Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 10,2002 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լեւինը կռահեց, որ հայ լրագրողներն առանձնակի հետաքրքրություն ունեն խիստ որոշակի հարցերի վերաբերյալ եւ փորձում են զուգահեռներ անցկացնել դրանց նկատմամբ հայկական եւ ամերիկյան մոտեցումների միջեւ։ Իմփիչմենթ Կռահելն առանձնապես դժվար էլ չէր։ Հունիսի 18-ին, Վաշինգթոնում, երբ նաեւ Վերմոնտի եւ Հարվարդի համալսարաններում կառավարագիտություն ու Արեւմտյան քաղաքագիտական փիլիսոփայություն դասավանդած դոկտոր Ալան Լեւինը հայ լրագրողներին ներկայացնում էր ԱՄՆ կառավարման համակարգը եւ իշխանությունների հավասարակշռումը՝ ամենաշատ հարցերը հնչեցին մահապատժի կիրառման եւ նախագահի պաշտոնանկության գործընթացների վերաբերյալ։ Նախ՝ երկրորդի մասին։ Ինչպես եւ Հայաստանում, ԱՄՆ-ում էլ իմփիչմենթի համար հիմք կարող է հանդիսանալ ծանր հանցագործությունը։ Եվ այստեղ էլ, ըստ Ալան Լեւինի, վեճեր կան, թե որն է ծանր հանցագործությունը, բայց համենայնդեպս՝ Կոնգրեսի երկու պալատներն են որոշում՝ կատարե՞լ է ԱՄՆ նախագահը ծանր հանցագործություն, թե՞ ոչ։ Ընդ որում, սա խիստ քաղաքականացված գործընթաց է։ «Երկիրի» թղթակիցը զարմացավ. «Այս երկրում դատարա՞նը չի որոշում մարդու հանցագործ լինելը»։ Պրոֆեսորը պատասխանեց դրական. «Այո, բայց սա հանցագործության համար դատապարտում չէ։ Չէ՞ որ նախագահն իմփիչմենթից հետո բանտ չի նստում կամ տուգանք մուծում»։ Հիմա զուգահեռեք սա Հայաստանի խորհրդարանում սկսված գործընթացի հետ եւ հիշեք, թե ինչ արձագանքի էին արժանանում ջանքերը քաղաքական քննարկումների միջոցով սահմանելու նախագահ Քոչարյանի պատասխանատվությունը «27»-ի պետական հեղաշրջման փորձի համար։ Մահապատիժ ԱՄՆ 50 նահանգներից 38-ում՝ որպես պատժի առավելագույն չափ, սահմանված է մահապատիժը։ Բայց այն կիրառվում է միայն Տեխասում։ Մահապատժի կիրառումը ժամանակ պահանջող գործընթաց է։ Ըստ Ալան Լեւինի, 15 տարի է տեւում՝ մինչեւ որեւէ մեկն արժանանում է մահապատժի։ Սա, իհարկե, եթե բողոքարկում է, իսկ եթե ոչ՝ շուրջ 5 տարի։ Սակայն բողոքարկելու հնարավորությունները բազմազան են։ Եվ 3-4 ատյաններ կան, որոնց մահապատժի դատապարտվածը կարող է բողոքներ հղել, թե, ասենք, փաստաբանս լավը չէր (ի դեպ, ԱՄՆ-ում կարող է տույժի ենթարկվել այն փաստաբանը, որը լավ չի պաշտպանում իր վստահորդին) կամ՝ դատավորն արագ վճիռ կայացրեց։ Մի խոսքով, այնքան բարդ գործընթաց է սա, որ, ըստ պրոֆեսորի, ցմահ բանտարկության դատապարտելն ավելի ձեռնտու է։ Ի վերջո, պարզելով, որ հայ լրագրողներն իրեն շատ հարցեր են տալիս մահապատժի վերաբերյալ, քանի որ խնդիրներ ունեն Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների առումով, Ալան Լեւինն ասաց. «Սա մեկն է այն մեծ բախումներից, որ Ամերիկան էլ ունի Եվրախորհրդի հետ։ Ֆրանսիան ու Գերմանիան անգամ հրաժարվում են մեզ աջակցել եւ տեղեկություններ փոխանցել ահաբեկիչների վերաբերյալ, քանի որ վտանգ են տեսնում, թե նրանք կարող է արժանանան մահապատժի»։ Ահաբեկչության պտուղները «Սեպտեմբերի 11»-ը դեռեւս չսպիացած վերք է Ամերիկայի համար։ «United we stay» հսկա կարգախոսը, որ հանդիպեցինք ե՛ւ Վաշինգթոնում, ե՛ւ Նյու Յորքում, ինչ-որ առումով հիշեցնում էր մեր սեփականը, թե միակ ուժը հավաքականությունն է։ Ամերիկացիները հիշում են նաեւ, թե սեպտեմբերի 11-ից հետո ինչպես էին սպառվել ԱՄՆ բոլոր դրոշները, որ անհավանական է թվում, երբ տեսնում ես, թե սեփական դրոշի ինչպիսի պաշտամունք է այս երկրում։ Եվ ամենափոքրից մինչեւ ամենամեծ վաճառատներն ուղղակի հեղեղված են ամերիկյան դրոշներով եւ այն պատկերող ամենաբազմազան արտադրանքով։ …Սակայն անգամ այս հայրենասիրական մակընթացության պայմաններում էլ «Մամուլի անկախության համար լրագրողների հանձնաժողովի» գործադիր տնօրեն Լյուսի Դալգլիշը հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, թե ըստ իրենց տեղեկությունների՝ 1200 մահմեդական է ձերբակալված. «Իսկ այս երկրում օրենք չկա, որ միայն ազգային կամ կրոնական պատկանելության համար ձերբակալեն… Չի կարելի թույլ տալ, որ ծայրահեղությունների մեջ ընկնեն»։ Այս կազմակերպությունը 2002 թ. մարտին հրատարակել է «Ինչպես է ահաբեկչության դեմ պայքարն ազդում տեղեկատվության մատչելիության եւ հանրության՝ իմանալու իրավունքի վրա» գրքույկը։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե չի՞ զգուշանում, որ իշխանություններն իրեն կմեղադրեն ահաբեկչության մեջ կասկածվողներին հովանավորելու համար, Լյուսի Դալգլիշը թոթվեց ուսերը. «Հավանաբար նրանց դուր չեն գալիս մեր գործողությունները։ Բայց դա իմ գործը չէ։ Դա նրանց համար պիտի որ սովորական բան դարձած լինի»։ Նա նաեւ հայտնեց, որ իրենց, ճիշտ է, թույլ չեն տալիս հանդիպել ձերբակալվածներին եւ տեղեկություններ ստանալ նրանց մասին, բայց նաեւ ասել են. «Եթե իմանաք նրանց անունները՝ մենք չենք խոչընդոտի, որ հրապարակեք։ Մենք այդպես էլ փորձում ենք անել»։ «Հայրենասիրական տենդ է մեր միջով անցնում, բայց ժամանակի ընթացքում այն կմարի»,- մեզ վստահեցնում էր «Նյու Յորք Դեյլի նյուսի»-ի հետաքննական լրագրող Ռոբերտ Փորթը։ Իսկ CPJ-ի ծրագրերի տնօրեն Ալեքս Լուփիսը խոստովանում էր. «Ես զարմացած եմ։ Ինձ թվում էր, սեպտեմբերի 11-ից հետո շատերը կհարցնեն, թե ինչու այդպես եղավ… Բայց կատարվածին գերազանցապես նայում են «սեւի եւ սպիտակի» սկզբունքով. մենք լավն ենք, իրենք՝ վատը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վաշինգթոն-Նյու Յորք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել