Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Հուլիս 06,2002 00:00

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Սեփական կարծիք Մուշեղ Սաղաթելյանը կունենա նաեւ դատապարտվելու դեպքում եւ դրանից հետո: Համենայնդեպս, այդպես է պնդում ինքը՝ ՔՊԻ վարչության նախկին պետը: Դատավորին ճանաչողներ կան Այն հանգամանքը, որ Մ.Սաղաթելյանի դատավարությունը վերաքննիչում տեղի է ունենում նույն դահլիճում, որտեղ ընթացել էր առաջին ատյանի դատավարությունը, մամուլն ու մասնավորապես «Առավոտը» պայմանավորել էին իշխանության՝ աղմկահարույց դատավարությունն աչքից հեռու եւ ճաղավանդակների գոյության պայմաններում անցկացնելու ցանկությամբ: Հենց առաջին նիստում դատավոր Սերժիկ Ավետիսյանը, որ իր շրջապատում հայտնի է՝ որպես ռուսական կրթությամբ «բարեփոխիչ դատավոր», անդրադարձավ այդ մեկնաբանություններին՝ հավաստելով, թե դա իրականում պայմանավորված է միմիայն հումանիստական նկատառումներով՝ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հռչակագրի պահանջներով, որի նպատակն է՝ ժամանակի ողջամիտ սահմաններում քննարկել մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպիսին է, փաստաբան Ռ.Գրիգորյանի պնդմամբ, Մ.Սաղաթելյանի նկատմամբ անօրինական եւ անարդարացի վճռի վերանայումը: Թե որքանո՞վ է Ս.Ավետիսյանն իրոք մտահոգ մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ արդյո՞ք նա իր մեջ բավարար ուժ կգտնի վեր կանգնել պետական պատվերներից ու անկախ դրանցից՝ արդար, փաստարկված վճիռ կայացնելու պարկեշտություն դրսեւորել, պարզ կլինի մոտ ապագայում: Առայժմ նրան ճանաչողների պնդմամբ՝ մինչ այս Ս.Ավետիսյանը պարկեշտ մարդ է եղել: Կար մեկ վերապահում՝ եթե նա փոխված կամ իրական արժեքային համակարգի նկատմամբ իր վերաբերմունքը վերանայած չլինի: Միաժամանակ կարծիք կա, թե այդ դատավորն իր օրինապահ կեցվածքով կարող է միայն դատավարության արդար, օբյեկտիվ ընթացքի ֆոն ապահովել, մինչդեռ վճռի կայացման խնդրում նրա ձայնը կարող է վճռորոշ չլինել՝ հաշվի առնելով մասնակից մյուս երկու դատավորների առկայությունն ու դիրքորոշումը: 50 հազար դոլարանոց թուղթը պատռե՞լ կլիներ Իսկ դատարանում, անդրադառնալով Մ.Սաղաթելյանին առաջադրված՝ ՔՕ 15-195 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքին եւ այդ մասով առաջին ատյանում ձեռք բերված ապացույցների ու դատավճռի գնահատմանը, փաստաբան Ռ.Գրիգորյանը նշեց, թե այդ մեղադրանքը «հերքված է քրգործի ապացույցներով, չի համապատասխանում քրեական եւ քրեադատավարական օրենքների պահանջներին, ուստի ենթակա է կարճման՝ հանցակազմի բացակայության հիմունքներով», թեեւ, նախաքննության ընթացքում եւ դատավճռով հաստատված է համարվել, որ Մ. Սաղաթելյանը դիտավորություն է ունեցել ՀՀ նախագահին եւ ՀՀ պաշտպանության նախարարին մեղադրել ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի կազմակերպման մեջ, եւ այդ մեղադրանքի շինծու հիմքեր ստեղծելու նպատակով ՆԳՆ ՔՊԻՎ պետի պաշտոնում նախկին աշխատանքից իրեն հայտնի Հարություն Գրիգորյանի հետ տարել է այդ մասին «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելուն» ուղղված աշխատանքներ, վերջինիս 50 հազ. դոլար գումար խոստանալու միջոցով ակնհայտ սուտ հայտարարություն է գրել տվել: Հաստատված է համարվել նաեւ, թե Մ.Սաղաթելյանը նպատակ է ունեցել այդ հայտարարությունը ներկայացնել խորհրդարանին՝ հայտնի երկու պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: «… Մեղադրանքի այս բովանդակությունից արդեն իսկ ակնհայտ է, որ անգամ նկարագրված հանգամանքների՝ իրականությանը համապատասխանելու դեպքում Մ. Սաղաթելյանին վերագրված արարքը «ակնհայտ սուտ մատնության նախապատրաստություն» չի կարող որակվել: ՔՕ 195 հոդվածն արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, որի սուբյեկտները կարող են լինել միայն ֆիզիկական անձինք: Միեւնույն ժամանակ, Քրդատօր 176 հոդ. 1-ին կետի համաձայն, քրգործ հարուցելու առիթներից են հանցագործությունների մասին քաղաքացիների այն հաղորդումները, որոնք ուղղված են հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին: Այդ շարքում ԱԺ-ն նախատեսված չէ: Այլ մարմիններին, այդ թվում՝ ԱԺ-ին, ուղղված հաղորդումները քրեական հետապնդման մարմինների համար Քրդատօր 177 հոդվածով սահմանված կարգով չեն ընդունվում, դրանք տվող քաղաքացիներն ակնհայտ սուտ մատնության համար պատասխանատվության մասին չեն նախազգուշացվում, եւ նույնիսկ նրանց այդ հաղորդումների ակնհայտ սուտ լինելու դեպքում Քրօր 195 հոդվածով քրեական պատասխանատվության ենթակա չեն: Քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումից բացի, դատավճռում այդ մեղադրանքի ապացույցները շարադրվել են ոչ օբյեկտիվ, գործի տվյալներից չբխող դատողություններով: Ըստ մեղադրանքի ձեւակերպման, Մ. Սաղաթելյանը Հ. Գրիգորյանին հակել է սուտ տեղեկություններ գրել Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի՝ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպելու մասին՝ խոստանալով տալ 50հազ. ԱՄՆ դոլար եւ, որ, իբր, Հ. Գրիգորյանն այն գրել է «Ընտանեկան» ռեստորանում, տվել նրան: Ըստ նշված եւ այլ դատողությունների, Մ. Սաղաթելյանը Հ. Գրիգորյանից պահանջել է «սուտ» տեղեկություններ ու կեղծ փաստաթղթեր, «կասետներ», խոստանալով՝ ձեռք բերելու դեպքում խոշոր գումարներ տալ: Հակառակ դրան՝ դատաքննության ընթացքում Հ. Գրիգորյանը ցուցմունք տվեց, որ Մ. Սաղաթելյանն իրենից պահանջում էր իսկական տեղեկություններ ու կասետ, Մ. Մովսիսյանի օրագիրը, ավելացնելով, թե «ստի համար փո՞ղ կտար», որ ինքը Մ.Սաղաթելյանից գումարներ ստանալու համար խաբել է նրան, վերջինս հասկացել է, որ խաբեություն է, հեռացել է: Քրգործում տվյալներ չկան այն մասին, որ Մ. Սաղաթելյանն ունեցել է նախագահին ու պաշտպանության նախարարին մեղադրելու շինծու հիմքեր ստեղծելու դիտավորություն: Գործում չկա «ակնհայտ սուտ մատնություն» կոչվող տեքստը, իսկ այդ առթիվ Հ. Գրիգորյանի նախաքննական ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ անտրամաբանական են, նաեւ նա շարունակել է գտնվել ՆԳ մարմիններից կախյալ վիճակում ու սերտ համագործակցել նրանց հետ»: Մ.Սաղաթելյանն ինքն էլ մեղադրանքի այդ դրվագին մանրամասն եւ հստակ վերլուծությամբ անդրադարձավ՝ մեջբերելով ՆԳ գործակալ «Շեյթանի»՝ ՆԳՆ-ում, դատախազությունում տված բացատրություններն ու ցուցմունքները՝ դրանցում առկա ոչ միայն հակասություններն ի հայտ բերելու, այլեւ՝ իշխանությունների կողմից իր դեմ քաղաքական հետապնդման փաստն ավելի հիմնավորելու համար, ինչը նրան հաջողվեց: Ի դեպ, մեր այն պնդումը, թե այս դատավարությունը «27»-ի դատավարությանն եւ գործի անջատված մասին անմիջական առնչություն ունի, ըստ էության, հաստատեց նաեւ դատավոր Ավետիսյանը. երբ Մ.Սաղաթելյանը ցուցմունքներ էր տալիս «Շեյթանի»՝ «27»-ի գործով ամբաստանյալների, նախկին մեղադրյալների հետ տարած օպերատիվ աշխատանքների, դրանց արդյունքում ձեռք բերված տեղեկությունների մասին, դատավորը, ընդհատելով նրան, հարցրեց, թե նա արդյո՞ք այնպիսի տեղեկություններ է տալու, որոնք կարող են արժեքավոր լինել դատավարության եւ անջատված մասով, եւ գուցե արժե՞ դռնփակ նիստ անել: Գնահատելով գործակալ «Շեյթանից» ստացած իր տեղեկությունները, Մ.Սաղաթելյանը հավաստիացրեց, թե ինքն ի սկզբանե հաշվի է առել, որ դրանց միայն 1 տոկոսն է ճիշտ կամ հավաստի, մինչդեռ դրանք ստուգել եւ հաստատել է պետք, ու դրա համար է, որ ինքն աշխատել է ստանալ փաստացի ապացույցներ «27»-ին առնչվող ձայնագրությունների գոյության, այն տեղեկությունների մասին, որոնք բանավոր փոխանցել էր «Շեյթանը»: Մ.Սաղաթելյանը շեշտեց, թե ինքը հենց սկզբից կասկածել է, որ գործակալն ուղարկված մարդ է. իրեն նախ զարմացրել է, որ շուրջ տասնյակ անգամ դատապարտված մարդը հատկապես վտանգավոր հանցագործ չի համարվել, որ նրան ապօրինաբար եւ վաղակետ պայմանականով ազատ են արձակել ու նույնիսկ դրանից հետո վարչական իրավախախտման համար 10 օր ազատազրկելով ոչ թե, օրենքին համապատասխան, վերադարձրել նախորդ հանցագործության համար սահմանված լրիվ պատժաչափը կրելու, այլ՝ ազատ արձակել, ավելին՝ որպես գործակալ հաշվառման վերցրել ՆԳ Քրեական հետախուզության վարչության պետ Սամվել Սանթրոսյանի մոտ: Մ.Սաղաթելյանն ասաց նաեւ, որ, երբ «Շեյթանը» պարբերաբար ձգձգել է «27»-ի կազմակերպմանն առնչվող իր նշած ձայներիզի տրամադրումը, ինքը համոզել է, որ պատրաստ է նույնիսկ դրանք ոչ թե վերցնել, այլ միայն նրա ներկայությամբ լսել, նայել ակնկալվող փաստաթղթերը: ՔՊԻՎ նախկին պետն ասաց նաեւ, որ երբ իրեն առաջին անգամ՝ 2001-ի սեպտեմբերի 25-ին, հրավիրել են դատախազություն բացատրություններ տալու «Շեյթանի» հետ իր շփումների, նրանից «27»-ի վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին, ինքը դա չի էլ թաքցրել. «Ես գիտեի, որ հանցանք չեմ կատարել»: Իր ասելով՝ ինքը նույնիսկ կանխել է նախագահի եւ նախարարի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկությունների տարածումը՝ անձամբ ստուգելով եւ համոզվելով դրանց չհիմնավորված լինելու մեջ, որը փորձել էին հրամցնել «Շեյթանն» ու դատապարտյալ Գարիկ Արզումանյանը: Մ.Սաղաթելյանը հայտարարեց նաեւ, որ Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի նկատմամբ իր կասկածների հիմքն ամենեւին էլ «Շեյթանի» տեղեկությունները չեն եղել. «Ես կարող եմ փակ նիստում ասել այն կարեւոր տեղեկությունները, որոնց տիրապետում եմ: Բայց ես չեմ վստահում ներկայիս իրավապահ համակարգին»: Այդ հայտարարությունն ակնհայտորեն հետաքրքրեց ոչ միայն դատախազին, այլեւ՝ դատավորին, որը հարցրեց՝ դուք ամբողջովին տիրապետո՞ւմ եք դրան: «Եթե ես դուրս գամ, կշարունակեմ ճշտել դրանք եւ հետո միայն կհրապարակեմ այն, ինչ գիտեմ»,- հստակեցրեց Մ.Սաղաթելյանն ու անցավ «Շեյթանին», իբր, սուտ տեղեկությունների համար՝ 50 հազ. դոլար խոստանալու, իր բառերով՝ «հյուսված լեգենդին»: Ըստ նրա, այդ գաղափարը ծնվել է դատախազությունում, ընդ որում՝ վերջինիս եւ ՆԳՆ սերտ համագործակցության արդյունքում: Բանն այն է, որ Մ.Սաղաթելյանի հետ իր հանդիպումների մասին հիշատակված Մ.Սանթրոսյանին երկու բացատրություն տալուց հետո, «Շեյթանը» «50 հազարի» մասին «հիշել» է միայն դատախազությունում եւ այն բանից հետո, երբ Մ.Սաղաթելյանը հրապարակել է «27»-ին Ռ.Քոչարյանի առնչությունների մասին իր կասկածները: ՔՊԻՎ նախկին պետը նաեւ հայտարարեց. «Եթե ես ուզենայի զրպարտել Ռ.Քոչարյանին կամ Ս.Սարգսյանին կամ սուտ մատնություն նախապատրաստելու դիտավորություն ունենայի ու դրա համար գործակալին էլ 50 հազար խոստացած լինեի՝ ինքս պատռած չէի լինի այն թուղթը, որի վրա, ըստ դատավճռի, իբր, գրված է եղել «սուտ մատնության» անվերնագիր ու անստորագիր հայտարարությունը, որն իրականում գոյություն չունի, չկա գործի նյութերում, բայց չեղած բանը ներկայացվել է որպես գոյություն ունեցող փաստ եւ ապացույց՝ դրվելով դատավճռի հիմքում»: Նա ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ առաջին ատյանը անտեսել է մի քանի կարեւոր վկաների ցուցմունքներ, ովքեր ի պաշտոնե առնչվել են եւ իմացել «Շեյթանի» օպերատիվ տեղեկությունների բովանդակությունը: Խոսքը թիվ 1 մեկուսարանի օպերատիվ աշխատակից Մ.Միքայելյանի մասին էր: Մ.Սաղաթելյանը նշեց, որ դատախազության քննիչ Հակոբ Բաբայանը՝ խախտելով օրենքը, մեկուսարանից առգրավել է «Շեյթանի» տված օպերատիվ տեղեկություններ պարունակող նյութերը՝ առանց ՆԳՆ-ի համաձայնության, որպեսզի ցույց տա, «թարմացնի» գործակալի հիշողությունը՝ դրանք սրբագրելու համար: Արդյունքում, ըստ Մ.Սաղաթելյանի, հանվել են մասնավորապես Վ.Մանուկյանին վերաբերող տվյալներ: Հին ընկերնե՞ր Մ.Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ մեղադրանքի այլ դրվագների: Խոսելով մասնավորապես «կեղծ դիպլոմի» մասին՝ պնդեց, թե ինքը դրա հայտնությանն ու իր գործերին կցելուն տեղյակ չէ, նման հրահանգ ոչ մեկին չի տվել, այդ մասով ՆԳ աշխատակիցների վկայությունները ՀՀ գլխավոր դատախազի՝ ՆԳ նախարարին ուղղած գրության, այդ աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումների արդյունք են: Ըստ նրա, եթե ինքը կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մտադրություն ունենար՝ դա կաներ անձամբ: Բացի այդ՝ ինքը բուհի կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կարիքը չի ունեցել, առավելեւս՝ պաշտոնական առաջխաղացման նպատակով, ինչպես նշվել է նաեւ դատավճռում, որովհետեւ մինչ այդ փաստաթղթի հայտնվելն ինքն արդեն զբաղեցրել է Կալանավայրերի վարչության պետի պաշտոնը եւ կոչում ստացել: Պատասխանելով դատավորի հարցին, նա ասաց, թե համակարգ ընդունվելիս նշել է, որ միջնակարգ մասնագիտական կրթություն ունի, եւ իրեն երբեւէ չեն ասել, որ առաջխաղացման համար բուհի դիպլոմ է պետք: Մ.Սաղաթելյանի կարծիքով՝ այդ մեղադրանքը ծնվել է այն օրը, երբ ինքը մամուլում մեղադրել է ՆԳ նախարար Հ.Հարությունյանին՝ «27»-ի գործով ամբաստանյալ Ն.Հունանյանին ՆԳՆ մեկուսարան տեղափոխելն աննպատակահարմար համարելու մեջ: «Միայն նա, փոխնախարար Մահտեսյանն ու Կադրերի վարչության համապատասխան աշխատողը կարող էին իմանալ, որ ես երբեւէ նշել եմ, թե ընդունվել եմ ԲՈՒՀ, ինչն իրականությանը համապատասխանել է, բայց երբեւէ դատախազությունը ճշտելու ցանկություն չի ունեցել»,- պատասխանելով դատավորի հարցին՝ ասաց Մ.Սաղաթելյանը: Ցուցմունքներ տալով իր ազգական Հ. Մարտիրոսյանին ՆԳ համակարգում աշխատելու միջնորդություն տալու եւ Կադրերի վարչությունից իրեն արդեն հրամցված՝ Մարտիրոսյանի բարձրագույն կրթություն ունենալու մասին նշումով տեքստը ստորագրելու հանգամանքին, Մ.Սաղաթելյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել նրա կրթության մասին, իրավասություն չի ունեցել զննել Հ.Մարտիրոսյանի ներկայացրած փաստաթղթերը, որ իմանար, թե նրա բուհի դիպլոմը կե՞ղծ է եղել, թե՞ ոչ: Դա պետք է աներ համապատասխան վարչությունը, որը չի արել: Ավելին, Մ.Սաղաթելյանը հիշեցրեց, որ 95-ին իր ազգականին հեռացրել են ՆԳ համակարգից, բայց նույն փաստաթղթերի առկայության պարագայում՝ վերադարձրել են համակարգ՝ մեկ այլ պաշտոնյայի միջնորդությամբ: Մենք պարզեցինք, որ այդ պաշտոնյան ՆԳ Քաղաքային վարչության ներկայիս պետ Ա.Գիզիրյանն է եղել, որին, չգիտես ինչու, չի ներկայացվում այն մեղադրանքը, որ առաջադրված է ՔՊԻՎ նախկին պետին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել