Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսպիրյանի «Երեք մոմը»

Հուլիս 10,2002 00:00

Իսպիրյանի «Երեք մոմը» «Յուրաքանչյուրն իր գործը պետք է անի. երգիչը՝ երգի, կոմպոզիտորը՝ ստեղծագործի, ստուդիան՝ ձայնագրի… Ամեն ինչում պետք է «թիմ» եւ միասնություն լինի, քանզի միայն այդ դեպքում ցանկացած ձեռնարկում կհաջողվի եւ լավագույն արդյունք կունենա»։ Ահա այսպես է մտածում տաղանդաշատ երգիչ, երգահան, գործիքավորող Արթուր Իսպիրյանը։ Նրա առաջին ելույթը (1987թ.) եղել է երաժշտական իմպրովիզացիա, որին հաջորդել են զուգերգեր Զարուհի Երզնկյանի եւ Անահիտ Մանուկյանի հետ։ Սակայն նրան առավել մեծ ճանաչում է բերել «Այո-1»-ում ներկայացված Լյութեր Վանդրոսի «Էնի լով» երգը։ Երաժշտական աշխարհում նրա կուռքն է Սթիվի Ուանդերը։ Նախընտրում է ունենալ քիչ, բայց որակյալ հանդիսատես։ 95-99թթ. աշխատել է Երգի թատրոնում, այնուհետեւ նախընտրել է անհատական գործունեությունը։ – Շուտով երկրպագուներիդ կնվիրես քո երկրորդ՝ «Երեք մոմ» անվանումը կրող ձայնասկավառակը։ Ի՞նչ ոճի երգեր են նրանում զետեղված եւ ովքե՞ր են երգերի հեղինակները։ – Նախ ասեմ, որ հենց այս պահին ԱՄՆ-ում ընթանում են սկավառակի թողարկման աշխատանքները, որն, ի դեպ, իմ առաջին լուրջ նախագիծն է հայերեն լեզվով։ Այնտեղ, ի տարբերություն իմ նախորդ՝ «Colors of Stevieland» անգլիալեզու սկավառակի, բոլոր երգերը բացառապես հայերեն են։ Սկավառակը բաղկացած է ամենավերջին «մոդեռն» ոճում գրված 9 երգերից եւ իմ հեղինակային գործիքային երկու ստեղծագործություններից՝ intro եւ outro։ Նշեմ, որ սկավառակի գերակշիռ՝ 5 երգերի տեքստերի հեղինակը Վահան Անդրեասյանն է, դրանցից 3-ի երաժշտություններն իմ հեղինակային գործերն են, մեկական երգերինը՝ Արմեն Ադունցինն ու Արման Ղազարյանինն (Աշոտ Ղազարյանի որդին) են։ Ի դեպ, սկավառակի երգերից երկուսն ինձ նվիրել է Արմեն Պետրոսյանը, իսկ մեկական երգ նվիրել են Արթուր Գրիգորյանն ու Սրբուհի Ստամբոլցյանը, Արամոն եւ Էմման։ Եվ քանի որ սկավառակի հաջողության զգալի մասը կախված է գործիքավորումից, ես առանձնակի սիրով ուզում եմ տեղեկացնել, որ իմ երկրորդ՝ «Երեք մոմ» սկավառակի բոլոր երգերը հրաշալի գործիքավորել է Արա Թորոսյանը։ – Գիտեմ, որ սկավառակի «Երեք մոմ» անվանումն ունի հետաքրքիր պատմություն։ – Նախ, այն խորհրդանշում է՝ հույս, ս եր, հավատ։ Եվ բացի դա, համանուն երգի մեղեդին Արման Ղազարյանն ինձ նվիրեց զատկի օրը (զուտ պատահական), երբ սկավառակում պակասում էր մեկ երգ, իսկ երգի տեքստի հեղինակ Վահան Անդրեասյանը գրել էր շատ խորիմաստ եւ համահունչ տեքստ եւ երգն անվանել էր «Երեք մոմ»։ Այդ երգի ծնունդից մի քանի շաբաթ առաջ համակարգչում ենթագիտակցորեն աբստրակտ երեք մոմ էի նկարել խաչով, որն էլ հետագայում դարձավ սկավառակի խորհրդանիշն ու անվանումը։ – Երգում ընդհանրապես ի՞նչն ես կարեւորում՝ մեղեդի՞ն, թե՞ տեքստը։ – Ցանկալի է, որ երկուսն էլ համատեղ հզոր լինեն, սակայն ինձ համար առաջնայինը երգի հոգին է, այսինքն ձայնային ելեւէջներով պետք է կարողանաս արտահայտել ներաշխարհումդ տիրող վիճակը։ – Ինչպե՞ս ես վերաբերում այսօր երգարվեստում տիրող իրավիճակին՝ «աստղային առատություն», օտարամոլ մեղեդայնություն։ – Նորմալ եմ ընդունում, թող շատ լինեն՝ ե՛ւ լավը, ե՛ւ վատը։ Միեւնույն է, ժամանակի ընթացքում մնալու են արժանիները։ Ի վերջո, գնահատական տվողը ժողովուրդն է, իսկ հայ ազգը շատ բարձր ճաշակ ունի։ Իսկ ինչ վերաբերում է օտար տրամադրություններին, ապա ասեմ, որ դա այսօր կարծես նման լինի մոդայի, որը խոսում է մեր երգիչների, երաժիշտների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որոնք չունենալով իրենց անհատական ոճն ու ձեռագիրը, սկսում են կրկնօրինակել, այն էլ հաճախ շատ անճաշակ։ Դա էլ բխում է ոչ հետեւողական վերաբերմունքից, որտեղ քիչ դեր չունեն նաեւ հեռուստատեսությունը, էժանագին, ցածրաճաշակ շոուները եւ այլն։ Ցավոք, այսօր, չգիտես ինչու, մեզ մոտ ավելի բարձր են գնահատվում անտաղանդ-անարժանները, քան որակյալ շնորհալիները։ – Իսկ ի՞նչ կասես մրցույթների մասին։ – Ես չեմ սիրում եւ չեմ ընդունում մրցույթն արվեստում, քանզի գտնում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր հոգին եւ պետք չէ դրանք համեմատել։ Բացի դա, մրցույթներն այսօր առաջացնում են ոչ թե առողջ մրցակցություն, այլ պայքար եւ ատելություն միմյանց հանդեպ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել