Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԱՆՐ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ

Հուլիս 06,2002 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԱՆՐ ԴՐԱՄԱՇՈ՞ՐԹ «ԱրմենՏելը» արդեն վերջնականապես ոտնահարում է քաղաքացիների իրավունքները՝ իր խոստումները, պարտավորությունները, համապատասխան ծառայությունները չկատարելով կամ խաբելով։ Արդեն քանի-քանի դեպքեր են բացահայտվել եւ մամուլում էլ գրվել, երբ քաղաքացին անօգնական ու խաբված վիճակում է հայտնվել։ Ամիսներ առաջ «ԱրմենՏելը» աղմուկ-աղաղակով, ցնծությամբ հայտարարեց «easy Card»-ի մասին՝ իբրեւ առաջընթաց։ Երկու ամիս անց պարզվեց, որ միայն 20.000 դրամ արժողության քարտեր են մնացել (չհաշված այն դեպքերը, երբ «ԱրմենՏելը» պարտադրում էր քաղաքացուն իր հին մոդելի հեռախոսները թանկ գնով գնել «easy Card»- երի հետ)։ Վերջերս մի քանի դեպքերի ենք հանդիպել, երբ քաղաքացիները քարտ են գնում, սակայն հնարավոր չի լինում օգտվել դրանից։ Երեւանի քաղաքացի Կարեն Մամիկոնյանը Կասյան փողոցի փոստից հունիսի 20-ին գնեց 10.000 դրամ արժողության խոսելաժամի երկարացման քարտ (լուսանկարում պատկերվածը)։ Լիցքավորելուց հետո քաղաքացին, ինչպես միշտ, սեղմում է վանդականիշը, սակայն լսում է՝ «Ձեր հավաքած համարը սխալ է»։ «Նման տեքստ ասվում է, երբ սխալ թիվ եմ հավաքում, սակայն վանդականիշը սեղմելիս՝ թվերի հերթականությունը ճիշտ լսվում է։ Երկու-երեք անգամ փորձելուց հետո հեռախոսը արգելափակվում է։ Ի վերջո, մի քանի օր առաջ Սարյան փողոցի փոստ գնացի, որտեղ ոչնչով չօգնեցին։ Օրերս «ԱրմենՏելում» էի։ Աշխատակիցները նույն ձեւով լիցքավորելուց հետո ասացին. «Եթե մեկ անգամ էլ փորձենք՝ հեռախոսը կարգելափակվի։ Վաղը կգաք եւ մենք միայն կարող ենք պատասխանել՝ այդ թիվը լիցքավորվա՞ծ է, թե՞ ոչ»,- պատմում է Կարեն Մամիկոնյանը։ Ընդ որում, «ԱրմենՏելի» աշխատակիցները մի աբսուրդ վարկած են դեմ տալիս քաղաքացիներին, թե իբր ինչ-որ մեկը տեսել է 12 նիշանոց ծածկագիրը եւ օգտագործել-սպառել է այն։ Մի՞թե «ԱրմենՏելի» աշխատակիցները չեն կարող ճշգրիտ ասել, թե ո՞ր հեռախոսահամարի վրա է այդ քարտը լիցքավորվել, եթե ընդունենք, որ ճիշտ են ասում։ Արդյո՞ք չեն կարող վերահսկել եւ քաղաքացուն չխաբել։ Կ. Մամիկոնյանը, ինչպես եւ շատ քաղաքացիներ են հայտնվել նման դրության մեջ, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է պատասխանատվությունից եւ իր թերացումներին տեր կանգնելուց։ Որքան կոնկրետ դեպքեր գիտենք, երբ քաղաքացին քարտը տեղում բացել է, սակայն չի կարողացել գործածել եւ փոստի կամ «ԱրմենՏելի» աշխատակիցը հրաժարվել է իր իսկ աչքի առջեւ տեղի ունեցած երեւույթը շտկել, քաղաքացուն պատասխան տալ։ Առանց այն էլ՝ օգտվելով մենաշնորհի իր դիրքից, «ԱրմենՏելը» ոչ միայն թանկ է վաճառում իր ծառայությունները, այլեւ այդ թանկ վաճառածն անորակ է ու անպիտան։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել