ՉԻՆԻՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՄՐՑԱՎԱՐՆ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ Կրթությամբ դիզայներ եւ նկարիչ Քրիստինա Չինին կդառնա Իտալիայի «A» խմբի առաջնության առաջին կին եզրային մրցավարը։ Այս մասին տեղեկացրել է Իտալիայի հեռուստատեսությունը։ «Ֆիորենտինայի» մոլի երկրպագու 32-ամյա Քրիստինան ֆուտբոլային մրցավարությամբ հրապուրվել է դեռեւս 10 տարի առաջ։ Այդ ընթացքում նա մասնակցել է տեղական նշանակության մի քանի առաջնությունների եւ նվաճել սպասարկելու նախ «B», այժմ նաեւ «A» խմբի առաջնության խաղեր։ Չինին ոչ մի անգամ որպես ֆուտբոլիստ խաղադաշտ չի մտել։ Սակայն նրա անաչառությունը, մտքի արագությունն ու բարի կամեցողությունը եզրային մրցավարի «աշխատավայրում» արդար ու անկողմնակալ մրցավարի համբավ են բերել։ Իսկ լավ մարզավիճակ նա պահպանում է մշտապես աթլետիկայով պարապելով։ Գործնականում Քրիստինան ֆուտբոլային մրցավար դարձել է պատահականորեն։ Երբ նոր էր լրացել նրա 20 տարին, աղջիկը տեղեկանալով, որ մարզական մրցավարների դասընթացներում թափուր տեղ կա, դիմում է ներկայացրել։ Այդ ժամանակվանից սկսած, իտալուհու խոսքերով ասած, ֆուտբոլի եզրային մրցավարի արհեստը լիովին տիրապետել է իրեն։ Ընդ որում, Քրիստինայի ամուսինը նույնպես եզրային մրցավար է։ Այժմ, երբ արդեն տեղափոխվել է բարձրագույն խումբ, Քրիստինան երազում է սպասարկել այնպիսի հանդիպումներ, որոնց կմասնակցեն Դել Պիերոն ու Վյերին։ Ի դեպ, առաջին կին մրցավարին դեպի «A» սերիա երաշխավորել է հանրահռչակ Պիեռլուիջի Կոլինան՝ աշխարհի 2002թ. առաջնության եզրափակիչի գլխավոր մրցավարը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ