Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

Հուլիս 06,2002 00:00

ՎԵՐԱԴԱՐՁ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ Դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանը 1983թ. «անձնական պատճառներով» բնակության մեկնեց Ամերիկա։ Մարի-Ռոզը եզակի «հայաստանահայ» արվեստագետներից է, որ իր արվեստով հաջողությունների է հասել դրսում։ 20-ամյա ընդմիջումից հետո դերասանուհին Երեւանում հանդես եկավ մենաներկայացմամբ՝ «Կարսից մինչեւ Տրոյա» (1-ին մաս) եւ «Տատրագոմի հարսը» (2-րդ մաս)։ – Մարի-Ռոզ, ինչո՞ւ միայն մեկ ներկայացմամբ հանդես եկաք Երեւանում։ – Ինձ հրավիրողները վստահ չէին, թե կարող եմ հաջողել. «Շատ բան է փոխվել երկրում, հանդիսատես ես կորցրել»։ – Դուք զգացի՞ք այդ անջրպետը։ – Հակառակը, զարմանալի հարազատության մթնոլորտ էր։ Ես հանդիպեցի իմ ծանոթ արվեստագետներին եւ, կարծես, կիսատ թողած խոսակցությունն էինք շարունակում։ Ես կարոտել էի այս ստեղծագործական մթնոլորտին, դրսում այդպիսի մթնոլորտ չկա։ – Ինչպե՞ս անվանել այն ժանրը, որով ստեղծագործում եք՝ ասմո՞ւնք, թե՞ մի այլ բան։ – Ասմունքը եւ իմ ներկայացումը տարբեր են։ Միայն ասմունքով ես չէի կարող երկուսուկես ժամ հանդիսատես պահել։ Ասմունքը կհոգնեցնի, իմը խաղ է եւ ես բառը պատկեր եմ դարձնում։ Ինչի՞ց ծնվեց թատերային այս ձեւը։ Սփյուռքում ես հասկացա, որ մարդիկ մեծ մասամբ անծանոթ են մեր գրականությանը, արվեստին։ Առաջին գործը, որով հանդես եկա՝ «Անլռելի զանգակատունն» էր։ «Օ՜, անկարելի է, դահլիճը չի լցվի», ասում էին մարդիկ։ Ես համարձակվեցի նրանց առաջ ելույթ ունենալ եւ հանդիսատեսը լսեց ինձ՝ առանց ուտելիքի ու խմիչքի սեղանի, ինչին սովոր էին։ Իմ ներկայացումներին երիտասարդությունն է գալիս. սա է ուրախալին։ Ես փորձել եմ խոսքը դարձնել երաժշտություն։ Ասմունք չէ, մենաներկայացում չէ, մենակատարում է երեւի։ Բեմականացրել եմ «Մուսա լեռան 40 օրը» եւ միայնակ կերպավորում եմ 21 հերոսի։ Երեւանում ներկայացված «Տատրագոմի հարսը» եւս մենաներկայացում է։ Ես բախտավոր եմ, որ կարողացա մնալ արվեստում. մնացի համառության ու աշխատասիրության շնորհիվ։ Այնտեղ կազմակերպություններն են իշխողները, ես փորձեցի անկախ մնալ եւ հասկացա, որ ինձ ոչինչ չի կապում այդ երկրին, բացի իմ արվեստից։ – Մարի-Ռոզ, չե՞ք չափազանցնում՝ ասելով, թե մեր երկրում արվեստագետների վիճակն ավելի բարվոք է, քան Ամերիկայում։ – Ոչ։ Ասեմ՝ ինչու։ Մենք աչքի առաջ ունենք միայն Հոլիվուդի մեծ աստղերին, որոնք իրենց տիրակալությունն են ստեղծել եւ առաջ են գնում, իսկ անծանոթ եւ անհայտ արվեստագետը չի կարող առաջ գնալ։ Վերջերս ես փորձեցի անգլերեն բեմադրություն «անել» եւ դերակատարներ ընտրելիս հանդիպեցի մեծ դերեր խաղացած դերասանների, որոնք պատրաստ են սուր բռնել բեմում, միայն թե իրենց կենսագրության մեջ գրվի դա եւ մաշված դերասանի տպավորություն չթողնեն։ Մեր արվեստագետները դժգոհ են, որովհետեւ համեմատության մեջ են դնում իրենց նախկին պայմանները, փառքը, ճանաչումը։ Իսկ Սփյուռքում միշտ էլ այդպես է. նրանց համար միեւնույն է, թե ով է իր դիմաց կանգնած։ – Մարի-Ռոզ Աբուսեֆյանը միայն հայերի առա՞ջ է հանդես գալիս։ – Ես խաղում եմ նաեւ օտար հանդիսատեսի համար։ «Սիրո նամակներ» ներկայացումը անգլերեն եմ խաղում։ Սփյուռքին միայն հայրենասիրական թեման է հետաքրքրում։ Բայց ես ռիսկ արեցի եւ «Սիրո նամակները» (ճանաչված արվեստագետների սիրային նամակները՝ Պարույր Սեւակի «Նահանջ երգովի» «նվագակցությամբ») Վիեննայում ներկայացրի հայ հանդիսատեսին, փետրվարի 14-ի՝ Վալենտինի օրվա առիթով։ Հայ երիտասարդները վերջում մոտեցան ինձ, թե՝ «Մենք մինչեւ հիմա անգլերեն էինք սեր բացատրում, մեր «ես քեզ սիրում եմ»-ը ավելի գեղեցիկ է»։ Սա կարեւոր գնահատանք է։ – Մարի-Ռոզ, հայրենասիրական թեման չի՞ ձանձրացրել մեզ եւ ձեզ։ Կարելի՞ է նույն բանն այդքա՜ն կրկնել։ – Սա շատ է պետք մեզ՝ Սփյուռքին։ Մեր խնդիրները մենք անընդհատ պիտի բարձրացնենք։ Հրեաները ինչպե՞ս են անում. մանկապարտեզից սկսած՝ նույն բաներն են կրկնում։ Բոլոր ազգերն էլ խնդիրներ ունեն։ Սփյուռքը շատ դժվար կառույց է, պիտի հասկանալ Սփյուռքը։ Սփյուռքն առանց Հայաստանի, առանց մեր պատմության ճշմարիտ իմացության չի կարող դիմակայել։ Հայրենիքում, սովետական տարիներին մեր պատմությունը աղավաղեցին, Սփյուռքում մեր պատմությունը էպոս է դարձել՝ բերնեբերան փոխանցելով են սովորել։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել