Դուրյանն ընդդեմ Քոչարյանի Օհան Դուրյանն այսօր ղեկավարում է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը։ Թեեւ մաեստրոն ղեկավարել է ընդամենը չորս համերգ՝ մոսկովյան թերթերն ու հեռուստաալիքները նրան դասում են աշխարհի լավագույն դիրիժորների շարքը: Օ.Դուրյանն արձակուրդն անցկացնում է Երեւանում՝ իր կառուցած համեստ տանը, խնամում է իր ձեռքերով տնկած այգին: «Հանրապետություն» էլեկտրոնային շաբաթաթերթին տված հարցազրույցում նա ասել է. «Խորենացու մեդալն ու Մեսրոպ Մաշտոցի շքանշանը ես վերադարձրել եմ նախագահին ոչ միայն այն պատճառով, որ այլեւս չեմ համարվում Հայաստանի արվեստագետ, այլ նաեւ այն պատճառով, որ նա չի ճանաչում, հետեւաբար չի կարող հարգել այդ անվանումներով պարգեւներն ու նրանց ստացողներին։ Սարսափելի բան է, ո՞նց կարելի է մի ձեռքով շքանշան պարգեւել, մյուսով՝ վռնդել մարդուն։ Քոչարյանի այս վարքագիծը շատ բան է խոսում նրա էության մասին… Բոլորովին պարտադիր չէ, որ հանրապետության նախագահն արվեստի գիտակ լինի, բայց արվեստից բացառապես ոչինչ չհասկացող այսպիսի նախագահ ես կյանքումս չեմ տեսել։ Այն, ինչ արեց նա իմ հանդեպ՝ չէր անի աշխարհի եւ ոչ մի հետամնաց երկրի ղեկավար։ Տարօրինակ է նաեւ այն, որ Քոչարյանին դուր չեն գալիս անգամ իմ մոսկովյան հաջողությունները, եւ այդ կապակցությամբ նա դժգոհություն է արտահայտել, թե՝ ինչո՞ւ այնտեղ իմ դեմ դռները չեն փակվում»։ Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանի նախագահին դուր չեն գալիս ոչ միայն խոշոր քաղաքական ու պետական գործիչները, այլ նաեւ մեծ արվեստագետները, Օհան Դուրյանն այսպես է արձագանքել. «Պատճառը նրա՝ աշխարհին անտեղյակ, աշխարհի մեծերին ու մշակույթին անհաղորդ փոքրիկ մարդու ինքնասիրահարվածության մեջ է։ Կարծում է՝ ինքն է, որ կա, եւ մեկ ուրիշը, լինի դա պետական գործիչ, թե արվեստագետ, իրավունք չունի ժողովրդականություն վայելելու։ Հետեւաբար ամեն գնով ուղիներ է փնտրում տաղանդավոր, վառ անհատականությամբ օժտված ու ժողովրդի սերը վայելող մարդկանց հեռացնել Հայաստանից ու իր ճանապարհից»։ Հարցին, թե իսկ չե՞ք կարծում, որ նախագահի վերաբերմունքը բխում է նաեւ այն հանգամանքից, որ Ձեզ անվերապահորեն սիրում եւ ընդունում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, իսկ Սպարապետի բարեկամների, մտերիմների, նույնիսկ սիրելի արվեստագետների հանդեպ նա անթաքույց ատելություն ունի, հետեւել է. «Այդ էլ կա, դա շոշափելի փաստ է։ Շատ կարեւոր եմ համարում խոսել մի հանգամանքի մասին եւս. աշխարհի երեսին, բացի Հայաստանից, չկա մի պետություն, որտեղ նախագահը մտածի, թե իր ղեկավարած երկիրն իր սեփականությունն է։ Ռ.Քոչարյանը՝ զուրկ լինելով պետական մտածողությունից, Հայաստանին մոտենում է որպես իր բացարձակ սեփականություն եւ վարվում է նրա հետ այնպես, ինչպես իր սիրտն ու շահն է պահանջում։ Մեր հայրենիքի բնական հարստություններն ու կառույցները նվիրում է՝ ում կամենում է, վաճառում է՝ ում հարմար է գտնում։ Սա Հայաստանի կործանումն է»։