Բնությունը հակահարված կտա Հրազդանի կիրճի մասին գրվել է բազմիցս, սակայն իրավիճակն այնտեղ օր օրի էլ ավելի է վատթարանում, քանզի որեւէ քայլ չի ձեռնարկվում կիրճի մասին հոգ տանելու ուղղությամբ։ Իհարկե, կարելի է ասել, որ Հրազդանի կիրճն այլեւս ամբողջովին մաս-մաս հատկացված է տարբեր մարդկանց։ Դա հատկապես նկատելի է գետի երկայնքով մի հողակտորը մյուսից պարսպով կամ ցանկապատով սահմանագծելուց։ Ամենուր շինարարական աշխատանքներ են ընթանում, կիսաճահճացած գետի վրա երկաթբետոնե սրճարան-ռեստորաններ, խաշանոցներ են կառուցվում։ Ճահճի հոտը եւ ճանապարհի փոշին, շրջակա չորացած, վնասված բուսականության տեսարանն ու տհաճ հոտերն այդ օբյեկտների տերերին կարծես չեն էլ հուզում։ Հրազդանի կիրճը լիովին տալիս է Երեւանի նախկին ու ներկա քաղաքապետերի, գլխավոր ու երկրորդական ճարտարապետների գործունեության պատկերը։ Մի քանիսի խելքին փչել է՝ ձորաբերանին տուն կամ օբյեկտ կառուցել, մյուսի քեֆը տվել է՝ խաշանոց ու հյուրատուն է սարքել, մյուսը՝ ռեստորան, մեկ ուրիշը՝ նավ-ռեստորան, ով որտեղ «ձեռքը դրել է»… Թերեւս գոնե վատ չէր լինի, եթե կառուցելիս մտածեին նաեւ շրջակա տարածքը մաքրելու, բարեկարգելու, հանգստի գոտի ստեղծելու մասին։ Բնությունը անխնա ծառայեցնում են իրենց՝ գումար աշխատելու համար, սակայն չեն անհանգստանում, որ մի գեղեցիկ օր այդ եղած բնությունն էլ այլեւս կարող է չլինել եւ իրենց կառուցած օբյեկտները կհայտնվեն ճահիճների գրկում։ Ս. Ս.