Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը «հույս ունի», որ «Ա1+»-ը կշահի նոր մրցույթո՞ւմ

Հուլիս 10,2002 00:00

Նախագահը «հույս ունի», որ «Ա1+»-ը կշահի նոր մրցույթո՞ւմ Երեւանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը։ Երեկ պրն Շվիմերը հանդիպեց խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԽ ԽՎ-ում մեր խորհրդարանական պատվիրակության անդամների հետ։ Պրն Շվիմերն ակնհայտորեն շատ լավ տեղեկացված է, թե ի՞նչ է կամ ո՞վ է Հայաստանը, քանի որ իր բոլոր շփումները խիստ համարժեք են մեր ազգային մենթալիտետին։ Օրինակ, ԵԽ գլխավոր քարտուղարը կարող է իրեն թույլ տալ հետեւյալ շռայլ ազատությունը՝ մինչեւ վերջ չլսել խորհրդարանական մեծամասնության ղեկավարի խոսքը, ընդհատել եւ հանդիպումն ավարտված հայտարարել, քանի որ ինքը շտապում է եւ այլ հանդիպումներ եւս ունի։ Եվ նորաթուխ եվրոպականացվածներս որեւէ կերպ չենք ընդվզի այնպես, ինչպես մեզ պարտադրվում է ընդունել, ասենք, արվամոլների ազատությունների մասին օրենքը, եւ մենք չենք ընդվզում, կամ՝ պարտադրվում է մահապատժի հարցը վերանայել, ու մենք՝ գլուխներս կախ, համապատասխան կենդանու պահվածք ենք դրսեւորում։ Ինչեւէ, երեկվա հանդիպման մասին քիչ ավելի մանրամասն։ Իր խոսքում Վալտեր Շվիմերը հայտարարել է, թե մենք բոլորս մի ընտանիք ենք եւ պետք է մտածենք մեր ընտանիքի հետագա բարգավաճման մասին։ Հանդիպման ժամանակ խոսք են ասել նաեւ Գալուստ Սահակյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Ալեքսան Կարապետյանը։ Վերջինս մեզ հայտնեց, որ իր ելույթում մասնավորապես խոսել է Հայաստանի համար մի շարք կարեւոր խնդիրների մասին։ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահը հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարին, որ ԵԽ-ին անդամակցելուց հետո ժողովրդավարությունը Հայաստանում մեծ նահանջ է ապրել. «Բացահայտ է մի բան, որ արդար ընտրությունների դեպքում Ռոբերտ Քոչարյանը կհավաքի 3-5% ձայն։ Նախագահի կոռումպացված վարչակազմի կողմից ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են մեկ նպատակով. պարարտ հող ստեղծել ընտրակեղծիքների համար եւ դարձյալ այդ ճանապարհով Քոչարյանին դարձնել նախագահ։ Խնդիր է դրված՝ որքան հնարավոր է, ճզմել, թուլացնել ընդդիմադիր դաշտը, վախի, բռնությունների ճնշման տակ՝ լռեցնել քննադատությունը, չթողնել նախագահին ուղղված քննադատությունը հասնի ժողովրդին»։ Ալեքսան Կարապետյանը հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարին, որ Հայաստանում ճնշումներով վերաձեւվում են օրենքները, մարզպետներին հրամայված է դահլիճ չտրամադրել ընդդիմադիր պատգամավորներին, ապօրինաբար փակվեցին «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաալիքները, ՀԱՀ-ն ծառայում է միայն Քոչարյանի կոռումպացված կլանին. «Իրականում ամենաբարձր քաղաքական ռեյտինգ ունեցող քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանին թույլ չեն տալիս ելույթ ունենալ ոչ միայն առաջին, այլեւ մյուս հեռուստաալիքներով»։ Պրն Կարապետյանը նաեւ հարցրել է՝ «ինչպե՞ս հասկանալ, երբ խոսքը վերաբերում է մահապատժի վերացմանը՝ ԵԽ ներկայացուցիչները միանգամից ակտիվանում են, երբ խոսվում է մարդու իրավունքների կամ ժողովրդավարության կոպիտ ոտնահարումների մասին, խորհրդավոր լռում են։ Ի՞նչ է, ԵԽ-ն մահապատիժը վերացնելուց բացի ուրիշ խնդիր չի՞ տեսնում իր առաջ»։ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ այս մեղադրանքներին ի պատասխան, անդրադարձել է միայն «Ա1+»-ին վերաբերող մասին եւ հայտնել է, թե հանրապետության նախագահն իր հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, թե «Ա1+»-ը կշահի նոր մրցույթում։ Մեզ մնում է պարզապես զարմանք արտահայտել՝ ինչպե՞ս կարող է նման հույս հայտնել նախագահ Քոչարյանը, երբ ակնհայտ էր, որ «Ա1+»-ը փակվեց, մեղմ ասած՝ ոչ առանց իր գիտության։ Թերեւս սա այն ոչ տիպիկ դեպքն է, երբ ասվում է, թե հույսը վերջինն է մեռնում։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը եւս իր ելույթում խոսել է միայն եթերում տիրող բացասական երեւույթների մասին։ Որքան էլ զարմանալի է, ներկաներից որեւէ մեկը չի խոսել ի պաշտպանություն երկրի նախագահի։ Կարծես թե մի թեթեւ փորձ է արել Գալուստ Սահակյանը, բայց Վալտեր Շվիմերը՝ իր ժամանակը սպառված հայտարարելով, հեռացել է։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել