Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԾԻԳ-Ի ՃԻԳԵՐԸ

Հուլիս 10,2002 00:00

«ՄՇԱԿՈՒՅԹ» ԾԻԳ-Ի ՃԻԳԵՐԸ «Ամենուրեք խոսում են, որ Քըրքորյանը գումար է տվել Հայաստանի թանգարանները պատշաճ տեսքի բերելու համար, բայց թե էդ փողն ո՞ւմ են տվել կամ ո՞ւմ քմահաճույքով է պայմանավորված եղել ցուցակում ընդգրկվելը՝ մինչ օրս ոչ մեկին հայտնի չէ»,- ասում է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Ավելին, նա համոզված է, որ ամեն ինչ «էն գլխից էլ գաղտնի ու սուսուփուս էր արվում»։ Զ. Սարգսյանն ասաց, որ ինքն էլ պատահականորեն է իմացել Փարաջանովի թանգարանի՝ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվող մշակութային օջախների ցանկում հայտնվելը։ Նա պնդում է, որ նույնիսկ թանգարանի տնօրինությունից է գաղտնի պահվել իրենց թանգարանի շինվերանորոգման աշխատանքների համար հատկացված գումարի չափը, իսկ վերանորոգման մասին «Մշակույթ» ԾԻԳ-ի աշխատակիցները իր հետ խոսել են բառացիորեն ոտքի վրա՝ առանց մանրամասն ծանոթանալու շենքի վիճակին։ Այժմ, ըստ Զ. Սարգսյանի, այս թանգարանում եւս դադարեցված են շինարարական աշխատանքները եւ պատճառն էլ գումարային քաշքշուկներն են՝ «Մշակույթ» ԾԻԳ-ի մեղքով. «Շինարարները մեղք չունեն, մեղավորը «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Մկրտումյանն է, որ ոչինչ չի հասկանում։ Ամենուր նույն պատկերն է տիրում. Քոչարի տուն-թանգարանում էլ շինարարներն ավարտել են աշխատանքները, սակայն իրենց գումարի 10%-ն են միայն ստացել»։ Ինչ վերաբերում է կոնկրետ Փարաջանովի տուն-թանգարանին, ապա, տնօրենի կարծիքով, այն հենց սկզբից էլ «դեֆեկտով» էր՝ անհաջող ճարտարապետի պատճառով։ Թանգարանը կառուցման օրից ունեցել է պատշգամբ, որն ամեն վայրկյան կարող էր փլվել։ Այժմ, երբ բացառիկ հնարավորություն է ստեղծվել շենքը վերջապես կարգի բերելու համար (հուլիսի 1-ին արդեն պետք է ավարտված լիներ վերանորոգումը՝ ապահովելով այցելուների մուտքը թանգարան), շինարարական աշխատանքներն, ըստ տնօրենի, անհայտ ժամկետով դադարեցվել են. «Շինարարներն իրենց գումարները չեն կարողանում ստանալ, իսկ Մկրտումյանը դեմագոգիայով է զբաղված։ Ինչ խոսում ես, ասում է՝ հարց չկա։ Սակայն ոչինչ էլ չի անում։ Օրերս էլ շինարարներին «զարմացած» հարցրել էր, թե փողի կարիք ունե՞ն, այն դեպքում, երբ վերջիններս նամակով անընդհատ իրենց գումարն են պահանջում»։ Զ. Սարգսյանն ընդհանրապես եկել է այն համոզման, որ Լինսի հիմնադրամի հաշվին մշակութային օջախների վերանորոգումը «անգլուխ» է արվում. դրա արտահայտությունն այն է, որ ոչինչ ոչ մեկի կողմից կարգին չի վերահսկվում։ Ի դեպ, մեր այցելած մյուս թանգարանների տնօրենների հետ զրույցից պարզվեց, որ վերջիններս էլ ունեն շատ խնդիրներ, որոնց մասին բարձրաձայն խոսելուց ձեռնպահ են մնում։ Նրանք վստահ են, որ «Մշակույթ» ԾԻԳ-ը ունի իրենց պատժելու բազմաթիվ լծակներ։ Օրինակ, այն կարող է թանգարաններին զրկել իրենց ակնկալած տեղը տեղին վերանորոգումից, անհրաժեշտ ցուցադրության պարագաներից, տեխնիկայից եւ այլն։ «Շատ խոսելու» համար թանգարանների տնօրենները կարող են վճարել իրենց պաշտոններով։ Սակայն սա դեռ բոլորը չէ։ «Մշակույթ» ԾԻԳ-ը «խեղճացնելու» հնարավորություն ունի նաեւ կապալառու կազմակերպություններին. որոշ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաստիացնում են, որ «Մշակույթ» ԾԻԳ-ը կարող է, դիցուք, չվճարել ավելացված աշխատանքների դիմաց՝ դրանք համարելով նախագծային խախտումներ (որովհետեւ շինարարները հաճախ գործում են բանավոր համաձայնության հիման վրա, քանի որ գրավոր պատասխան ստանալու համար երբեմն ստիպված են լինում սպասել 20-30 օր)։ Իսկ որեւէ լրատվամիջոցի դժգոհության տարրեր պարունակող ինֆորմացիա տալու համար վերջիններս կարող են զրկվել նաեւ նոր տենդերի մասնակցելու հնարավորությունից։ Շինարարական կազմակերպություններից մեկը (որի ղեկավարի անունը չենք նշում իր իսկ խնդրանքով) իր որոշ բախտակիցների նման հայտնվել է բարդ խնդրի առաջ. իրենց վերանորոգած օբյեկտի ավելացված աշխատանքները կրկնակի գերազանցել են սկզբնական նախահաշվով շահած փաթեթում նախատեսվածը։ Ու քանի որ ֆինանսավորման հարցերը այդպես էլ ոչ մի կերպ չեն լուծվում, վերջիններս էլ ենթակապալառուներին վճարելու համար ստիպված վարկ են վերցրել բանկից։ Ըստ շինարարների, միջազգային պրակտիկայում ավելացված աշխատանքները կազմում են նախատեսված աշխատանքի 10-20%-ը։ Իսկ Հայաստանում դրանք հասնում են 70-150%-ի։ Այս եւ այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Մկրտումյանից, բայց նրա հետ կապվել չհաջողվեց. ակնհայտորեն խուսափում էր լրագրողներից։ Իսկ «Մշակույթ» ԾԻԳ-ի գլխավոր մասնագետ Կորյուն Արզումանյանը նեղացավ մեր հարցերից։ «Հո քրեական մարմիններից չե՞ք։ Ի՞նչ եք հարցաքննում»,- դժգոհեց նա։ Եվ որքան էլ զարմանալի էր, հերքեց թանգարաններում տիրող վիճակի մասին մեզ հասած ահազանգերը։ Բացառեց, որ որեւէ օբյեկտում «Մշակույթ» ԾԻԳ-ից ստացվող ֆինանսավորման ձգձգման պատճառով դանդաղել կամ դադարել է շինարարությունը։ Նույնիսկ մեղադրեց շինարարներին, որ վերջիններս անորոշությունները չեն հիմնավորում փաստաթղթերով։ Վերջում էլ հույս տվեց, թե ավելացված աշխատանքների հետ կապված ֆինանսական հարցերը կլուծվեն մոտ ապագայում. «Ամեն ինչ չենք կարող գուշակել սուրճի բաժակ նայելով, իհարկե, կան ավելացված աշխատանքներ, որոնց նախահաշիվները դեռ կազմվում են»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Այն պահին, երբ նյութը պատրաստ էր տպագրության, խմբագրություն զանգահարեցին որոշ թանգարանների տնօրեններ, տեղեկացնելու, որ ֆինանսավորում չստանալու պատճառով իրենց թանգարաններում շինարարները գործադուլ են սկսել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031