Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ»

Հուլիս 09,2002 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ» Վստահեցնում է Ալբերտ Բազեյանը – Պրն Բազեյան, տպավորություն կա, որ ընդդիմությունն իր բոլոր քայլերի մասին նախօրոք հայտարարություններ է անում եւ, փաստորեն, դա դառնում է զգուշացում իշխանություններին, որպեսզի վերջիններս համարժեք քայլեր նախապատրաստեն։ – Երբեմն՝ այո, որովհետեւ մենք գործում ենք հրապարակային։ Մենք մեր հասարակությունից փակ պահելու ոչինչ չունենք։ Մեր քայլերի մասին հայտարարում ենք, եւ իշխանությունը, բնականաբար, կարողանում է հակաքայլեր ձեռնարկել։ Մեր գործընկերների հետ առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկենք այս խնդիրը եւ գուցե առաջիկա կոնկրետ քայլերի մասին մի փոքր աղոտ կարտահայտվենք, իսկ մեր քաղաքական դիրքորոշումները միանշանակ հայտարարել ենք՝ օր առաջ Հայաստանի ժողովրդին պետք է ազատել ապօրինի վարչախմբի իշխանությունից եւ երկրում ձեւավորել օրինական իշխանություն։ – Սակայն այս վարչախմբի հետ դուք աշխատել եք։ Ո՞ր պահից որոշեցիք, որ այս վարչախումբը պետք է հեռանա։ Եվ ի՞նչ հիմք ունեք նման պնդման համար։ – Մենք լիարժեք իշխանություն ունեինք 99-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանում ձեւավորվեց միասնական իշխանություն՝ «Միասնություն» դաշինքի ղեկավարների գլխավորությամբ։ «27»-ից հետո երկրում իրավիճակը ամբողջապես խաթարվեց, եւ այդ ժամանակահատվածը (վեց ամիս աշխատեց Արամ Սարգսյանը, եւ ես շարունակեցի պաշտոնավարել) բնականոն համարել չի կարելի։ Մենք ունեցել ենք տարաձայնություններ ե՛ւ Ռ. Քոչարյանի, ե՛ւ իշխանության մյուս գործիչների հետ։ Տարաձայնությունների արդյունքում է, որ մենք դուրս ենք մնացել իշխանությունից։ Եթե լինեինք հարմարվողներ, կշարունակեինք հարմարվել Քոչարյանի գործելակերպին եւ կպաշտոնավարեինք, ինչպես ներկա պաշտոնյաներից շատերը, որոնք այն ժամանակ էլ էին պաշտոնավարում եւ հիմա էլ շարունակում են։ – Ընդդիմության վերջին շրջանի պահվածքը ակնհայտ է դարձնում, որ նախընտրական փուլը սկսված է եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին այլ բան չի մնում, քան իշխանություններին քարկոծելու ճանապարհով իրենց մասին հիշեցնելը։ – Մեր քաղաքական գործունեության ընթացքում մենք բացարձակապես չենք առաջնորդվել նախընտրական տրամադրություններով եւ մեկ տարի առաջ արդեն խնդիրը ձեւակերպել էինք։ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարում դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին մենք հայտարարեցինք Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու անհրաժեշտության մասին։ Իսկ այդ ժամանակ նախընտրական շրջանը շատ հեռու էր։ Եվ մեր գործողությունը միտված չի եղել սպասվելիք ընտրություններում դիվիդենդներ շահելուն։ Մենք հստակ համոզմունք ունենք, որ Հայաստանում պետք է օր առաջ ձեւավորվի օրինական իշխանություն։ Իշխանություն, որը կհարգի երկրի օրենքներն ու Սահմանադրությունը, իշխանություն, որը չի վարկաբեկի պետական կառույցները եւ պետական պաշտոնները չի ծառայեցնի մասնավոր շահերին։ Սա մեր համոզմունքն է եւ շարունակում ենք դրանով էլ առաջնորդվել։ Եթե Ռ. Քոչարյանի պաշտոնավարմանը մնա թեկուզ մեկ օր ժամանակ, միեւնույն է, մենք անընդհատ այդ խնդիրը հետապնդելու ենք։ Նա պետք է պաշտոնանկ արվի իր կատարած օրինախախտումների համար։ – Չե՞ք գտնում, որ ԱԺ-ում Ղուկաս Ուլիխանյանի եւ մյուսների կանոնակարգային պահանջը՝ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու մասին առաջարկով կարող էր հաջողության հասնել, եթե ընդդիմությունը դրսում արդյունավետ աշխատեր եւ ԱԺ-ի մոտ շատ մեծ բազմություն ապահովեր։ – Գուցեեւ։ Հանրահավաքային միջոցառումները սկսվեցին «Ա1+»-ի փակման առիթով, սակայն շուտով պարզ դարձավ, որ «Ա1+»-ի փակումը իշխանության քաղաքական պատվերն էր, եւ հանրային միջոցառումներով չէինք կարող հասնել «Ա1+»-ի բացմանը։ Խնդիրը վերաձեւակերպվեց որպես իշխանափոխություն, քաղաքական խնդիր։ Մենք խորհրդարանում հասունացրինք այն գործընթացը, որը տեղի ունեցավ։ – Հասունացնելը, կարծես հասունացրիք, բայց դա չդարձավ համաժողովրդական պահանջ, դուք դրսում վատ աշխատեցիք։ – Ուղղակի քաղաքական քայլերի առումով ընդդիմադիր կուսակցությունների միջեւ կան որոշակի տարբեր մոտեցումներ։ Հանրահավաքի հարցում մենք միասնական դիրքորոշում չկարողացանք ձեւավորել եւ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Քաղաքական պահանջների առումով ընդդիմությունը տարաձայնություններ չունի, բայց քաղաքական քայլերի իրականացման առումով կան տարբերակված մոտեցումներ, եւ մենք պետք է (ուզենք, թե չուզենք) հաշվի առնենք նաեւ մեր քաղաքական գործընկերների մոտեցումները։ – Դուք 13-ի վերջին ասուլիսի ժամանակ շատ թափանցիկ ակնարկ արեցիք, որ հնարավոր է, միասնական թեկնածուն չլինի 13-ից մեկի թեկնածուն։ – Մեզ համար գերադասելի է, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբվի եւ իշխանության դեմ հանդես գա մեկ միասնական թեկնածուով։ Այս հարցն է, որ ձեւակերպել եմ, ասելով, որ «Հանրապետություն» կուսակցությունը պարտադիր չի համարում, որ միասնական թեկնածուն ընդդիմության կողմից առաջարկվի միայն 13-ի կողմից։ Մենք պետք է փորձենք հարաբերությունների մեջ մտնել նաեւ 13-ից դուրս այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ընդլայնել 13-ի համագործակցությունը եւ ավելի լայն քաղաքական աջակցություն ապահովել ապագա միասնական թեկնածուի համար, եթե հաջողվի համաձայնության գալ թեկնածուի հարցում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել