Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեզոնային նամակներ»

Հուլիս 09,2002 00:00

«Սեզոնային նամակներ» Կրթության եւ գիտության նախարարությունը թերեւս այն միակ գերատեսչությունն է, որի ստացած դիմում-նամակները «սեզոնային» բնույթ են կրում։ Երկար տարիներ աշխատելով համակարգում՝ այս օրինաչափությունն արձանագրել է նախարարության նամակների բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանը։ Օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի սկզբում դիմում-նամակները հիմնականում լինում են բուհերի ուսանողներից՝ ուսման վարձը զեղչելու կամ այդ վարձից ազատելու խնդրանքով։ Ուսուցիչները սովորաբար այս շրջանում բողոքում են, որ դպրոցի տնօրենը դասաժամերը արդարացի չի բաշխել եւ իրենց քիչ ժամեր է հատկացրել։ Ծնողները նամակներում բողոքում են, որ իրենց առջեւ խոչընդոտներ են հարուցում երեխաներին դպրոցից դպրոց տեղափոխելու կամ դպրոց ընդունելության հարցում։ Դիմորդները բողոքում են ընդունելության քննությունների արդյունքներից կամ դիմում՝ թափուր տեղերի առկայության դեպքում իրենց որեւէ բուհում տեղավորելու խնդրանքով։ Հունվար-փետրվար ամիսներին եւ մայիս-հունիսին շատ են նամակները բուհերի ընթացիկ քննությունների առնչությամբ։ Ընդհանրապես ԿԳ նախարարության նամակների բաժնում, որտեղ հաշվառվում են քաղաքացիներից ստացված բոլոր դիմում-բողոքները, նամակները, վիճակագրական հստակ տվյալներ կան դրանց թեմայի, արծարծված հարցերին տրված լուծումների եւ նաեւ այն մասին, թե այդ նամակներից քանիսը ԿԳՆ-ի որ վարչությանն է ուղղված։ Այս առումով առաջին տեղում բուհերի վարչությունն է, որին ուղղված նամակներն իրենց թվով զգալիորեն գերազանցում են մյուսներին։ Իսկ թեմատիկ առումով ամենամեծ թվով նամակները ուսման վարձերին են առնչվում։ 2001թ. ընթացքում քաղաքացիներից ԿԳՆ-ն ստացել է 1752 դիմում (2000թ. այդ թիվն ավելի մեծ է եղել՝ 2610), որից 439-ը ուսման վարձերի մասին է՝ թեեւ ուսման վարձերից ազատելու կամ այն զեղչելու իրավունքը միայն բուհերինն է, եւ ԿԳՆ-ն էլ սովորաբար հենց նրանց է հասցեագրում այդ նամակները։ 216 դիմում է եղել բուհերի ընթացիկ քննությունների, բուհից բուհ տեղափոխությունների եւ 136 դիմում էլ՝ բուհ ընդունվելու առնչությամբ։ 2001թ. ընթացքում քիչ չեն եղել (210 դիմում) նաեւ դպրոց ընդունվելու, էքստեռն քննություններին եւ մեդալին առնչվող նամակները, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների քննությունների առնչությամբ 93 դիմում է ստացվել։ Մանկավարժներից ստացած նամակների թիվը 173 է եւ դրանցում հիմնականում արծարծվում են աշխատանքային հարցեր՝ ուսպլանի, դասաժամերի սխալ բաշխման, աշխատանքից ազատելու հետ կապված եւ այլն։ Շուրջ յոթ տասնյակի են հասնում այն նամակները, որտեղ քաղաքացիները բողոքում են կրթական համակարգի այս կամ այն պաշտոնյայից՝ դասախոսից, մանկավարժից, դպրոցի տնօրենից եւ այլն։ Գիտության թեմայով նամակները հիմնականում թեմատիկ ֆինանսավորմանն են առնչվում. 44 նման նամակ է ստացվել անցյալ տարի։ 85 դիմում էլ ստացվել է սոցիալական բնույթի՝ բնակարանային խնդրի լուծման, ԿԳՆ-ի ենթակայության հանրակացարանում սենյակ հատկացնելու խնդրանքով։ Ընդ որում՝ դիմում են ոչ միայն մանկավարժներն ու ուսանողները, այլեւ սոցիալապես անապահով մարդիկ, փախստականներ։ Լինում են նաեւ նամակ-առաջարկներ՝ դասագրքերի, ուսումնական առարկաների եւ ծրագրերի, ուսուցման գործընթացի, մանկավարժական մեթոդների եւ այլնի առնչությամբ։ Այս բնույթի նամակները համեմատաբար քիչ են. նախորդ տարի 34 նման դիմում է եղել միայն։ Եթե ըստ վարչությունների վիճակագրական պատկերը նայենք, ապա ամենամեծ թվով դիմում-նամակները 2001թ. ընթացքում ստացել է բուհերի վարչությունը՝ 679 դիմում։ Հանրակրթության վարչությունը ստացել է 240 դիմում, գիտությանը՝ 78, գործերի քարտուղարությունը՝ 102, իսկ իրավաբանական վարչությունը՝ 138 դիմում։ Նամակների բաժնի պետ Գյուլնարա Հովհաննիսյանի հավաստմամբ, բոլոր նամակներին ժամանակին պատասխանում են։ 2001թ. ընթացքում ստացված 1752 նամակներից 2002թ. հունվարի 4-ի դրությամբ (մինչեւ հունվարի չորսը գերատեսչությունների նամակների բաժնի պետերը պարտավոր են զեկուցագիր ներկայացնել ստացված նամակների առնչությամբ) պատասխան են ստացել 1462-ը։ Մնացած նամակների պատասխանները տրվել են հունվարի չորսից հետո։ 2001թ. ընթացքում պատասխանված 1462 նամակներից 625-ում արծարծված հարցը ստացել է դրական լուծում, 608-ին տրվել է բացասական պատասխան, 99-ին՝ բացատրական նամակ, քանի որ հարցի լուծման համար սխալ հասցեով են դիմել եւ պատասխանում պարզաբանվել է, թե որտեղ պետք է դիմեն պատասխան ստանալու համար։ Իսկ 383 նամակ էլ վերահասցեագրվել է ԿԳՆ-ի ենթակա կազմակերպություններին, որոնք եւ իրավասու են եղել նամակում արծարծված հարցին լուծում տալ։ Իսկ 2002թ. հունվարի 4-ից մայիսի 14-ը ԿԳՆ-ն ստացել է 678 դիմում, որից 620-ին արդեն պատասխանել են։ Դրանցից 174-ը եղել է ուսման վարձերի, 154-ը՝ բուհերի ընթացիկ քննությունների, տեղափոխությունների, 105-ը՝ աշխատանքի ընդունման ու ազատման խնդիրների, 37-ը՝ գիտական թեմաների ֆինանսավորման, իսկ 22-ը՝ սոցիալական հարցերի առնչությամբ։ Այդ 620 նամակից 157-ին տրվել է բացասական, 246-ին՝ դրական պատասխան։ 167 դիմում վերահասցեագրվել է տվյալ հարցի համար պատասխանատու կազմակերպության, իսկ 23-ին տրվել է պարզաբանում, որ ԿԳՆ-ն այդ հարցով չի զբաղվում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել