Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեմի ստացման նոր տարբերակ

Հուլիս 06,2002 00:00

Ջեմի ստացման նոր տարբերակ Որքան էլ բարձր ամբիոններից աղաղակենք մեր տնտեսության աննախադեպ աճի ցուցանիշների մասին, միեւնույն է, իրականությունն այլ է, եւ այս կերպ տնտեսությանը «չես կարող համոզել», որ զարգանա։ Ցանկացած տնտեսական ճգնաժամ ավարտվելու միտում ունի եւ հայկականն էլ այս տեսակետից բացառություն չէ։ Տնտեսության զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ հարկային եւ մաքսային քաղաքականությամբ խթանել հայրենական արտադրությունն ու մատուցվող ծառայությունները, մանավանդ այնպիսիներին, որտեղ կա երաշխավորված եւ իրական եկամուտ։ Այդ բնագավառներից մեկը միջազգային բեռնափոխադրումներն է, որը ցանկացած պետության համար համարվում է «ոսկե երակ»։ Միայն այս դեպքում ճանապարհային հարկերի միջոցով պետությունը կունենա լրացուցիչ եկամուտ, որը կստացվի ոչ թե նյութական ռեսուրսների արտահանման հաշվին, այլ կատարված ծառայության դիմաց։ Այսօր, շրջափակման մեջ գտնվող մեր հանրապետությունից բեռնափոխադրումները իրագործվում են օդային ճանապարհով, որի արժեքը խիստ թանկ է։ Այլընտրանքային էժան փոխադրամիջոցը ավտոմեքենան է, սակայն, քանի որ փոխադրումներ իրականացնելու համար պայմանները անբարենպաստ են, ուստի հայրենական փոխադրողը մի տեսակ հայտնվել է գործազուրկի կարգավիճակում։ Փոխարենը հանրապետության բեռները «ժրաջանորեն» փոխադրում են այլ երկրների բիզնեսմենները։ Ի տարբերություն հարեւան Վրաստանի վարած սակագնային քաղաքականության, օտարերկրյա մեքենայի համար Հայաստանում ճանապարհային վճարը չափազանց ցածր է (եթե, իհարկե, գանձվում է)։ Այստեղից հետեւում է, որ օրերս սկսվող ծիրանի արտահանումը այս անգամ էլ, նախորդ տարիների նման, կիրագործեն վրացի վարորդները, իսկ հայ փոխադրողը կրկին կհայտնվի «խաղից դուրս» վիճակում։ Եթե ասածին հավելենք նաեւ, որ Վրաստանը եվրոպական ընկերակցության անդամ է, ապա պարզ է, որ վրացական մեքենաները առավել շահավետ են հայ պատվիրատուի համար։ Կա եւս մի կարեւոր հանգամանք, որ ոչ ոքի համար նորություն չէ։ Մինչ վրացական մեքենան անարգել անցնում է իր երկրով, հայկականի նկատմամբ Վրաստանի ամբողջ տարածքում իրագործվում է «բեսպրեդել» դրամաշորթման գործընթացը։ Կա նաեւ հարցի մի այլ կողմ։ Եթե նույնիսկ գտնվեն այնպիսի «պատրիոտներ», որ անտեսելով վերոնշյալը, խիզախեն փոխադրումը իրագործել հայկական փոխադրամիջոցով, ապա համոզված ենք, որ նրանք էլ կհրաժարվեն այդ մտքից։ Այսպես, վերջերս գործածության մեջ է դրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից մշակված ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների թույլտվությունների հատկացման նոր կարգ։ Համաձայն այդ կարգի, փոխադրողին թույլտվություն հատկացվում է համապատասխան փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո, աշխատանքային 5 օրվա ընթացքում։ Փաթեթի մեջ մտնում է նաեւ ապրանքատրանսպորտային բեռնագիրը (CMR), որը տրվում է փոխադրողին միայն բեռը բարձելուց հետո։ Հիշենք, որ այսօր հանրապետությունից արտահանվում է հիմնականում գյուղմթերք։ Մասնավորապես, պատկերացրեք, ծիրան բարձած մեքենան պետք է սպասի 5 օր (լավագույն դեպքում, եթե շաբաթ, կիրակի օր չկա արանքում), որին կգումարվի ճանապարհը անցնելու եւս 5-6 օրը։ Ստացվում է, որ մեքենան բեռը պահանջվող վայր կհասցնի 10-15 օրում, իսկ ծիրանը արդեն վերափոխված կլինի ջեմի։ Մտածել է պետք… ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ Հ. Գ. Բեռնափոխադրումներով զբաղվող մասնավոր ֆիրմաներից մեկի տնօրենը (հասկանալի պատճառով չուզեց իր անունը հրապարակվի) «կարգը» համարեց «երկիրը քանդելու որոշում» եւ հայտնեց իր կանխակալ կարծիքը. «Ով «վերաբերմունք» ցույց տա՝ նույն օրը կստանա թույլտվություն, ով չէ՝ 7 օր մեքենան բարձած կկանգնի պատի տակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել