Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժական պարտքի» օրենքը՝ «ԱրմենՏելում»

Հուլիս 06,2002 00:00

«Հավերժական պարտքի» օրենքը՝ «ԱրմենՏելում» Հունիսի վերջին «ԱրմենՏելի» բաժանորդներին Լոռու մարզի բաժանմունքում նոր անակնկալ էր սպասում։ Եթե տարվա սկզբից, համաձայն համակարգչային նոր ծրագրի, քաղաքացիներին ներկայացվող հաշվարկները փոքր-ինչ պարզեցվել էին, եւ միջքաղաքային խոսակցությունների գումարներն ըստ նախորդ եւ ընթացիկ ամիսների տարանջատվել, ապա այժմ, համակարգչային փոփոխված ծրագրի համաձայն, հստակ գործում է «ԱրմենՏելին» «հավերժական պարտքի» օրենքը։ Այսպես, բաժանորդը հունիսի 28-ին մուծում է մայիս ամսվա հեռախոսավարձն ու միջքաղաքային խոսակցությունների գումարը (այսինքն, իր մուծումները կատարում է սահմանված ժամկետում)։ Պարզվում է, սակայն, բաժանորդի հեռախոսահամարի վրա «եկել» են նաեւ հունիսի հեռախոսավարձն ու միջքաղաքային խոսակցությունները եւ «վերջնական պարտք» տողով ամրագրվել՝ հաշվարկների վերջում։ «Ընթացիկ հաշվարկներ» տողում, որի տակ նկատի է առնվում ընթացիկ ամսվա միջքաղաքային խոսակցություններն ու հեռախոսավարձը, համենայնդեպս, գրավոր չի մանրամասնվում այդ մասին։ Միջքաղաքային խոսակցության գումարը պարզելու համար բաժանորդը ուղեւորվում է այդ գումարների «վերծանման» բաժին, այնտեղ էլ հայտնում են, որ «թուղթ ալ չունին», եւ վերծանման գրավոր պատկերն ամբողջությամբ չեն կարող տրամադրել։ Քանի որ սպասարկման բաժնի աշխատողների ուժերից վեր է բոլորին մեկ առ մեկ բացատրել, թե հաշվարկի որ տողատակը ինչ կնշանակի, ուստի այցելուների հետ բախումներն անպակաս են։ Չէ՞ որ մարդիկ վախենում են, որ կրկնակի մուծումների կարող են ենթարկվել եւ այդ հարցում նրանց տառապանքը փորձ ունի։ Հատկանշական է, որ հունիսի վերջի դրությամբ անդորրագրերից հանվել է ռադիովարձին վերաբերող տողը, թեպետ, հաշվարկներ կատարելիս, պարզվում է, որ կարծես թե ռադիոյի 100 դրամ վարձն էլ է ներառված։ Եթե հաշվի առնենք, որ Վանաձորում լարային ռադիոցանցը գործում է՝ օրինական կարգով, ուստի պետք է ենթադրել, որ ռադիոյի օգտին վճարումներ գանձվում են, այդ դեպքում ինչո՞ւ դրանք հունիսին տրված անդորրագրերում չեն երեւում (ի տարբերություն մայիս ամսվա)։ Եթե ընդունենք, որ «բաժ. վարձ 900.0 լր. ծառ. 00» տողը վերաբերում է հունիս ամսին, ապա ինչո՞ւ «ընթացիկ հաշվարկներ» տողի հետ համադրելիս, միջքաղաքային գումարը հանելիս դա չի երեւում, եւ ռադիոյի վարձն էլ կարծես թե «կլանվում» է «ընթացիկ հաշվարկներում», իսկ եթե մայիսին է վերաբերում, ապա ինչո՞վ բացատրել այն, որ մայիս ամսում «լրացուցիչ ծառայություն» դիտվող ռադիովարձի վերաբերյալ նշում («100 դրամ») եղել է նախորդ՝ մայիս ամսվա անդորրագրերում։ Առիթից օգտվելով հարցնենք. իսկ ո՞ւր մնաց հեռախոսավարձի սակագինը 900 դրամից 750-ի իջեցնելու երաշխիքը։ Չէ՞ որ սակագինը նախատեսվում էր իջեցնել՝ րոպեավճար կիրառելու կապակցությամբ, իսկ րոպեավճարն արդեն կիրառվում է։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031