Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ

Հուլիս 09,2002 00:00

ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՈՒԻՄԲԼԴՈՆՈՒՄ Այն, ինչ Լոնդոնում անցկացված պրոֆեսիոնալ թենիսիստների Ուիմբլդոնյան մրցաշարում արեց արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, բառիս իսկական իմաստով, մարզական սխրանք էր։ Արդեն հարյուր տարի Ուիմբլդոնի կորտերում հանդես գալը մեծ ռակետի վարպետների համար երազանք է ու միայն մասնակցության իրավունք ստանալն արդեն իսկ մեծ պատիվ է համարվում։ Այդքան մեծ է Անգլիայի բաց առաջնության հեղինակությունը։ Եվ շատ քչերին է հաջողվել առաջին կամ երկրորդ անգամից հաղթահարել նախնական արգելքները, հատել մրցաշարի միջնամասը, առավել եւս, պայքարը շարունակել վերջնամասում։ Դավիթ Նալբանդյանը հենց այն երջանիկներից է, ով մեծահասակների մրցաշարում տղամարդկանց մենախաղերում հասավ մինչեւ եզրափակիչ ու միայն հաղթողի համար վճռորոշ հանդիպումում զիջեց անհամեմատ ավելի ուժեղ մրցակցին՝ ավստրալացի Լեյթոն Հյուիթին։ Լոնդոնում Դավիթին հերթականությամբ անձնատուր եղան Դ. Սանչեսը (Իսպանիա), Պոլ-Անրի Մաթյեն (Ֆրանսիա), Ժորժ Բասլը (Շվեյցարիա), Ուեյն Արթուրսը (Ավստրալիա), 1/4 եզրափակիչում՝ Նիկոլաս Լապենտին (Էկվադոր), 1/2 եզրափակիչում՝ Կսավյե Մալիսը (Բելգիա)։ Եզրափակիչում Դ. Նալբանդյանին անչափ լուրջ «քննություն» էր սպասում։ Բավական է ասել, որ նրա մրցակիցը ATP-ի վարկանիշային ցուցակը գլխավորող Լեյթոն Հյուիթն էր, թենիսիստ, որին վերջին մի քանի տարում անվերապահորեն ընդունում ու գնահատում են մեծ ռակետի աշխարհի բոլոր ուժեղագույն, պրոֆեսիոնալ վարպետները։ Նալբանդյանը պարտվեց 1։6, 3։6, 2։6 հաշվով ու դժվար է ասել, թե դա թենիսիստների վարպետության մակարդակների կտրուկ տարբերությո՞ւն, թե՞ պակաս փորձառու մեր հայրենակցի հուզմունքի ու պայքարին հոգեբանորեն պատրաստ չլինելու հետեւանք էր։ Հավանաբար՝ թե մեկը, թե մյուսը։ Ինչ էլ լինի, Դավիթ Նալբանդյանը իսկական սենսացիայի հեղինակ եւ Ուիմբլդոնյան մրցաշարի հայտնությունը դարձավ։ Արտասահմանյան լրատվամիջոցները Դավիթի մասին գրում են, որ նա մտավ թենիսի պատմության մեջ։ Նա առաջին թենիսիստն է, որ հիմնական մրցաշարում նորամուտ կատարելով, հասավ եզրափակիչ։ Միեւնույն ժամանակ դարձավ նաեւ Արգենտինայի առաջին ներկայացուցիչ, որ Ուիմբլդոնում հանդես եկավ եզրափակիչում։ Ի դեպ, Նալբանդյան-Հյուիթ եզրափակիչը Ուիմբլդոնի վերջին 15 տարիների ամենաերիտասարդ զույգն էր։ Դավիթը 20 տարեկան է, Լեյթոնը՝ 21։ Եվ վերջում հայազգի թենիսիստի եւս մի «ռեկորդի» մասին, որ չեն մոռանում վիճակագիրները։ Երեք տարի առաջ մտնելով Ուիմբլդոնի երիտասարդական մրցաշարի եզրափակիչ, Դավիթը չներկայացավ վճռորոշ խաղին, քանի որ խառնել էր ժամանակը։ Հայ մարզասերներին կհետաքրքրի նաեւ, որ Ուիմբլդոնում հանդես էին գալիս նաեւ հայազգի այլ թենիսիստներ՝ Անդրե Աղասին (ԱՄՆ), Սարգիս Սարգսյանը (Հայաստան) եւ Մարի-Գայան Միքայելյանը (Շվեյցարիա), որոնք տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից։ Ուիմբլդոնից անմիջապես հետո Թենիսի միջազգային ֆեդերացիան հրապարակեց վարկանիշային դասակարգման նոր ցուցակը։ Անդրե Աղասին նահանջել է 3-րդ հորիզոնական, իսկ ահա Դավիթ Նալբանդյանը 28-րդից բարձրացել է 11-րդ տեղ։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել