Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ

Հուլիս 09,2002 00:00

«Ա1+»-Ի ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ Հունիսի 13-ից հուլիսի 2-ը ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում շատ առիթներ էր լինում զուգահեռներ տանելու, թե նույն գործընթացն ինչպես է իրականացվում Ամերիկայում եւ Հայաստանում։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները թեեւ մտահոգություններ ունեին Հայաստանում խղճի ազատության, ընտրական գործընթացների, նախաքննության փուլում կիրառվող կտտանքների եւ այլ հարցերի վերաբերյալ, բայց որպես առաջնահերթ կարեւորության հարց դիտում էին մամուլի ազատությունը։ Եվ հունիսի 18-ի հանդիպման մի հատվածն իրենց նախաձեռնությամբ հատկացրին «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» ներկայացուցիչներին հարցուփորձելով, թե ինչ փուլում է այժմ այս հեռուստաընկերությունների խախտված իրավունքների վերականգնման հարցը։ Ամերիկյան հանդիպումների մեծամասնության ընթացքում առիթ լինում էր անդրադառնալ այս երկու հեռուստաընկերությունների ճակատագրին։ Ասենք, «Լրագրողների պաշտպանության կոմիտե» («Commitee to protect journalists») միջազգային կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանի աշխատակից Ալեքս Լուփիսը բավական զարմացավ, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք պաշտոնակա՞ն էր CPJ-ի գործադիր տնօրեն Էնն Քուփերի հայտարարությունը, որ «Քոչարյանի կառավարությունն ակնհայտորեն չարաշահում է արտոնագրման համակարգը՝ լռեցնելու համար քննադատական մամուլի ձայնը»։ Հարցի պատճառը Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի՝ ՄԱԱ-ում ասուլիսի ժամանակ արած պնդումն էր, թե սա ուղղակի Ինտերնետում տեղավորված մի հաղորդագրություն է, որին հարկ չեն համարել արձագանքել։ «Ես չգիտեմ, թե ինչու է նա այդպես պատասխանել։ Գուցե ուղղակի չի՞ ցանկացել մեկնաբանել»,- ենթադրեց Ալեքս Լուփիսը։ Նա ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Անդրկովկասի այլ երկրներում մամուլի վիճակը գնահատում էր բացասաբար, անհանդուրժելի եւ շարունակում էր պնդել, թե իշխանությունները ճնշում են քննադատական մամուլը։ «Մենք հուսով էինք, որ եթե նրանք իմանան, թե միջազգային հանրությունը գիտի իրենց գործողությունների մասին՝ ավելի զգույշ կլինեն,- ասաց CPJ-ի ներկայացուցիչը։- Բայց նախկին Խորհրդային Միության երկրներում դա ավելի դժվար է, քանի որ նրանք չեն հետեւում իրենց միջազգային հեղինակությանը։ 10 տարի է՝ բողոքում ենք, արձագանքներ չկան կամ շատ քիչ են արձագանքում։ Ես չգիտեմ, եթե այդպես է շարունակվելու՝ ուրեմն մենք էլ ամեն ինչ կանենք, որ բոլորն իմանան, թե ինչ են նրանք անում»։ Թույլ տանք մեզ փոքրիկ էքսկուրս կատարել եւ ներկայացնել, թե ինչպես են հեռուստաընկերությունների արտոնագրման հարցերը կարգավորվում ԱՄՆ-ում։ Այս մասին իր դասախոսության մեջ հանգամանալից անդրադարձ կատարեց Ամերիկյան համալսարանի հաղորդակցման գիտությունների ֆակուլտետի ժուռնալիզմի պատվավոր դասախոս Լեյրդ Անդերսոնը։ Ծանոթացել ենք նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Վիլսոնի գրքին, որն անդրադարձել է ԱՄՆ զանգվածային լրատվության ասպարեզում գործող սկզբունքներին։ Ամերիկյան հեռուստակայանները 5 տարին մեկ դիմում են Ֆեդերալ հաղորդակցությունների կոմիտեին՝ դարձյալ արտոնագիր ստանալու համար։ Եվ սա այնքան մեխանիկական գործընթաց է, որ 1980-ականներից սկսած որեւէ կայան թույլտվություն ստանալու համար կարող էր ներկայացնել ընդամենը մի փոստային քարտ։ Նրա խնդրանքն անմիջապես բավարարվում է, եթե որեւէ շահագրգիռ խումբ դեմ չի դրան։ Հակառակ պարագայում ՖՀԿ-ն սկսում է ուսումնասիրել գործի էությունը, եւ հեռուստակայանը, ըստ Լեյրդ Անդերսոնի, պարտավոր է ապացուցել, որ ծառայում է հասարակության կարիքներին։ Սա գնահատելու համար ժամանակին կիրառվում էր «արդարության դոկտրինան», որը պահանջում է, որ հեռուստատեսային եւ ռադիոլրագրողները ներկայացնեն վիճելի քաղաքական ու հասարակական հիմնահարցերի բոլոր կողմերը, արտահայտվելու անսահմանափակ ժամանակ տան նրանց, ում որեւէ բանում մեղադրում են, եւ հրապարակեն նրանց կարծիքները, ովքեր համաձայն չեն խմբագրության ներկայացրած կարծիքին։ 1985-ից ի վեր «արդարության դոկտրինան» էլ առանձնապես հաշվի չի առնվում, քանզի ՖՀԿ-ն համարում է, թե հեռուստատեսային եւ ռադիոկայանների մրցակցությունն այնքան մեծ է, որ անիմաստ է ծրագրերի որեւէ վերահսկում։ Դրանք կարգավորվում են ինքնաբերաբար, քանի որ ունկնդիրը ընտրության մեծ հնարավորություն ունի։ Ինչեւէ, այժմ արտոնագիր տրամադրելիս՝ ՖՀԿ-ն հիմնվում է նաեւ ունկնդիր կարծիքների վրա, որոնց հիման վրա կարող է երաշխավորել կամ մերժել տվյալ կայանի հետագա գործունեությունը։ Լեյրդ Անդերսոնը միայն մի դեպք կարողացավ մտաբերել, երբ «ինչ-որ մի խուլ վայրում» մի հեռուստակայանի զրկել էին արտոնագրից։ Բայց ավելի որոշակի հիշեց, որ «Վաշինգթոն փոսթի» հեռուստատեսային տարբերակին ԱՄՆ նախագահներից մեկը սպառնացել էր զրկել արտոնագրից, բայց տանուլ տվեց։ Դե, այսպիսին է ամերիկյան իրականությունը. Կոլումբիայի համալսարանի «Columbia Journalism Review» պարբերականի խմբագիր Նեյլ Հիքեյը պատմում էր մեզ, թե ԱՄՆ նախագահն այնքան ազդեցություն չունի հեռուստակայանների վրա, որ կարողանա ցանկացած ժամանակ ելույթ ունենալ։ Նա դիմում է հեռուստակայաններին՝ նրանք ուսումնասիրում եւ որոշում են՝ ելույթի հնարավորություն տալ կամ ոչ։ Ու հաճախ մերժում են։ … «Պայմանները Հայաստանի եւ ԱՄՆ-ի այնքան տարբեր են, որ անհնար է կիրառել այն սկզբունքները, որոնք գործում են Ամերիկայում»,- հայ լրագրողներին ասաց Բերի Զորթյանը, որն այժմ միայն «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհրդի» (IREX) լրատվական միջոցների ավագ խորհրդատու է, նաեւ՝ ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի ավագ անդամ, բայց լեգենդար կենսագրություն ունի՝ «Time» փոխտնօրեն, «Ամերիկայի ձայնի» Ծրագրերի ղեկավար եւ այլն։ Այժմ էլ նա շատ ազդեցիկ է համարվում եւ ըստ իրազեկների, Ջորջ Բուշն առաջիններից մեկը նրա հետ է խորհրդակցում Հայաստանի վերաբերյալ։ Ահա եւ Բերի Զորթյանը, որի տեղեկատվության աղբյուրը Հայաստանի մասին «Ազատություն» ռ/կ-ն էր, հույս հայտնեց, որ հետ կմղվեն Հայաստանի իշխանությունների փորձերը՝ վերահսկել մամուլը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վաշինգթոն-Նյու Յորք-Երեւան Հ. Գ. Զուգահեռների այլ առիթ էլ կա՝ նախագահի պաշտոնանկության կամ մահապատժի կիրառման հարցերին ամերիկյան մոտեցումները, որոնք կփոխադրենք մեր վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել