Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ

Հուլիս 06,2002 00:00

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ «Ես ալերգիա ունեմ ԽՄԿԿ կենտկոմի այն անդամների նկատմամբ, ովքեր սկզբից քանդեցին երկիրը, իսկ հիմա դրա ավերակների վրա փորձում են նոր ունիվերսալ պետություն ստեղծել…»։ Գեներալ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵԲԵԴ, մարտ, 96թ. ՀՀ նախագահ Լ. Տեր- Պետրոսյանի եւ նրա վարչախմբի հրաժարականից հետո, Հայաստանի առջեւ ծագեց միանգամայն նոր խնդիր՝ ստեղծել ներքին եւ արտաքին պետական քաղաքականության մեջ ժամանակին համահունչ բարենպաստ գործունեության պայմաններ։ Դա հեշտ խնդիր չէր, եթե հաշվի առնենք նախկին իշխանության, հատկապես 1996-ից սկսյալ պարտվողական քաղաքականությունը թե՛ արցախյան եւ թե՛ ընդհանրապես Հայ դատի հիմնախնդիրների լուծման առումով։ Ինչպես նաեւ երկրի ներսում ստեղծված տնտեսական ճգնաժամային վիճակը, կրթության, գիտության եւ մշակույթի անդառնալի կորուստների վտանգը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության գաղափարը, որը հիմնական պատճառը դարձավ նախկին իշխանության հրաժարականի, բավականին հին գաղափար է, որի արմատներն առկա են ունիվերսալ ռուսական պետության համադրույթում։ Սակայն ունիվերսալ պետության վերստեղծումն այլեւս անհնարին է թե՛ ռազմաքաղաքական, թե՛ գաղափարաբանական եւ թե՛ տնտեսական տարատեսակ պատճառներով։ Ռուսաստանն այլեւս զբաղված է իր առջեւ ծառացած ազգային խնդիրների լուծումով, բայց ոչ երբեք ունիվերսալ պետության վերստեղծումով։ Դեռեւս 1995թ. ՌԴ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբից դուրս «սպրդած» երկրի ռազմական դոկտրինայի նախագիծը, որն իր բնույթով գաղտնի փաստաթուղթ է, մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն Արեւմտյան, Արեւմտաեվրոպական, այլեւ նախկին ԽՍՀՄ-ի եւ ԱՊՀ-ի ռազմական եւ քաղաքական գործիչների նեղ շրջանակներում։ Սույն նախագիծը, որը արժանացել էր պաշտպանության նախարար պրն Գրաչովի հավանությանը, իր մեջ ընդգծում էր. «…Դիմագրավել Արեւմուտքի ոտնձգություններին բոլոր ուղղություններով, որտեղ որ այն հնարավոր է իրականացնել»։ Ծրագրված էր տակտիկական նշանակության միջուկային զենքերի տեղաբաշխումը Արեւմուտքում (Լեհաստանի սահման եւ Բալթիկ ծովի շրջակայք), Հյուսիսում (Նորվեգիա եւ Բարենցի ծով), Հարավում՝ Սեւ ծովի, Ղրիմի, Աբխազիայի, Վրաստանի եւ Հայաստանի ռուսաստանյան ռազմական բազաներում։ Առանձնապես կարծր քաղաքականություն էր նախատեսվում իրականացնել Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի հանրապետությունների նկատմամբ։ Փաստաթղթում անգամ պահանջ էր դրվում վերացնել Եվրոպայում սովորական սպառազինության վերաբերյալ պայմանագիրը, որը կնքվել էր դեռեւս ԽՍՀՄ-ի եւ Վարշավյան պակտի ժամանակաշրջանում։ Այնտեղ նշված էր. «ԽՍՀՄ-ի եւ Վարշավյան պայմանագրի փլուզման, բայց միաժամանակ ՆԱՏՕ-ի հզորացման եւ ընդլայնման պայմաններում, այլեւս նպատակահարմար չի դառնում ընդառաջել Նորվեգիայի եւ Թուրքիայի՝ իրենց տարածաշրջաններում ռուսական զորքերի եւ սպառազինության սահմանափակման պահանջներին»։ ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբից դուրս շրջանառված գաղտնի փաստաթղթի առկայությունը ինքնին էական չէ, որքան այդ փաստաթղթի դուրս «սպրդելու» նպատակը։ Հակառակ այս ապատեղեկատվական «գաղտնի» փաստաթղթի վերծանման, այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն իսկ անդառնալիորեն վերադարձ է կատարել դեպի ռուսական ավանդական արժեքները։ Նա ձգտում է ապացուցել աշխարհի նոր վերաձեւավորման անհրաժեշտության փաստը, հանուն խաղաղության, համաշխարհային քաղաքական հավասարակշռության պահպանման։ Արդեն իսկ ռուսական քաղաքականության առարկա են դարձել Հյուսիսային եւ Արեւմտյան Ղազախստանը, Ադրբեջանի մի մասը՝ ներառյալ առափնյա Կասպից ծովի շելֆը, Ուկրաինայի, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, Ղրիմը եւ Նովոռոսիան՝ Օդեսայի հետ միասին, Բալթյան նավահանգիստներից օգտվելու առաջնությունը, էթնոպետական կղզյակների ստեղծումը Թուրքեստանում, ռուսական շահերի պաշտպանությունը Կովկասում, Իրանում եւ Կորեական թերակղզում եւ այլն։ Ռուսաստանն անդառնալիորեն գնում է դեպի ազգային պետություն՝ եւ բավականին լուրջ աշխարհաքաղաքական հավակնություններով։ 1998թ. փետրվարից Հայաստանի Հանրապետությունը բավականին նուրբ անցում կատարեց հեղափոխական համընդհանուր ինքնապատուհասման շրջանից։ Հայաստանի որդեգրած ավանդական քաղաքականության պոստմոդեռնիզմի համադրույթների արդյունքում՝ վերադարձ է կատարվել դեպի ազգային պետականության արմատները։ Սակայն ՀՀ նախագահի գործունեությունը, երկրում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից, միանշանակորեն գնահատվեց որպես արդեն կատարված քաղաքական սխալների կրկնություն եւ ոչ այն պատճառով, որ աննկատելի էին մնացել քաղաքական շրջադարձի արդյունքում ստեղծված բարենպաստ պայմաններն ու դրանց արդյունքները, այլեւ հետապնդում էր Ղարաբաղի խնդրի օգտագործմամբ իշխանության անցնելու նպատակը։ Ղարաբաղյան գործոնի օգտագործման միջոցով միշտ էլ ստեղծվել են փայլուն կարիերաներ եւ դեռ պիտի փորձեր կատարվեն ստեղծելու, սակայն դրանք միշտ էլ վառվել են, այդ իսկ առումով էլ կործանվել են ամենազորեղ քաղաքական ուժերն ու գործիչները։ Քաղաքական ուժերի շատ միություններ խնդիրների լուծումը տեսնում էին պահեստային տարբերակների առկայության պարագային, ոչ լրջորեն եւ միայն ամբիոնների մոտ կանգնած։ Սակայն եկել է քարերը հավաքելու ժամանակը եւ այն տրված է կատարելու Հայաստանի Հանրապետության այն նախագահին, որին ժողովուրդը, կենսական պահանջ զգալով, կընկալի կարծր եւ ուժեղ բռունցքի տեր նախագահ։ ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, մահապատժի խուց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031