Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալիքները որևէ հիմք չունեին

Հուլիս 09,2002 00:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատարան էին ներկայացել տուժողներ Աղվան Վարդանյանն ու Մարտուն Մաթեւոսյանը։ Տեղեկացնենք պարզապես, որ Ա. Վարդանյանն ունի իր շահերի ներկայացուցիչ-փաստաբանը (Ռուբեն Սահակյան) եւ այս կապակցությամբ նույնիսկ հայտնեց, թե «եթե համաձայնություն չունենայի Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, Ռ. Սահակյանին չէի ընտրի»։ Այս տուժողներն էլ հայցային պահանջ չներկայացրին դատարանին։ Իսկ ահա ամբաստանյալ Կարեն Հունանյանը հանդես եկավ միջնորդությամբ։

Նա միջնորդեց, որ իրեն տրամադրվեն եւ քրեական գործին կցվեն 18 դիմումների պատճենները (2000թ. հուլիսից 2001թ. մեկուսարանից ուղարկված)։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, ամբաստանյալը վկայակոչելով տուժող Դավիթ Զադոյանի հուլիսի 3-ի դատաքննական ցուցմունքը (կապված Վ. Շիրխանյանին ամբաստանյալի զանգի եւ բանակցելու հրավերի հետ), ասաց. «Զանգահարել է Շիրխանյանը եւ առաջարկել բանակցել»։ Մեկ այլ տուժողի՝ Գագիկ Թադեւոսյանին էլ վկայակոչելով (որը պատմել էր. «Քանի որ կանգնած էի սեղանի մոտ, հնչեց հեռախոսը, Նաիրին ինձ ասաց, որ վերցնեմ լսափողը։ Ես վերցրեցի. Շիրխանյանն էր։ Նա հարցրեց, թե ո՞վ է, ես ասացի՝ Թադեւոսյանն է։ Նա հարցրեց. բացի առաջին սպանվածներից, նոր սպանություններ, ես ասացի՝ ոչ, եւ լսափողը մեկնեցի Նաիրիին»), ամբաստանյալը հարցրեց. «Եթե իրոք Շիրխանյանն այդպես էր ասել, ապա ակնհայտ է, որ Շիրխանյանը կեղծ տեղեկություններ է տարածել, իր գործողությունները փորձել վերագրել ինձ՝ քողարկելու համար իրողությունը։ Ի՞նչ նպատակով է կեղծում Շիրխանյանը, թողնում եմ իրեն»։

Ամբաստանյալը համաձայն չէր նաեւ Գալուստ Սահակյանի դատաքննական ցուցմունքի հետ էլ, հիշեցնելով ու վկայակոչելով բժիշկների հետ կայացած խոսակցությունը (ձայներիզից մի հատված մեջբերելով)։ Խոսքը գնացել էր փակված փողոցով բժիշկների ԱԺ նիստերի դահլիճ գալու մասին։ Տուժողներ Աղվան Վարդանյանը եւ Մարտուն Մաթեւոսյանը նկարագրեցին ահաբեկիչների դահլիճ մտնելն այնպես, ինչպես մյուսներն են տեսել։ Նույն հանկարծակիությունն է եղել, նույն՝ «պառկել» հրահանգը։ Ըստ տուժող Ա. Վարդանյանի, այդ սպանություններով սասանվել էր պետականության հիմքերը, իսկ ըստ տուժող Մ. Մաթեւոսյանի, կատարվածը հերթական դավաճանությունն էր երկրին, որը դեռ երկար ժամանակ ժողովուրդը չի կարողանա մարսել։

Տուժող Ա. Վարդանյանը հիշեց, որ սպանություններից հետո Ն. Հունանյանը հեռախոսով փորձել է կապվել Ռազմիկ անունով մեկի հետ, Մ. Մաթեւոսյանը պնդեց, որ ահաբեկիչների պարագլուխն իրեն դիմելով (ասեց, որ չէր ճանաչել Ն. Հունանյանին) իր ձեռքի հեռախոսով փորձել էր կապվել Հրանտ Մարգարյանի հետ։ «Տղաներին հավաքեք-եկեք»,- լսել էր տուժողը։ Թե ինչո՞ւ էր հեռախոսը տրամադրել ահաբեկչին, տուժող Մ. Մաթեւոսյանը բացատրեց այսպես. «Թվում էր՝ հերոսություն եմ անում, որ դրսին հասկացնում էինք, թե ինչ է կատարվում»։ Ի դեպ, մեղադրողներին հետաքրքրում էր ահաբեկչի բարյացակամ վերաբերմունքը ՀՅԴ անդամների նկատմամբ։ Ա. Վարդանյանը ժխտեց, թե բարեհաճ վերաբերմունք չի արձանագրել։ Իսկ երբ պատասխանեց ԱԺ հանգուցյալ փոխնախագահի կնոջ՝ Անահիտ Բախշյանի հարցին, թե «Ձեզ հետ հեշտ էին հաղորդակցվում ամբաստանյալները։

Թշնամի չեն տեսել ձեր մեջ։ Արդյոք դեր չունե՞ր, որ դաշնակցական էիք, նրանք էլ՝ նախկին», Ա. Վարդանյանը պատասխանեց. «Համաձայն չեմ, թե կատարվածը «Միասնության» դեմ էր։ Ուղղված էր պետականության դեմ… Նշանակություն ունեցել է այն, որ լրատվության մեջ շատ-շատերի հետ եմ շփվել, կուսակցության մեջ եմ եղել»։ Ավելի սահմռկեցուցիչ էր տուժողի իրավահաջորդի հետեւությունը. «Ահաբեկիչը ձեզ էլ է ճանաչել, իմ ամուսնուն էլ։ Իմ ամուսնուն սպանեց, ձեզ՝ վստահեց»։ Տուժողը նկատեց, որ մինչեւ այսօր էլ փորձ է արվում կուսակցության անունը շահարկել եւ միշտ էլ «կգտնվեն լրատվամիջոցներ», որոնք կմասնակցեն շահարկմանը (հետաքրքիր է, խոսքը ի՞նչ շահարկման եւ ո՞ր լրատվամիջոցներին էր վերաբերում)։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հնարավոր աջակցության մասին հարցին, տուժող Ա. Վարդանյանը բացառեց, ասելով. «Չեմ պատկերացնում որեւէ նորմալ մարդու, առավել՝ քաղաքական ուժի, որ գնար։ Դա անհեթեթություն է։ Ակնկալիքները որեւէ հիմք չունեին»։ Իսկ Մ. Մաթեւոսյանի կարծիքն այսպիսին էր. «Չգիտեմ իր քաղաքական մտահոգությունն ինչքան է։ Առնվազն միամտություն կլիներ, որ ժողովուրդը կգա, երբ սպանված էին Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, Յու. Բախշյանը…»։

Հաջորդ նիստին դատարան կներկայանա տուժող Սուրեն Աբրահամյանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031