Ռուսաստանը բարձրացնում է իր վարկանիշը Իսկ Հայաստանը՝ նվաստանում Երբ դեռ եռում էին ֆուտբոլային կրքերը, 8 հզորագույն երկրների ղեկավարները հավաքվեցին կանադյան փոքրիկ լեռնային քաղաքում՝ որոշումներ կայացնելու աշխարհի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ։ Հանդիպումը անցավ խիստ գաղտնիության պայմաններում եւ տեղեկատվությունը շատ սակավ է։ Սակայն հայտնի է, որ խոսակցությունը գնում էր հակաահաբեկչական պայքարի եւ տնտեսական համագործակցության շրջանակներում։ Մասնավորապես, ութնյակը որոշեց օգնության ձեռք մեկնել Աֆրիկայի առավել աղքատ երկրներին, իսկ Ռուսաստանին տրամադրել անվարձահատույց 20 մլրդ ամերիկյան դոլար՝ առաջին հերթին քիմիական եւ կենսաբանական սպառազինությունները ոչնչացնելու համար։ Այդ գումարը տրամադրվելու է, իհարկե, զուտ նպատակային, բայց չէ՞ որ հակառակ դեպքում Ռուսաստանը ինքը ստիպված կլիներ հոգալ այդ ծախսերը։ Այսինքն, դա լուրջ օգնություն է հենց ռուսական էկոնոմիկային։ Սակայն ամենաուշագրավը որոշումն էր, որ 2006 թվականից նախագահությունը ութնյակում ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունը (ուստիեւ համաժողովը տեղի կունենա Ռուսաստանում)։ Այդ փաստը վառ ապացույց է, որ Ռուսաստանը վերջապես ամրապնդեց իր դիրքերը 8 ամենահզոր երկրների ակումբում եւ որ Ռուսաստանին վերաբերվում են իսկապես հավասարի դիրքերից։ Ե՛վ ԱՄՆ-ը, ե՛ւ Եվրոպան եկան եզրակացության, որ ռուսների հետ ավելի ձեռնտու եւ շահավետ է համագործակցել, քան մրցակցել։ Ըստ որում, ԱՄՆ-ը վախենում է, որ Ռուսաստանը շատ մերձենա Եվրամիության հետ, վերջինս զգուշանում է ԱՄՆ-Ռուսաստան սերտ հարաբերություններից, իսկ երկուսը միասին ջանք չեն խնայում, որպեսզի չկայանա Ռուսաստան-Չինաստան հզոր դաշինքը։ Հենց վերջին հանգամանքը ստիպում է 7 տերություններին լիարժեք համագործակցել ՌԴ-ի հետ բոլոր բնագավառներում։ Հայաստանի մեծահասակ բնակչության մի մասը երեւի մտածում է, որ եթե Հայաստանը լիներ Ռուսաստանի հետ որեւէ (անգամ մարզի) կարգավիճակով, ապա հիմա ՌԴ-ի հետ միասին արագ վերելք կապրեր։ Ստիպված ենք հիասթափեցնել՝ Հայաստանի ներկա իշխանության քաղաքականությունը տանում է մեզ ոչ թե Ռուսաստանի մարզ, այլ Թուրքիայի վիլայեթ դառնալու ճանապարհով։ Արտգործնախարար Օսկանյանի Թուրքիա կատարած այցից հետո Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարեց, որ Հայաստանի առաջարկները ԼՂՀ-ի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ընդունելի են Թուրքիայի համար, սակայն վերջին տարիների փորձը միանշանակ հուշում է, որ եթե կարգավորման ծրագիրը ձեռնտու է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար՝ ապա անընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Ստացվում է, որ հայկական դիվանագիտությունը հասել է այն բարձունքներին, որ առաջարկներ է անում ոչ թե ի նպաստ սեփական երկրի, այլ պարտություն կրած թշնամու։ Դժվար չէ կռահել, որ խոսքը նորից Մեղրու միջանցքի կամ նրանով երթեւեկելու հնարավորության մասին է։ Իսկ ինչքանով դա կործանարար է մեզ համար, արդեն ցույց ենք տվել նախորդ հրապարակման մեջ («Առավոտ», թիվ 122, էջ 5)։ Ի դեպ, հնարավոր չէ չնկատել, որ վերջին շրջանում պաշտոնական մամուլը եւ հեռուստատեսությունը փորձում են «աննկատ» գովաբանել թուրքերին (երեւի իրավունք են ստացել)։ Մեկ գրվում է այն մասին, որ թուրքերը մենթալությամբ նման են հայերին, մեկ էլ խոսվում է այն մասին, որ «վատ» ռուսները ֆուտբոլի ցուցադրումները չեն հեռարձակում Հայաստանի տարածք, իսկ Թուրքիան հեռարձակում է։ Եվ, վերջապես, «գլուխգործոցը»՝ պարզվում է, որ մենք պետք է ուրախանանք, որ մեր տարածաշրջանի թիմը (խոսքը գնում է մեր դարավոր թշնամի Թուրքիայի մասին) բրոնզե մեդալներ է նվաճել աշխարհի առաջնությունում։ Ինչքան կարելի է նվաստանալ։ Եվ վերջապես ինչի՞ համար։ Մի՞թե իշխանություններն իսկապես մտածում են, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է քաղաքական եւ տնտեսական օգուտ տալ Հայաստանին։ Թվում է, թե ոչ։ Իսկ եթե ոչ՝ ապա պարզ է, թե որոնք են իրական դրդապատճառները։ Պարզ է նաեւ, թե ո՞վ է իսկապես խանգարում երկրի առաջընթացին։ Եվ ո՞ւմ ձեռքից (կամ ականջից) պետք է բռնել։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ