Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԹՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է

Հուլիս 09,2002 00:00

ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԹՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է «Այս հաջողությունը (հարկային մուտքերի աճը) վերագրում եմ տնտեսության զարգացմանը, կառավարությանը եւ հանրապետության նախագահի ամենամսյա, ամենօրյա աշխատանքին»,- երեկվա իր ասուլիսում կառավարության անդամների վերջին շրջանի «բացը» լրացրեց պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը։ Իսկ այդ «բացն» այն է, որ տնտեսության տարբեր բնագավառների աճի ու հաջողության մասին հանրությանը հայտնելիս, ինչպես լրագրողներից մեկն էր նկատել, կառավարության ներկայացուցիչները «մոռանում» էին նշել դրանում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի անուրանալի դերը։ Այս «մոռացկոտությունն» ուշադրության արժանի էր դառնում հատկապես իշխանության ամենավերին օղակներում ուրվագծվող շահումների բախման եւ երկփեղկման (գուցե միտումնավոր տարածված) լուրերի համատեքստում։ Ամեն դեպքում, եթե նման երկփեղկում էլ կա, ապա ընդունված է Երվանդ Զախարյանին հանրապետության նախագահի «թիմի» մարդ համարել։ Նախարարն ընդգծեց նաեւ ԱԺ-ի (օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններին ընդառաջելու համար) եւ համակարգի աշխատողների դերը։ Լրացավ Ե. Զախարյանի պաշտոնավարման 1 տարին, որը նախարարը նշանավորում է մուտքերի կատարմամբ։ Ըստ պարոն Զախարյանի, գրանցվել է ոչ միայն տնտեսության, ՀՆԱ-ի, այլեւ առանձին հարկատեսակների կատարման տոկոսի աճ։ Հարկ է նկատել, սակայն, որ այս կիսամյակի պլանը հնարավոր է եղել ապահովել դարձյալ անուղղակի հարկատեսակների միջոցով (ԱԱՀ, ակցիզային, տուրքեր)։ Իսկ ուղղակի հարկատեսակները, որոնք էլ վկայում են տնտեսության աճի մասին, թեեւ ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բայց դեռեւս 100%-ի չեն հասնում. շահութահարկը կատարվել է 76 %-ով, եկամտահարկը՝ 88%-ով։ Նախարարի նախնական հաշվարկներով, սպասվում է նաեւ 10-11% ՀՆԱ-ի աճ, որի միայն 30-35%-ն է առաջացնում հարկային մուտքեր։ Իսկ մնացածը հարկային մուտքեր չեն ենթադրում, որովհետեւ ՀՆԱ-ի աճն արձանագրվում է ճանապարհաշինության հաշվին, որը կառուցվում է հարկային պարտավորություններից ազատված Լինսի հիմնադրամով։ Ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքների, արտասահմանյան ներդրումների (շահութահարկի 50%-ով են հարկվում միայն), թանկարժեք քարերի վերամշակման հաշվին, որոնք նույնպես ազատված են հարկերից։ «Այսպիսով, ՀՆԱ-ի 30-35%-ը բերում է 6 մլրդ հարկային մուտք։ Մնացածը հիմնականում ստվերից բերված հարկային մուտքերն են ու վարչարարության հետեւանքները»,- ամփոփեց նախարարը, նշելով, որ «միեւնույն է, ստվերը 40%-ից չի իջնում։ 60-70 մլրդ դրամ կա ստվերում»։ Ուշագրավ է, որ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ պետական գերատեսչությունների պաշտոնական տվյալները հակասությունների մեջ են։ Հարցին, թե ինչպես է բացատրում այն հանգամանքը, որ չնայած ՀՆԱ-ի 10% աճին, պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակչության իրական տնօրինվող եկամուտներն աճել են ընդամենը 1,3%-ով, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Այդ թիվը չգիտեմ, բայց որ հանրապետությունում կա տնտեսական աճ, թաքցնելու բան չի։ Հարկային եկամուտների աճը 23,4% է… Այդ աճը երկրորդ կիսամյակում ազդեցություն կունենա նաեւ Ձեր նշած ոլորտում»։ Իսկ ստվերի կրճատման մասին վերջին տարիներին հավաստել են գրեթե բոլոր հնարավոր նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, բայց Ե. Զախարյանի հաշվարկներով, միեւնույն է, «ստվերը 40%-ից չի իջնում»։ Նախարարը այս թիվը տարածում է նաեւ օտարերկրյա ներդրումների վրա։ Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ՊԵ նախարարն ասաց. «Չգիտեմ՝ նախկին նախարարներն ինչ են ասել, բայց իմ հայտարարած թվերի համար պատասխանատու եմ եւ կարող եմ ապացուցել, որ աճել են ստվերի կրճատման հաշվին»։ Հետեւեց մեկ այլ հարց՝ «հիմա տնտեսությո՞ւնն է աճել, թե՞ ստվերն է կրճատվել»։ Ըստ պարոն Զախարյանի, եթե ընդհանուր աճի 30%-ը ՀՆԱ-ն է ապահովել, ուրեմն տնտեսության աճ կա։ Ոչ մի կերպ առաջ չեն գնում էներգետիկները։ 2002թ. հունվարի 1-ի դրությամբ նրանք 6,5 մլրդ դրամի ապառք են ունեցել։ Ու չնայած առաջին կիսամյակում նրանք 9 մլրդ 163 մլն դրամի մուտք են ապահովել, բայց ապառքի չափը դրանից չի փոխվել։ Հաշվի առնելով էներգետիկայի ծանր վիճակը, նախարարը 9 մլրդ 163 մլն-ն բավարար է համարում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել