Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկյան բանտը նախընտրում են Հայաստանում ազատությանը

Հուլիս 09,2002 00:00

Ամերիկյան բանտը նախընտրում են Հայաստանում ազատությանը Իրականությո՞ւն են արդյոք այն պնդումները, թե Կալիֆոռնիայի նահանգի բանտերում 4 հազար հայեր կան, որոնք ունեն հայկական կրթություն։ Հիշեցնենք, որ նման պնդումներ արել էր 1998-ից Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներին փնովելու գործին ամբողջապես (նաեւ՝ իր ստեղծագործությամբ) նվիրված մի մտավորական, որը մինչ այդ լավ մուլտֆիլմեր էր նկարում երեխաների համար։ Ահա այդ մտավորականն՝ արդարացնելու համար, թե ինչու ողջ կյանքն ապրելով Հայաստանում, այդպես էլ չի կարողանում հայերեն մի կապակցված խոսք ասել՝ ինչ-որ տվյալ էր անընդհատ մեջբերում Լոս Անջելեսում բանտարկյալ 4 հազար հայերի մասին, որոնք անխտիր բոլորն ունեն հայկական կրթություն։ Թե որտեղի՞ց այդ տվյալը՝ ռուսախոս հայ մտավորականը չէր մանրամասնում։ Միայն էկրանից բազմանշանակ ասում էր, թե արժե մտածել այդ մասին։ Տվյալն իրոք մտահոգիչ էր, ուստի Վաշինգթոնում հայտնվելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, նաեւ փորձեցինք պարզել նման պնդումների հավաստիությունը։ Հարցին պատասխանեց նախ մեր գլխավոր հյուպատոսը եւ ասաց, որ հստակ վիճակագրություն այս հարցի վերաբերյալ չկա։ Իսկ հայկական կրթությամբ 4 հազար բանտարկյալ հայերի մասին պնդումների առնչությամբ ասաց. «Այդ թվերը, կարծում եմ, օդից են վերցված, որովհետեւ նման տվյալներ չեն հրապարակվում»։ Հարցին պատասխանեց նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, որը որոշակի տեղեկատվության, այնուամենայնիվ, տիրապետում էր. «Լոս Անջելեսի բանտերում մոտ 12 հազար բանտարկյալ կա։ Դրա կեսը իսպանացիներ, մեքսիկացիներ են եւ Լատինական Ամերիկայի այլ ներկայացուցիչներ։ Շատ են նաեւ սեւամորթները։ Եվ մոտավորապես 3 հազարի չափ կան նաեւ նախկին Խորհրդային Միության ներկայացուցիչներ։ Թե նրանցից քանիսն են հայ եւ հատկապես հայաստանցի հայ՝ հայտնի չէ»։ Այս հանգամանքի վրա ուշադրություն էր հրավիրել նաեւ մեր հյուպատոսը, որ ԱՄՆ-ում շատ են Իրանից, Լիբանանից, Եգիպտոսից, Սիրիայից եւ Թուրքիայից ներգաղթած հայերը։ Ուստի, «հայկական կրթությամբ հայերի» մասին խոսելն այս առումով բավական հարաբերական հասկացություն է։ Այսուհանդերձ, պարզ է, որ, մեղմ ասած, ուռճացված տվյալ է 4 հազար հայ բանտարկյալների մասին պնդումը։ Առավել եւս՝ ընդհանրապես տվյալներ չկան նրանց ստացած լեզվական կրթության վերաբերյալ։ Եվ մայրենի լեզվին չտիրապետելն արդարացնելու, հայկական կրթություն ունեցողներին՝ իբրեւ մի քրեական զանգված, իսկ ռուսախոս հայերին՝ որպես «վերին արտի ցորեն» ներկայացնելու ջանքերը (գոնե նման հիմնավորումներով) դատապարտված են։ Ի դեպ, Ամերիկայից օրինակներ բերելու օրինակն աչքի առաջ ունենալով նշեմ, թե հնարավոր չէ ԱՄՆ-ում ապրել եւ անգլերենին չտիրապետել։ Սակայն այս պատմության մեջ մտածելու բան իրոք կա։ Նախկին Խորհրդային Միության ներկայացուցիչ 3 հազար բանտրակյալներից քանիսն էլ հայաստանցի լինեն՝ հազարը կամ երկու հազարը, նրանց համար առավել բնութագրական է մեկ այլ իրողություն։ Այս մասին եւս պատմեց դեսպան Արման Կիրակոսյանը. «Կան որոշակի դեպքեր՝ նախընտրում են ԱՄՆ-ում բանտում մնալ, քան փոխադրվել Հայաստան եւ հայտնվել ազատության մեջ»։ Իսկ թե ինչու է այսպես ստացվել, որ ԱՄՆ-ում բանտարգելությունը գերադասվում է Հայաստանում ազատությունից՝ իրապես հայ մտավորականն այս առումով պիտի որ ասելիք ունենար։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել