Հայ մարմնավաճառուհին՝ Ստամբուլում «Էնտեղ կնոջը հարգում են եւ որեւէ վատ բան չեն անի» «Տհաճ է, որ մի մարդուն չհավանելով մտնում եմ տեղաշոր: 50-ից 2-ն է լինում, որ ուզում եմ»,- ասում է 25-ամյա Մոնան (կեղծանունն է), որ երրորդ տարին Ստամբուլում մարմնավաճառությամբ փող է աշխատում: ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանը մտնում է այն 19 երկրների մեջ, որտեղ կանանց վաճառքով են զբաղվում: Մոնան տեղյակ չի այդ զեկույցին եւ չի ճանաչում որեւէ հայ մարմնավաճառուհու, որ մարմինը կամքին հակառակ վաճառեն: Ոչ ոք չի ստիպել նրան իր մոտ 600 հաճախորդներին սեռական ծառայություն մատուցել: Ամեն ինչ անում է իր կամքով։ Մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել չորս տարի առաջ Երեւանում։ Սկզբում մատակարարել է աղջիկներ բարձրաստիճան պաշտոնյաներին ու գողական հեղինակություններին. «Օրական մի 50 դոլար փող ունեի»: Զուգահեռ զբաղվել է առեւտրով: Աղջիկների մատնությամբ 2 անգամ իրավապահները նրա գործունեությունը բացահայտել են ու կավատության մեղադրանքով դատել: 2000 դոլար կաշառքով ազատվել է բանտից. «Ուրիշի փողը մեկ ա չես ուտի, հարամ ա»: Մեկընդմիշտ հրաժարվում է աղջիկներ մատակարարելուց ու զբաղվում միայն սեփական մարմնի վաճառքով: «Էստեղ ավելի վտանգավոր է մեր գործը, քան էնտեղ»,- hամեմատելով մարմնավաճառի աշխատանքը Երեւանում ու Ստամբուլում՝ ասում է նա։ Ստամբուլում վարձում է հյուրանոցում սենյակ, որտեղից նրան տանում են հաճախորդները. «Հազար տարի սոված սատկեմ, դուսը չեմ կանգնի»։ Ամեն սեռական ծառայության համար աշխատում է 50 դոլար։ Լինում են դեպքեր, երբ ավելի բարձր է վարձատրվում։ «Էստեղ ժամերով գին են գցում։ Ստամբուլում տենց բան չկա. ասում ես էսքան՝ էլ բազար չի անում»։ Ովքեր հաճախորդի հետ դիսկոտեկա են գնում, վարձատրվում են 100 դոլար։ Սակայն դա ռիսկի հետ է կապված. թուրք ոստիկանները դիսկոտեկներում պարբերաբար «ռեյդեր» են անում ու պոռնիկներին «դեպորտ» անում՝ դուրս հանում երկրից։ Հետո աղջիկների համար Թուրքիա վերադառնալը շատ դժվար է լինում։ Ամենաբարձր գինը Թուրքիայի ծովեզրին է՝ 200-300 դոլար։ «Ես էնտեղ չեմ աշխատել։ Լեզու չգիտեմ։ Տուրիստների հետ աշխատելու համար անգլերեն է պետք իմանալ»։ Հասցրել է սովորել միայն թուրքերեն։ Բայց ծովափում եղել է. հյուրանոցի տերերը, որոնց հետ մտերմացել է, իրենց հաշվին 5 օրով Մոնային հրավիրել են ծովափ հանգստանալու։ Այստեղ հիմնականում ռուս աղջիկներ են աշխատում։ Վրաստանի սահմանի ծովափնյա հատվածում շատ են ադրբեջանուհի ու վրացուհի մարմնավաճառները։ Ստամբուլ Մոնան մեկնում է մենակ։ Ինքն է իր գլխի տերը ու աշխատում է առանց կավատի հովանավորության։ Ունի ծանոթներ, որոնք հաճախորդ են ապահովում. «Իրենց մոտ տպավորություն է, որ հայերը նամուսով են, ու որ իմանում են հայ եմ, շատ են զարմանում»։ Որ թուրքերը հայերին ցեղասպանության են ենթարկել՝ բոլորովին չի խանգարում Մոնային, որ թուրքերին սեռական ծառայություն մատուցի. «Ես նայում եմ, որ ինձ լավ լինի։ Բացարձակապես չի հետաքրքրում հայկական հա՜րց, թուրքական հա՜րց»։ Ստամբուլի հաճախորդը անհամեմատ գերադասելի է հայաստանցի հաճախորդից. «Էնտեղ կնոջը հարգում են ու որեւէ վատ բան չեն անի։ Իսկ հայ տղաները իրենց ուզածը պարտադրում են ու ճնշում»։ Հաճախորդները միշտ ապահովիչ են օգտագործում. «Իրանք ահավոր վախկոտ են ու իրանց առողջության մասին շատ են մտածում»։ Եթե որեւէ մեկը հրաժարվի ապահովիչից, ինքը չի հրաժարվի ծառայություն մատուցելուց. «Եթե չկասկածեմ, կթողնեմ առանց պրեզերվատիվի»: Ամսական մոտ 1500 դոլար աշխատած փողով ութ տարեկան աղջկա հոգսերն է հոգում, հնուց մնացած պարտքերը փակում ու տան վարձ տալիս։ Երբեք չի լսել, որ պարտադրանքով հայ աղջիկներին բերեն Թուրքիա ու ստիպեն աշխատել։ Տեղյակ է, որ նման դեպքեր եղել են ռուս աղջիկների հետ։ Նաեւ լսել է, որ հայ աղջիկները խաբեությամբ տարվել են Դուբայ ու ճնշման տակ զբաղվել են պոռնկությամբ։ Սակայն այդպիսի խաբվածի ինքը չի ճանաչում։ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ www.hahr.am