ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ Երեկ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբանը վերաքննիչ դատարանում ընթացող դատաքննության ժամանակ միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքների առանձին դրվագներով անցնող մի քանի տուժողների՝ Գեորգի Գրիգորյան, Միսակ Մկրտչյան, Գագիկ Մկրտչյան, վկա Հարություն Գրիգորյան («Շեյթան» մականունով ՆԳ գործակալ), որոնց ցուցմունքներն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում հակասական են եղել, բայցեւ արտացոլվել են առաջին ատյանի դատավճռում՝ իբրեւ Մ.Սաղաթելյանի մեղքն ապացուցող փաստարկներ: Միեւնույն ժամանակ, ըստ փաստաբան Ռ.Գրիգորյանի, նրանց ցուցմունքները վերաքննիչում կարող են էական նշանակություն ունենալ դատաքննության արդյունքի տեսանկյունից: Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, ըստ էության, խուսափեց վերոհիշյալ անձանց վերստին հարցաքննելուց եւ, տուրք տալով մեղադրող Կ.Փիլոյանի առարկությանը, մերժեց փաստաբանի միջնորդությունը: Վերջինս այդ առնչությամբ նկատեց. «Իմ միջնորդության մերժումը հիմնավոր չէր, քանի որ ես նշել էի, թե ինչու եմ կարեւորում նրանց հարցաքննությունն արդեն վերաքննիչ դատարանում: Դատարանը՝ մերժելով առկա հակասությունները հստակեցնելու հնարավորությունը, իր համար ընտրության հնարավորություն ստեղծեց եւ այդ հարցում անորոշություն մտցրեց՝ տեղ թողնելով հետագայում այդ հակասություններն ըստ անհրաժեշտության արժանահավատ կամ անարժանահավատ գնահատելու համար՝ առանց տուժողողներին լսելու եւ առկա հակասություները վերջնականապես հստակեցնելու»: Այդ ոճով եւ քրգործի մանրամասները միայն հպանցիկ ու մակերեսայնորեն քննելու պարագայում վերաքննիչը կարող է առավելագույնը կրկնել առաջին ատյանի դատավճիռը: Իսկ գուցե դատավոր Ս.Ավետիսյանից հենց այդ էլ պահանջվո՞ւմ է: Ն. Մ.