքան խճճված են, որ կողմնորոշվելու լրացուցիչ էներգիա պիտի ծախսենք։ Բայց որ պիտի կողմնորոշվենք ու ամենաճիշտ քայլերը կատարենք՝ դրանում «Առավոտի» ընթերցողը կարող է չկասկածել։ Համենայն դեպս, այս պահին այն բոլոր «տեխնիկական» քայլերը, որոնք անհրաժեշտ են առաջադրման համար, հերթականությամբ կատարվում են։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Հեռատեսներն առաջարկում են՝ եթե Հրանտ Խաչատրյանին չգրանցեն ԼՂՀ նախագահի թեկնածու, թող նա փորձի նախ դառնալ ԼՂՀ վարչապետ։