Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհի մասին՝ «քնքշանքով»

Հուլիս 10,2002 00:00

Մենաշնորհի մասին՝ «քնքշանքով» Միջազգային արձագանքի արժանացած Լիզինի հայտնի գործարքի վերաբերյալ պարզաբանում տալիս Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը երեկվա իր ասուլիսում երկու անգամ շեշտեց, որ գործարքն իր պաշտոնավարման օրոք չի տեղի ունեցել, ինչը տվյալ պահին էական էլ չէր։ Սա վկայում է այն մասին, որ ոչ թե համակարգեր են գործում մեր երկրում, այլ՝ պաշտոնյաներ։ Ավելին, պաշտոնյաներն էլ են այդպես կարծում։ Նա հաստատեց, որ Լիզինի երկակի որակված ապրանքը մաքսանենգ ճանապարհով չի արտահանվել, այլ սահմանված կարգով ձեւակերպումներ է ստացել։ Երկակի նշանակության ապրանքները արտահանման թույլտվություն են ստանում հատուկ հանձնաժողովի որոշմամբ։ Այս կարգն այժմ ավելի է խստացվել։ Բայց այն ժամանակ, ըստ պրն Ավետիսյանի ունեցած տեղեկատվության, մասնատված է ներկայացվել կոդավորման, որի դեպքում հանձնաժողովը կարող էր եւ սխալվել։ «Առանձին մասերը բան չեն ներկայացնում։ Խիստ մասնագետ պետք է լինել, պարզելու համար, թե արդյո՞ք երկակի նշանակության է։ Վստահ էլ չեմ, որ այդ ապրանքը ամբողջովին է արտահանվել՝ ինչ նշանակության համար որ նշվում է։ Ֆերմենտներ չեն արտահանվել, ուղղակի այդ սարքավորումը ֆերմենտներ է արտադրում։ Բառերի շփոթություն է եղել»,- պարզաբանեց նա։ Մեր տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկը մենաշնորհն է. ցանկացած շահութաբեր բիզնես արդեն «զբաղեցված» է, ինչն էլ բացառում է զարգացման հնարավորությունը եւ իր պայմաններն է թելադրում շուկային։ Վերջին շրջանում բենզինի գների աճը ներկրողները բացատրում էին առաջարկի փոքր քանակով՝ քիչ էր ներկրվում։ Պաշտոնական թվերը հետաքրքիր դինամիկա են ցույց տալիս. 2002-ի առաջին կիսամյակում, 2001-ի 1-ին կիսամյակի համեմատ, չնչին տարբերությամբ՝ ընդամենը 1315 տոննայով է պակաս ներկրվել, սակայն այս տարվա մայիս-հունիս ամիսներին կտրուկ տարբերություն է արձանագրվել։ Մայիսին ներկրվել է 12114 տոննա, հունիսին՝ 2951։ Բայց Արմեն Ավետիսյանը համաձայն չէ ներկրողների հետ, թե գնի բարձրացումը դեֆիցիտով է պայմանավորված։ Նրա տվյալներով. «Բենզինի դեֆիցիտ չկար, բոլոր ներկրողների մոտ մնացորդի որոշակի քանակություն կար։ Ուղղակի դինամիկան խախտեցին»։ Այսպիսով, ներկրումը կա, սպառումը պակասել է, բայց գինը բարձրանում է։ Պրն Ավետիսյանն այս մեղադրանքներն էլ ընդունելի չի համարում, «որովհետեւ բոլորին հայտնի է, թե ինչ տատանումներ է տեղի ունենում միջազգային շուկայում։ Անգամ ինքնարժեքը 60%-ով բարձրացավ։ Հայաստանում նման աճ տեղի չունեցավ։ Հետեւաբար ներկրողներն այդքան չափով վնաս կրեցին»։ Թեեւ բենզին ներկրողները հիմնականում 8-ն են, բայց վերջերս ավելացել են երեքով, չհաշված ՊՆ-ն, որը բենզին է ներկրում ոչ թե շուկայի, այլ սեփական կարիքների համար։ Մեր տնտեսության մենաշնորհային ոլորտների վերաբերյալ Ա. Ավետիսյանը «քնքուշ» ձեւակերպում ունի. «Կազմակերպությունների մոնոպոլիա կա, որոնք զբաղվում են այդ բիզնեսով։ Եթե դրա ներկրումը հեշտ է թվում՝ այդպես չէ»։ Դժվար թե որեւէ մեկին գտնես, հատկապես որը փորձած լինի բենզին կամ շաքարավազ ներկրել, եւ որը համաձայնի, թե հեշտ է։ Բենզինի սպառումը հանրապետությունում նվազել է՝ ի հաշիվ գազի սպառման ծավալների աճի։ Հենց միայն երթուղային տաքսիները, որոնք 1999թ. պաշտոնապես 2200-ն էին, այժմ բոլորն էլ գազով են աշխատում։ Չհաշված միջքաղաքային ավտոբուսները եւ այլն։ Այսպես ասած, կազմակերպությունների մենաշնորհ կա նաեւ շաքարավազի դեպքում։ Այս տարի հունիսին ներկրվել է 6000 տոննա, իսկ նախորդ տարի՝ 13.000։ Թեեւ ներկրողները մի քանիսն են՝ «Կոկա-Կոլա», «Սեւանի շաքարի գործարան», «Աստղացոլք», «Գրանդ Քենդի», սակայն պարզ է, որ միայն «Աստղացոլքն» է շուկայում իրացնելու համար ներկրում։ Մնացածները՝ սեփական արտադրությունում օգտագործելու համար։ Ուստիեւ, կապված պահածոյացման շրջանի սկզբի հետ, շատերի կարծիքով, արհեստական դեֆիցիտ է ստեղծվում շուկայում՝ գները բարձրացնելու միտումով։ Սակայն պրն Ավետիսյանին զեկուցել են, որ լրացուցիչ 1700 տոննա շաքարավազ է ներկրվել եւ իբր մեծածախ գինը նորից կարգավորվել է։ Իսկ ներկրողները նրան բացատրել են, որ ներկրման փոքր քանակը պայմանավորված է նաեւ բերքի նույնպես փոքր քանակով, ինչից հետեւել է, թե պահածոյացումը տեղի կունենա ավելի քիչ քանակով։ ՄՊԿ նախագահը համաձայն չէ իր գործընկերոջ՝ ՊԵ նախարար Երվանդ Զախարյանի այն տեսակետին, թե մեր տնտեսությունում ստվերը 40% է։ Նրա վերլուծությամբ, հատկապես մաքսային ոլորտում դա անհամեմատ քիչ է, որովհետեւ վերահսկողության մի քանի անգամ շատ լծակներ կան, քան հարկային բնագավառում։ Հետեւաբար, «մաքսայինում ստվերը հավասար է 40%-ը բաժանած մի քանիսի»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031