Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՐ ՉՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ

Հուլիս 06,2002 00:00

ՈՐ ՉՎԵՐԱԾՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ Հունիսի 27-ին խորհրդարանում իմ ելույթը խեղաթյուրվել էր որոշ լրատվամիջոցների կողմից։ Չէի ցանկանա, որ իմ մտահոգությունը քաղաքական գործընթացում վտանգավոր միտումների ցարգացման վերաբերյալ դառնար գռեհիկ մեկնաբանությունների առարկա: Հարկ եմ համարում ներկայացնել բանավոր ելույթիս տեքստն ամբողջությամբ։ Դիմում եմ հասարակությանը եւ քաղաքական ուժերին՝ եւս մեկ անգամ անդրադառնալ ելույթում բարձրացված հարցերին։ -Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահ, ես իմ ելույթը ուզում եմ սկսել մի փոքր պատմական էքսկուրս կատարելով, եւ փորձեմ ձեզ հիշեցնել, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր երկրներում եղած կոնֆլիկտների պատմության եւ մեր կողմից, որպես ժամանակակից հասարակության անդամներ, դրանց տրվող գնահատականների մասին: Կոնֆլիկտները, որոնց մասին ուզում եմ հիշեցնել ձեզ, իմ գնահատմամբ բացասական նշան կրող կոնֆլիկտներ են: Հռոմեական կայսրության կայսր Կալիգուլայի եւ Սենատի միջեւ ծագած տարաձայնությունը բերեց նրան, որ Հռոմեական Սենատը համալրվեց մի նոր սենատորով, երեւի հիշում եք՝ ումով: Ճիշտ է, պատմությունը լռում է, թե այդ կենդանու օրենսդիր գործունեության արդյունքները ինչքանով են եղել օգտակար, բայց կարեւորը դա չէ: Անգլիական միապետ Կառլ Առաջինի եւ խորհրդարանի միջեւ ծագած կոնֆլիկտից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնց հետեւանքով անգլիական հասարակության առաջնորդ դարձավ Օլիվեր Կրոմվելը: Ֆրանսիական պատմությունը մեզ հիշեցնում է, որ դիրեկտորիայի եւ կոնվերտի վիճաբանությունն ավարտվեց թնդանոթների համազարկով։ 1917թ. նմանատիպ կոնֆլիկտն ավարտվեց նրանով, որ «մատրոս Ժելեզնյակը» մտավ դահլիճ եւ ասաց, որ պահակախումբը հոգնել է։ Նորագույն պատմությունից 1993թ. ՌԴ ԳԽ եւ գործադիր իշխանության միջեւ ծագած վեճն ավարտվեց տանկային ստորաբաժանման համազարկով՝ Սպիտակ տան, այսինքն՝ Ռուսաստանի Գերագույն սովետի վրա։ Ինչի՞ համար եմ սա ուզում հիշեցնել։ Տեսեք, թե ինչ զարգացումներ կան, ընդհանրապես, աշխարհում։ Հիմա հիշեցման նպատակը։ Մեզ մոտ՝ պառլամենտում, տեղի ունեցավ մի գործընթաց, որի հետեւանքով գործադիր իշխանությունն առաջարկում է իր լուծման տարբերակները։ Առաջարկում է պառլամենտին փոխել իր կանոնակարգը, որպեսզի խուսափի նմանատիպ զարգացումներից։ Հասկանում եք, չէ՞, որ գործադիր իշխանության առաջարկած տարբերակը ոչ մի համեմատության եզր չունի իմ թվարկած տարբերակների հետ։ Այսինքն՝ բերված է եւ փորձ է արված ԱԺ՝ մեր խորհրդարանին, խնդրել, համոզել, որպեսզի մենք քվեարկության միջոցով ինչ172որ կերպ փոխենք, որպեսզի փորձենք խուսափել նմանատիպ զարգացումներից։ Զարգացումն առկա է, իրադարձություններն առկա են եւ տվյալ ճգնաժամից ելքի որոնման պայմաններն անհրաժեշտ են։ Մենք բոլորս դա գիտակցում ենք։ Իհարկե, մեր պատգամավորներից շատերին դուր չի գալիս, որ դա Կառավարության նախաձեռնությունն է։ Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս, բայց եթե դա Կառավարության նախաձեռնությունն է, խնդրում եմ չմոռանալ, որ դա ՀՀ Կառավարությունն է, մենք էլ ՀՀ ԱԺ ենք։ Այսինքն՝ դա մեր Կառավարության նախաձեռնությունն է։ Իհարկե, դա կարող էր լինել նաեւ մեր նախաձեռնությունը, ունենար այլ տեսք, սակայն իրավիճակն այս է։ Մենք պետք է որոշում կայացնենք, մենք պետք է քվեարկությամբ արտահայտենք մեր դիրքորոշումը։Ես չեմ ուզում խոսել տեխնիկական մանրամասների մասին, որովհետեւ՝ որպես մաքսիմալ պատժամիջոց, դա, ես այնպես եմ հասկանում, 15 օր ԱԺ այգում ման գալու հնարավորությունն է պատգամավորի, որի նկատմամբ, եթե կիրառվի նմանատիպ ռեժիմ, կուղեկցեն բազմաթիվ այլ պատգամավորներ 15 օրվա ընթացքում։ Միայն մի բան կա՝ եղանակային տեսանկյունից, ձմեռը մի քիչ անհարմար է լինելու 15 օր այնտեղ անցկացնելու համար։ Գարնանը, ամռանը եւ աշնանը մենք կարող ենք վայելել այդ հաճույքը։ Լավ, ես չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ խոսել պատճառների մասին։ Պատճառներն, իմ խորին համոզմամբ, այսօր չեն առաջացել։ Պատճառները ծնվել են 1999թ. հոկտեմբերի 27172ի եղեռնական ոճրագործությունից հետո։ Այդտեղ են այդ պատճառները, որոնք մենք ման ենք գալիս, որը հասարակությունն է ման գալիս, եւ հենց այդ ոճրագործության հետեւանքների հետ ենք մենք շփվում։ Ի՞նչ նկատի ունեմ ասելով։ Ոճրագործությունից հետո Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքը գտնվում էր շոկի մեջ, այդ թվում նաեւ՝ պետական կառավարման համակարգերը։ Մինչեւ այսօր կան մարդիկ, կան քաղաքական ուժեր, կան հասարակության անդամներ, որոնք փորձում են իրենց համար մտածել, թույլ տալ իրենց մտածելու, որ նմանատիպ ոճրագործության հետեւում կարող է կանգնած լինել ՀՀ նախագահը։ Ես անձամբ չեմ հավատում դրան։ Իմ խորին համոզմունքն է, որ ՀՀ բարձրագույն իշխանության կրողը չէր կարող նմանատիպ ոճրագործության հեղինակ, կազմակերպիչ կամ… ոչ մի կերպ չէր կարող առնչություն ունենալ։ Դա իմ խորին համոզմունքն է։ Ունենալով նմանատիպ համոզմունք, ես, բնականաբար, չեմ կարող թելադրել մարդկանց չունենալ այլ համոզմունք։ Դա իրենց խնդիրն է։ Ես իմ համոզմունքի մասին եմ ասում։ Սակայն զարգացումները, որոնք մենք հիմա ունենք այս նախընտրական տարում, ես գտնում եմ, որ վտանգավոր են։ Ինչի՞ համար են վտանգավոր։ Վտանգավոր են մեր հասարակության համար, մեր պետության համար։ Քաղաքական ուժերը գտնվում են նախընտրական տարվա մեջ։ Սկսվում է նախընտրական տարին, սկսվում է քաղաքական պայքար։ Քաղաքական պայքարի հետեւանքները մուլտիպլիկատորները արտացոլում են հասարակության վրա, տնտեսության վրա։ Իմ խնդրանքը եւ, սենց ասեմ, աղերսանքը քաղաքական ուժերին, քաղաքականության մեջ եղած մարդկանց՝ լինելու է հետեւյալը. պայմանավորվեք քաղաքական արսենալի այն միջոցների շրջանակների շուրջը, որի դաշտում պետք է տարվի քաղաքական պայքարը, դուրս մի եկեք ու մի կիրառեք այլ մեթոդներ։ Պայմանավորվե՛ք, հասարակական եւ քաղաքական պայմանավորվածության անհրաժեշտություն է ծագել, որովհետեւ գնալով թեժանալու է։ Որոշե՛ք այն դաշտը, այն քաղաքական գործիքների արսենալը, որով իրականացնելու եք այդ քաղաքական պայքարը։ Գործեք այդ պայմանավորվածությունների շրջանակում, որովհետեւ կա 2 սկզբունք, իմ խորին համոզմամբ։ 1.Քաղաքական հակամարտությունը չպետք է թույլ տալ, որպեսզի վերածվի քաղաքացիական հակամարտության։ Դա սկզբունք N1։ Սկզբունք N2։ ՀՀ քաղաքական առաջնային մանդատ ունեցող կառույցները պետք է ձեւավորվեն միայն իրենց ժամանակին։ Այսինքն՝ արտահերթ որեւէ բան ՀՀ172ում, ես գտնում եմ, այլեւս չպետք է լինի, որովհետեւ դրա բացասական ազդեցությունն իմ գնահատականներով կարող է լինել կործանարար։ Իմ գնահատականներով, ես իրավունք ունեմ տալ այդ գնահատականները։ Շնորհակալություն։ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել