Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղաքացին է դառնում միջոց

Հուլիս 06,2002 00:00

Երբ քաղաքացին է դառնում միջոց Հայցվորը չդիմեր՝ պետությունը պետտուրք չէր ստանա Մինչեւ դատաիրավական բարեփոխումները՝ դատարան դիմող քաղաքացիների հայցի բավարարման մեխանիզմն ավելի պարզ ու հասկանալի էր (վճռի կատարման տեխնիկական ձգձգումը մի կողմ դրած)։ Այսպես, եթե դատարանը բավարարում էր քաղաքացու հայցը՝ նրա օգտին վճիռ կայացնելով (դիցուք, ինչ-որ մեկից գումար բռնագանձելու վերաբերյալ), ապա վճիռը սահմանված ժամկետում ուժի մեջ մտնելուց հետո, պետք է ի կատար ածվեր դատական կատարածուների միջոցով։ Ներկայումս, սակայն, կարգը փոխվել է. վճիռը կարող է ի կատար ածվել միայն այն դեպքում, եթե քաղաքացին լրացուցիչ անգամ դիմում գրի՝ այդ վճռի վերաբերյալ կատարողական թերթ (վարույթ) կազմելու խնդրանքով։ Դրանից հետո միայն կատարողական վարույթ է կազմվում, եւ քաղաքացին ինքն անձամբ այն պետք է հասցնի դատական ակտերի հարկադիր կատարման մարմիններին՝ ի տնօրինություն։ Գործը հատկապես ավելի է բարդանում, եթե քաղաքացու օգտին գումար որոշող ատյանը վճռաբեկ դատարանն է, իսկ հայցվորը բնակվում է ոչ թե մայրաքաղաքում, այլ՝ հանրապետության որեւէ շրջանում։ Փաստորեն, տվյալ դեպքում քաղաքացին ոչ միայն դատական նիստերին մասնակցելու համար պետք է ուղեւորվի մայրաքաղաք, այլեւ մի լրացուցիչ անգամ էլ՝ կատարողական թերթիկը անձամբ ստանալու (որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, թե դիմումը եւ դրա հիման վրա կազմվելիք կատարողական թերթիկը փոստային «բավիղներում» չեն կորչի)։ Հետաքրքիր հանգամանք է այն, որ եթե քաղաքացու օգտին գումարի բռնագանձման որոշում է կայացվում, ապա այդ նույն վճռով միաժամանակ նշանակված պետտուրքի գանձման վճիռը (պատասխանող կողմի) ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես ի կատար է ածվում։ Անշուշտ, պետտուրքը գանձվում է որպես դատական ծախսերի փոխհատուցում, սակայն պետք է նկատել, որ եթե հայցվորը դատարան չդիմեր, պետությունը պետտուրք չէր ստանա։ Ստացվում է, որ քաղաքացին դառնում է միջոց՝ պետտուրք գանձելու համար (թեկուզեւ ոչ իրենից գանձելու), իսկ քաղաքացու հայցը մղվում է երկրորդական պլան։ Հարցն ավելի կոնկրետ կլուծվեր, եթե դատարանը, ինչպես նախկինում (մինչեւ բարեփոխումները) վճիռն ու կատարողական թերթը հայցվորի «մասով» ինքն ուղարկեր «ի տնօրինություն», եւ ոչ թե լրացուցիչ թղթատարության տեղիք տար։ …Այս համատեքստում պետք է նկատել, որ ընդհանրապես ճիշտ կլիներ, եթե մարզերից բողոքարկվող գործերի համար արտագնա նիստեր հրավիրվեին հենց տեղերում, որպեսզի այնտեղի բնակիչը ստիպված չլիներ հասնել մայրաքաղաք (երբեմն մի քանի անգամ). չէ՞ որ ոչ հայցվորների, ոչ էլ պատասխանողների ճանապարհածախսերը չեն փոխհատուցվում։ Կարծում ենք, պետտուրքերի գումարները լիուլի կբավականացնեին արտագնա նիստերի կազմակերպման եւ դատավորների ծախսերը փոխհատուցելու համար։ Չգիտես ինչու, արտագնա նիստերը կայանում են հիմնականում քրեական՝ ծանր հանցագործություններին վերաբերող գործերի դեպքում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել