ԷԴՊԵՍ ՉԻ ՄՆԱ «Առավոտին» տված հարցազրույցում նախարար Անդրանիկ Մանուկյանը, պատասխանելով ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առնչվող հարցին, մասնավորապես ասել էր, թե Մուշեղ Սաղաթելյանն իր ընկերների «քաշվածն» է։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն այս մտքին հակադարձելով, ասաց. «Թե ո՞վ է քաշված, ո՞վ է տուժված, նախ պետք է պարզել։ Դիրքն ու մարդու վիճակը ժամանակավոր եւ հարաբերական վիճակ է։ Այսօր Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալված է, բայց հարգանք է վայելում հասարակության մեջ իր սկզբունքայնության համար, Անդրանիկ Մանուկյանը նախարար է եւ տնտեսապես շատ լավ վիճակում է գտնվում, բայց համապատասխան հարգանք եւ հեղինակություն չի կարող ունենալ։ Դրանք ժամանակավոր բնույթ են կրում, նայած թե ով ինչ արժեքներով է առաջնորդվում։ Ինչ վերաբերում է Մուշեղ Սաղաթելյանի ներկա վիճակին, բնականաբար, նրա հանդեպ իրականացվել է քաղաքական հետապնդում։ Մուշեղ Սաղաթելյանը փորձում էր իր հնարավորության սահմաններում օժանդակել «27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտմանը, որը չէր բխում իշխանության շահերից։ Հայաստանում արդարադատություն կարող է իրականացվել միայն արդար եւ օրինական իշխանության պայմաններում։ Ե՛վ Մուշեղ Սաղաթելյանի հանդեպ արդար դատավճիռ իրականացնելու հարցը, ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի լիարժեք բացահայտման խնդիրը մենք կապում ենք օրվա իշխանությունից ձերբազատվելու հետ»։ Ալբերտ Բազեյանը կրկնեց հայտնի միտքն այն մասին, որ այս իշխանությունների օրոք գրեթե անհնար է «27»-ի բացահայտումը, որովհետեւ «խնդիրը չի բխում գործող վարչախմբի եւ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի շահերից»։ Մ. Ե.