Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՎ ԿՐԱԿԻՑ ՀԱՆՎՈՂ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ

Հուլիս 10,2002 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՎ ԿՐԱԿԻՑ ՀԱՆՎՈՂ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ «Ես միշտ խուսափել եմ «Հոկտեմբերի 27»-ի գործը քաղաքականացնելուց եւ սահմանափակվել եմ միայն գործի նախաքննության եւ դատաքննության՝ իրավական շրջանակներով»,- երեկ հայտարարեց «27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը: Նրա այդ հայտարարության դրդապատճառը, ինչպես ինքն ասաց, վերջին օրերին մամուլի հրապարակումներն են. «Իմ, ընտանիքին վերաբերող հրապարակումներ են եղել, որոնք, ի վերջո, հանգում են այն եզրահանգման, թե Ռուսաստանը Հայաստանում փորձում է ապակայունացնել իրավիճակը: Ուստի ես՝ որպես ՌԴ քաղաքացի, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ դրանց: Ինչ վերաբերում է Հայաստանում, այսպես կոչված, Ռուսական հատուկ ծառայությունների գործունեությանը: Իհարկե, այդ անհեթեթությունը ես չեմ մեկնաբանի, բայց ուզում եմ ասել հետեւյալը. այն մարդիկ, ովքեր նման տեղեկություններ են տարածում, վախկոտ են: Բոլորին շատ լավ հասկանալի է, որ որեւէ հատուկ ծառայություն կամ դրա ներկայացուցիչ իր նախաձեռնությամբ այլ պետության դեմ ուղղված որեւէ գործողություն չի կարող ծավալել: Ոչ բարեկամական պետության դեմ նման գործողությունների ձեռնարկման մասին որոշումը, որպես կանոն, կայացվում է բարձր մակարդակներում՝ կամ երկրի ղեկավարի կամ նրա մերձավոր շրջապատի կողմից: Եթե այդ մարդիկ, ովքեր այսօր խոսում են Ռուսաստանի՝ Հայաստանի դեմ ուղղված գործողությունների մասին, հետագայում էլ նման անհեթեթություն հայտարարեն եւ Ռուսական հատուկ ծառայություններին մեղադրեն Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու մեջ, թող քաջություն ունենան Հայաստանի դեմ ուղղված գործողությունների մեջ մեղադրել ոչ թե միֆական հատուկ ծառայությունների, այլ՝ Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը»: Օ.Յունոշեւը հիշեցրեց «27»-ի ահաբեկչական գործողությունից հետո Ռուսաստանի վերաբերմունքը դրան. «Այն ժամանակ Վլ.Պուտինը հայտարարեց, որ ՀՀ ԱԺ-ում գնդակահարվել են Ռուսաստանի մտերմագույն բարեկամները: Որքան ես գիտեմ՝ 99-ից հետո նրա այդ տեսակետը չի փոխվել, եւ ես վստահ եմ, որ Ռուսաստանը շահագրգիռ է, որ ամբողջ աշխարհում մեր երկրի բարեկամներին որքան հնարավոր է քիչ սպանեն, իսկ եթե դա նույնիսկ պատահել է՝ մարդասպանները պատժվեն»: Ռուս փաստաբանը հավաստեց, թե ՌԴ-ում եւ մասնավորապես ռուսական ԶԼՄ-ներում «27»-ի դատաքննությանը մեծ տեղ եւ ուշադրություն է հատկացվում: «Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանի եւ իմ հարաբերություններին: Մամուլը նաեւ դրան է անդրադարձել: Դա գաղտնիք չէ. մեկ եւ կես տարի առաջ, երբ ես որոշում ընդունեցի՝ գալ Հայաստան եւ մասնակցել «27»-ի դատավարությանը, հասկանում էի, որ գալու եմ երկար ժամանակով: Ես չէի կարող չծանոթանալ այն մարդկանց հետ, ում հետ Հայաստանում գործ էի ունենալու, ում հետ աշխատելու էի այդ ընթացքում: Այն անձանցից մեկը, որոնց հետ ես Մոսկվայում ծանոթացա, եւ քննարկեցինք իմ Հայաստան գալու հարցերը, Վ. Հարությունյանն էր: Ես գիտեի, որ նա ՀՀ պաշտպանության նախկին նախարարն է: Պարզվեց, որ ես եւ նա մասնավորապես ՌԴ ՊՆ նախկին ղեկավարության շրջանակներից ընդհանուր շատ ծանոթներ ունենք եւ, բնականաբար, նրա մասին որոշակի տեղեկանք հավաքելուց հետո, որն, ի դեպ, բավական դրական էր, ես եկա Հայաստան եւ այսօր բավական լավ հարաբերություններ ունեմ Վ.Հարությունյանի հետ»: Անդրադառնալով «27»-ի ընթացող դատավարությանը, փաստաբանը վստահեցրեց, թե իր որեւէ միջնորդություն, հարցադրում դատարանում ամենեւին էլ պատահական եւ ժամանակավրեպ չէ: «Պատահական չէր, որ ես դատարանում հարց բարձրացրի, թե ով է հրավիրել «Ալֆա» ջոկատը, ինչ խնդիրներ են առաջադրվել, երբ նա եկել է Հայաստան, որովհետեւ այդ առնչությամբ մի քանի վարկածներ կան, թե «Ալֆան» հրավիրվել է հատկապես այն բանի համար, որպեսզի ահաբեկիչները ոչնչացվեն ուրիշի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքով եւ հետո ամբողջ պատասխանատվությունը բարդեն ռուսական ծառայությունների՝ Ռուսաստանի վրա: Ես սկզբից դրան վերաբերվում էի՝ որպես ստուգման ենթակա վարկածի, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում դատարանում, ինձ համոզում է, որ, այնուամենայնիվ, դա պատահական չի եղել: Ոչ ոք, այդ թվում՝ ԱԱՆ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը, չի կարողանում պատասխանել, թե ով է կանչել «Ալֆա» ջոկատն ու ինչու: Նա միայն հստակ ասում է, որ իր եւ ՀՀ նախագահի հանդիպման ժամանակ վերջինս տրամադրված է եղել պրոբլեմը լուծելու: Ահաբեկչությունից երեք տարի է անցել, բայց Գ.Գրիգորյանը չի հետաքրքրվել, թե ով է ռուսական ջոկատին հրավիրել»,- նշեց Օ.Յունոշեւը: Նա կարծիք հայտնեց, թե «27»-ին ԱԺ-ում տեղի ունեցածի մասնավորապես այդ դրվագի մասին ճիշտ կլինի իրականությունը հիմա ասել»,- եւ ավելացրեց, թե ինքն արդեն դիմել է ռուսական փորձված մասնագետների, այդ թվում՝ Հատուկ ծառայություններում եւ ռուսական «Ալֆայում» ծառայած մարդկանց, որոնք տեղեկանք կներկայացնեն այդ ջոկատի գործողությունների վերաբերյալ, եւ եզրակացությունը «27»-ի դատավարության ժամանակ կառաջարկվի հրապարակել: «Հույս եմ հայտնում, որ դատարանն այս անգամ դրա հետ չի վարվի այնպես, ինչպես եղավ տեսաերիզների փորձաքննության եւ դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Գալյաշինայի հետ կապված միջնորդության դեպքում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել