Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 06,2002 00:00

«ԱՅՍՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ» ՀՀՇ գրասենյակում երեկ տեղի ունեցած ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված սեմինարի հյուրն էր Ժիրայր Լիպարիտյանը Ադրբեջանն այսօր հայտարարություններ է անում, որ 1997թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կողմերն ավելի մոտ էին, քան այսօր։ Ժիրայր Լիպարիտյանի անձնական կարծիքն այս մասին կարող է հետաքրքիր լինել։ «Առավոտի» հարցին պատասխանելով, նա ասաց. «Կա տպավորություն, եւ կարելի է ստանալ տպավորություն մեր հայտարարություններից եւ երբեմն՝ ուրիշների, որ վերջին մի քանի տարվա ընթացքում եղել են պահեր, որ մտածել են, թե մոտ են։ Եվ քանի որ ես լրիվ ծանոթ չեմ մանրամասներին, չեմ կարող ասել, որ մոտ չէին։ Սակայն հստակ է, որ այն ակնկալիքները, որ հայկական կողմն ունի, շատ ավելի խիստ են, շատ ավելի դժվար իրականանալի, քան այն, ինչ որ կարելի էր անել առաջ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ բանակցության հոգեբանությունը եւ մտայնությունը, եթե մի կողմինն այն է, որ մենք մոտավորապես մեր հարցերը լուծել ենք, եւ մյուս կողմի պրոբլեմն է՝ ընդունել մեր պահանջները, իսկ մյուս կողմը մտածում է, որ այսօր գուցե այսպես է, բայց մենք էլ կսպասենք, դուք տկարանալու եք, ուրեմն՝ ընդհանրապես բանակցության հոգեբանական եւ ռազմավարական հիմքերն այսօր ավելի տկար են, քան առաջ։ Ես այս հիմքի վրա եմ ասում, որ եթե նույնիսկ հնարավոր է, որ վերջին 3-4 տարվա մեջ հարցի կարգավորմանը շատ են մոտեցել, բայց այդ մոտենալը այնքան արժեք չունի։ Այնպես որ, շատ մոտենալը այնքան պրոբլեմ չէ. կարելի է ամեն տարի մեկ անգամ մոտենալ, կարեւորը վերջին 5-10 տոկոսն է։ Այդ 5-10 տոկոսն է պահանջում ե՛ւ քաղաքական երեւակայություն, ե՛ւ ռիսկերի ճիշտ հաշվարկում, ե՛ւ ունեցած քարտերի ճիշտ խաղացում։ Ընդհանուր առմամբ տեսնում եմ, որ մեր կողմը այնքան հսկա ակնկալիքներ ունի, որ երբ հարցը հասնում է վերջին 5-10 տոկոսին, մի քիչ դժվարանում է»։ Ըստ Ժիրայր Լիպարիտյանի՝ այսօր պակասում է փոխվստահությունը. «Այսինքն, վերջին շփումները՝ Բաքու-Երեւան, մի քիչ անհարմար են եւ գրեթե ոչ դիվանագիտական»։ Լիպարիտյանի կարծիքով՝ մթնոլորտը վատացել է, բայց ինքն անձնապես հույս ունի, որ իսկապես մոտեցել են հարցի կարգավորմանը, սակայն, կարծես թե՝ ոչ ի շահ Հայաստանի։ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը Ժիրայր Լիպարիտյանից ուզում էր իմանալ. «Դուք տեղյա՞կ եք, այսօրվա իշխանությունները ներկայացրե՞լ են Ադրբեջանին, միջնորդներին այսպիսի ծրագիր՝ անկախ Ղարաբաղ, 8 հազար քառ. կմ՝ Քելբաջար-Լաչինով միացած Հայաստանին։ Այսպիսի ծրագիր, բանակցությունների մեջ որեւէ փաստաթուղթ, որպես նախագիծ եղե՞լ է, թե՞ ոչ»։ Ժիրայր Լիպարիտյանն ընդամենը պատասխանեց. «Ոչ, ես չեմ լսել»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին հետաքրքրում էր Թուրքիայի դերակատարման ակտիվացման հարցը ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Ըստ Ժիրայր Լիպարիտյանի. «Հայաստանը ե՛ւ նախկին, ե՛ւ այսօրվա իշխանությունների օրոք միշտ Թուրքիային հատուկ տեղ է տվել, այսինքն՝ մենք Թուրքիայի հետ էլ հարց ունենք՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, երկաթգիծը բացելու, ճանապարհները բացելու։ Թուրքիայի դերի բարձրացման մեջ ես նորություն չեմ տեսնում, եւ հետո, Թուրքիան ակտիվանում է այն ժամանակ, երբ սեղանի վրա կա առաջարկություն Ղարաբաղի հարցի լուծման, երբ նման պարագա է ստեղծվում՝ Թուրքիան շատ ջերմ է վերաբերվում Հայաստանի ներկայացուցիչներին։ Իսկ երբ Հայաստանը կամ հայկական կողմը մերժում է առաջարկությունները՝ հարաբերությունները սառեցվում են»։ Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով, 10 տարվա ընթացքում Թուրքիայի պահվածքը հետեւյալն է եղել. «Մեկ նախապայման կա՝ Ղարաբաղի հարցն է»։ Պրն Լիպարիտյանը կարծում է, որ այսօր սեղանի վրա կա կոնկրետ առաջարկություն, եւ այդ պատճառով էլ Թուրքիան առայժմ արտաքուստ ջերմ է վերաբերվում Հայաստանին։ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մեթոդոլոգիայում Ժիրայր Լիպարիտյանը որոշ առանձնահատկություններ է նկատում։ Այն է՝ երկու-երեք տարի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դերակատարությունը երկրորդական դարձավ. «Հիմա անցել ենք նախագահների ներկայացուցիչների մակարդակով բանակցությունների։ Երկու դեպքում էլ բացակայում է ԼՂՀ-ն, երկու դեպքում էլ առայժմ դրական արդյունք չկա, թեեւ հայտարարություններ կան, թե մոտեցել են դրական արդյունքին։ Նախագահների բանակցությունների հիմքն էր տարածքների փոխանակման բանաձեւը, որը շատ արագ փոխվեց, դարձավ միջանցքների հարց։ Համենայն դեպս, լրիվ հստակ չէ, թե ինչ է էությունը, սակայն մի բան հստակ էր՝ բանակցությունները կենտրոնացան նախագահների մակարդակով։ Որից հետո հստակ էր, որ այդ բանաձեւը շատ քիչ շանս ունի (եթե ունի)։ Եվ տարածվեց այն գաղափարը, թե նախագահները պատրաստ են, եւ ժողովուրդներն են արգելք դառնում։ Սա մի քիչ տարօրինակ հայտարարություն էր»։ Բանակցությունների այս ձեւը, ըստ պրն Լիպարիտյանի, ունի առավելություններ՝ ի վերջո, նախագահներն են որոշող։ Նաեւ ուներ դժվարություն, քանի որ, եթե նախագահներն անհաջողության մատնվեին. «Եթե իրենք 100 տոկոս չհամաձայնեն, իրենցից բարձրը չկա»։ Ներկայացուցիչների մակարդակով այսօրվա ընթացող բանակցությունների պրոբլեմը, ըստ Լիպարիտյանի, այն է, որ յուրաքանչյուրն ուզում է իր հունով տանել բանակցությունները. «Հայկական կողմը կարծես ուզում է բանակցել Փարիզյան եւ Քի Ուեսթյան սկզբունքներով, իսկ ադրբեջանական կողմն անում է լրիվ նոր առաջարկություն»։ Մինսկի խմբին անդրադառնալով, պրն Լիպարիտյանն ասաց, որ այսօր երեք համանախագահող երկիր մնացածին դուրս թողեց եւ «իրենք են որոշում, թե ի՞նչ են անում, ո՞ւր են գնում եւ երբեմն-երբեմն տեղեկացնում են մնացյալ անդամներին»։ Ըստ Ժ. Լիպարիտյանի, այսօր կա երկու առաջարկություն. «Մեկը, վստահ չեմ, թե տարածքային փոխանակման սկզբունք է, որովհետեւ հստակ չէ, թե իսկապես կա՞ նման բան՝ Մեղրին տալո՞ւ հարց է, թե՞ անցք տալու։ Երեւի բանակցության հարց է։ Ես շատ զգույշ եմ որեւէ բան ասել, որովհետեւ պետք է շատ ավելի մոտիկից տեսնել-ուսումնասիրել փաստաթղթերը։ Սակայն եղածից կարելի է ենթադրել, որ պրն Ալիեւը համաձայնել է, կարծեք թե, Ղարաբաղը տալ Հայաստանին, ինչ-որ բանի փոխարեն։ Սա կարո՞ղ է ընդունելի լինել Ադրբեջանին համար։ Իմ տպավորությամբ՝ չի կարող»։ Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով, տարածաշրջանի երեք նախագահներն այսօր ավելի թույլ են որպես նախագահ, քան 4-5 տարի առաջ. «Սա մասամբ նորմալ է, որովհետեւ որեւէ մեկը որ նախագահ է լինում մի քանի տարի, կապիտալը սկսում է թուլանալ։ Այնպիսի հարցեր ունեն այս երկրները, որ շատ դժվար է՝ 5 տարի հետո մնալ նույն ռեյտինգով, ինչ որ առաջին օրը»։ Խոսելով, այսպես կոչված՝ «գրավված տարածքների» մասին, նա ասաց, որ այսօր շեշտվում է 4 տարածք. «Առաջարկությունը կարծեք այն է, որ այդ տարածքները լրիվ կամ մեծ մասամբ վերադարձվեն, լինեն միջազգային դիտորդներ, փախստականները հետ գան, փոխարենը բացվեն տարածաշրջանի երկաթգծերը։ Այսինքն՝ եթե կուզեք, 97 թ. սեպտեմբերի առաջարկության փոքր մասշտաբով տարբերակն է։ 97-ի սեպտեմբերին ասում էր՝ վեց տարածք, ասում էր՝ դիվանագիտական հարաբերություններ։ Սա կոմունիկացիաների սկիզբն է, բայց միայն չորս տարածք։ Ուրեմն, տակավին հայկական ուժերի ձեռքին կլինեն Լաչինը, Քելբաջարն ու Աղդամը, սակայն դիվանագիտական հարաբերություն չի լինի։ Բայց մեկ կարեւոր բան կա՝ եւ 97-ի սեպտեմբերի, եւ այս առաջարկությունը խոսում են կարգավիճակի հարցի հետաձգման մասին, սա փուլառփուլ մոտեցում է»։ Եթե տարածքային փոխանակության բանաձեւը փակուղի է մտնում, կարելի՞ է վերադառնալ ուրիշ բանաձեւի, որոնցից մեկը 97-ի սեպտեմբերի բանաձեւն է, մյուսը՝ 98-ի Ընդհանուր պետության։ Ըստ պրն Լիպարիտյանի, հայկական կողմն ավելի հեշտ կարող է վերադառնալ Ընդհանուր պետության փաստաթղթին, իսկ Ադրբեջանը՝ 97-ի բանաձեւին. «Բոլոր կողմերն էլ այսօր ստիպված են նստել եւ մտածել, որ եթե ուզում են խաղաղություն, ինչպե՞ս են առաջնորդվելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել