Լրահոս
Օրվա լրահոսը

…ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ

Հուլիս 10,2002 00:00

…ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ «Մամուլն այս երկրում շատ ցինիկ եւ հոռետես է կառավարության նկատմամբ։ Մշտական եւ առողջ լարվածություն կա երկու կողմերի միջեւ,- այսպես բնորոշեց իշխանությունների եւ լրատվամիջոցների փոխհարաբերությունները Կոլումբիայի համալսարանի «Columbia Journalism Review» պարբերականի խմբագիր Նեյլ Հիքեյը։- Կառավարությունը փորձում է ազդել մամուլի վրա, բայց չի վերահսկում։ Մի խոսքով՝ նրանք կարծես երկու գազաններ լինեն՝ շուն ու կատու»։ Ամերիկայում շատ հանդիպումների ընթացքում մեր զրուցակիցները նշում էին, թե վերջին տարիներին հարգանքը լրագրողների նկատմամբ նվազել է։ «Լրագրության ապագայով մտահոգված լրագրողների կոմիտեի» փոխնախագահ Թոմ Ռոսենսթիելի կարծիքով, մարդիկ չեն համարում, թե լրագրողները բարոյական են եւ անաչառ, օգնում են իրենց։ Եվ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր համոզված են, թե լրագրողներն ուռճացնում են փաստերը՝ հանուն սենսացիայի։ «Ժուռնալիզմը կամաց-կամաց անհետանում է եւ վերածվում մի անորոշ հաղորդակցական հասկացության»,- ասում էր Թոմ Ռոսենսթիելը։ Մինեսոթայի լրատվական խորհրդի ղեկավար Գարի Գիլսոնն էլ իր պատճառներն էր թվարկում, թե ինչու է նվազել հանրության հավատը լրատվամիջոցների նկատմամբ. ոչ ճիշտ փաստերի վկայակոչում, անանուն աղբյուրներ, հասարակական բամբասանք, լրագրողների ոչ իրազեկություն եւ այլն։ Ըստ նրա, ոտնահարվում են լրագրողական չափանիշները, եւ դրանց հաճախ ուշադրություն էլ չեն դարձնում՝ շեշտը դնելով լուրը շուկա հանելու «փաթեթավորման» վրա։ Հավելենք նաեւ Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանի դասախոս Լեյրդ Անդերսոնի դիտարկումները. «Թուլացել է նորությունն ու կարծիքն իրարից տարբերող սահմանը», «Լրատվական միջոցները հիանում են տարօրինակ, այլասերված կամ արատավոր իրադարձություններով», «Շատ քիչ լրագրողներ կան, որոնք լրջորեն փորձում են լրատվություն մատուցել ողջ աշխարհից»։ Այս ամենով մտահոգված՝ մի շարք առաջատար լրագրողներ սկզբունքներ էին հռչակել։ Մեջբերենք դրանցից մի քանիսը. ա) Լրագրությունը ենթադրում է մտավոր անկախություն նրանցից, ում մասին գրում ես։ բ) Լրագրությունն իշխանությանը վերահսկելը եւ ձայնազուրկներին ձայն տրամադրելն է։ գ) Լրագրողը ճառեր չպիտի գրի քաղաքական գործիչների համար եւ ինքն էլ չպիտի դառնա քաղաքական գործիչ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել