Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՋՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԱՐՁԵԼ

Հուլիս 10,2002 00:00

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՋՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԱՐՁԵԼ Երեւանի «Ճանշին» ԲԲԸ-ի դեմ Այդ խմորը շատ ջուր վերցրեց։ Եվ վերցրեց լոկ այն պատճառով, որ ջուր խառնողը դարձավ օտարերկրյա մի ֆիրմա։ «Հանուն Հայաստանի Հանրապետության» որոշում-վճիռ կայացնող դատարաններում դեռ շարունակվում է քաղաքացիական գործի քննությունը. «Շահաբ» Իրանի Իսլամական Հանրապետության Սաֆիր Թալայե ֆիրման դատի է տվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Ճանշին» ՊՓԲԸ-ին՝ առկա պայմանագիրը (1999թ. ապրիլի 26-ի) մասնակիորեն անվավեր ճանաչելու եւ որոշակի գումար (իբրեւ պարտք) հաշվանցելու պահանջի մասին։ «Շահաբ» ֆիրման մատակարարել է 295 տոննա բիտում (ձյութ), տոննան՝ 150 ԱՄՆ դոլար։ Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 44.250 ԱՄՆ դոլար։ Ըստ հայցվոր «Շահաբի», «Ճանշինը» վճարել է 26.250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ հետեւաբար պարտք մնացել 18.000 ԱՄՆ դոլար։ Ըստ կողմերի միջեւ կնքված պայմանագրի, վճարման ուշացման դեպքում պատասխանողը հայցվոր-մատակարարին ուշացման յուրաքանչյուր օրվա դիմաց վճարելու էր տուգանք՝ մատակարարված ապրանքի արժեքի 1%-ի չափով (80.883 դրամ)։ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին «Շահաբը» ներկայացրել էր պահանջվող գումարը, որն, ըստ հաշվարկի, կազմում էր 42.868400 դրամ։ «Ճանշինն» իր հերթին գտնում էր, որ մատակարարված ապրանքի համար ընկերությունը պարտք է մնացել 18.000 դոլար, որը չի վճարվել պետբյուջեից ֆինանսավորման բացակայության պատճառով։ Սա այն դեպքում, երբ նույն ժամանակամիջոցում «Ճանշինը» կատարել է 12 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, որի դիմաց, ինչպես ժողովուրդն է ասում, քոռ լումա չի ստացել։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը (Վ. Սարգսյան) ընդունելով, որ գումարը լրիվ չի վճարել եւ այն պետք է վճարվեր տարվա ընթացքում, անհասկանալիորեն «խնդրեց» «Ճանշինի» հակընդդեմ հայցը մերժել։ Դատարանը (դատավոր՝ Ա. Դավթյան) հայցը բավարարեց մասնակիորեն եւ «Ճանշինից» հօգուտ «Շահաբի» բռնագանձեց 18 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ գումարած տուգանքը 1 ամսվա համար. 5.400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ Թվում էր, «Շահաբ» ֆիրման պիտի գոհանար։ Սակայն ֆիրման վերաքննիչ բողոքով դիմեց տնտեսական գործերով վերաքննիչ դատարան։ Միաժամանակ բավարարվեց իրանական ֆիրմայի միջնորդությունը եւ հայցի ապահովման համար «Ճանշինին» պատկանող գույքի, հաշվարկային հաշիվների եւ դրամարկղի վրա 101.279 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով արգելանք դնելու որոշում թխվեց (30.05. 2001թ.)։ Վերաքննիչի թանաքը դեռ չչորացած (04.06.2001թ.), նույն վերաքննիչը նույն կազմով (Լ. Սոսյան, Հ. Մանուկյան, Ա. Սարգսյան) «հայցն առանց քննության թողնելու մասին» որոշում կայացրեց։ «Ճանշինը», թվում էր, թե շունչ կքաշի։ Սակայն 08.10.2001թ. վերաքննիչը վերոնշյալ կազմով դռնբաց դատական նիստում «կրկնակի քննելով» «Շահաբ» ֆիրմայի հայցն ընդդեմ «Ճանշին» ԲԲԸ-ի 101.279 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջի վերաբերյալ կրկնօրինակեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հայցը բավարարելով մասնակի։ Այս անգամ հօգուտ «Շահաբի» պիտի բռնագանձվեր 30.617.040 դրամ + 10.116.000 դրամ պարտքին + 20.501.040 դրամ տուգանք։ Այս դատարանը գրեթե հեգնեց հայրենի «Ճանշինին», թե բյուջեից ֆինանսավորում չստանալը, ծանր ֆինանսական վիճակում գտնվելը «չեն կարող հիմք հանդիսանալ նրան պատասխանատվությունից ազատելու համար»։ Չմոռացավ վկայակոչել ՀՀ քաղօրի 417 հոդվածը, ըստ որի, պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետեւանքով։ Տվյալ դեպքում «անհաղթահարելի ուժի հետեւանք» չդիտվեցին շինարարական բաց բաժնետիրական ընկերության նախագահ Վահան Առաքելյանի տասնյակ խնդրագրեր-պաշտոնական գրություններն՝ ուղղված «Ինեկոբանկ» վարչության նախագահ Ա. Բալոյանին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Ե. Զախարյանին, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին։ Ի դեպ, մեր տրամադրության տակ գտնվող 27.03.01 ֆինանսների նախարարի գրությունից (ուղղված տրանսպորտի եւ կապի նախարարին) տեղեկանում ենք. «ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, քննարկելով Ձեր խնդրանքը, հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ծրագրով 2000թ. չիրացված միջոցների հաշվին աշխատանքները շարունակելու համար կանխավճար հատկացնելու վերաբերյալ հայտնում է, որ 2000թ. նշված օբյեկտների համար հատկացվել էր կանխավճար պայմանագրով նախատեսված ամբողջ գումարի 25%-ի չափով։ Մինչեւ տարեվերջ նշված կանխավճարները, սահմանված կարգի համաձայն, մեր կողմից մարվել են՝ ներկայացված կատարողականներին համապատասխան։ Ուստի լրացուցիչ կանխավճարի հատկացումը գտնում ենք ոչ նպատակահարմար…»։ Այս տարվա մայիսի 15-ին «Շահաբ» ֆիրման կրկին տնտեսական դատարանում (ջրի ճանապարհ է դարձել վերջինս, ասես- Ռ. Մ.) հանդիպեց «Ճանշինին»։ Այս անգամ հայցվորը պահանջում էր անվճարունակ ճանաչել «Ճանշինին»։ Դատարանը, ղեկավարվելով «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների եւ անհատ ձեռներեցների անվճարունակության եւ ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքով, իրանցիների հայցը բավարարեց։ Սնանկ ճանաչվեց մի կազմակերպություն, որն իրականացնելով Երեւան-Գառնի-Գեղարդ 2-րդ հատվածի նորոգման աշխատանքները, հաղթել էր մրցույթում, պարտքով գնելով ձեռնարկությունը (145 միլիոն դրամ…), բացելով աշխատատեղեր։ Անշուշտ, մենք կտպագրենք «Ճանշինի» գործադիր տնօրեն Վ. Առաքելյանի պարզաբանումները (ավտոմոբիլային ճանապարհների եւ կամուրջների շինարարության ճանաչված մասնագետի)։ Վերջինիս տեղեկացմամբ, ԱԱՆ աշխատակիցները ընկերությանը պատկանող 50 անվանում փաստաթղթեր հանձնել են դատախազությանը։ Վերջինս ոչ փաստաթղթերն է հանձնել «Ճանշինին», ոչ էլ տվել իր գնահատականը, այսպես կոչված, ստուգումների։ Սակայն մի բան ակնհայտ է. «Ճանշինի» տնօրենի ՀԺԿ անդամ լինելն իսկ դարձել է հեռահար նպատակ՝ օտարերկրացիների ձեռքերով նրա հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Որ դա այդպես է, մենք կանդրադառնանք «Առավոտի» շաբաթօրյա համարում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031