Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈԽՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՆ

Հուլիս 06,2002 00:00

ՓՈԽՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԴՐԴՎԵԼԻ ԱՄԵՐԻԿԱՆ Հայաստանյան 7 լրագրողներ ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրով 3 շաբաթ հյուրընկալվել էին Միացյալ Նահանգներում։ Նախ առանձնացնենք այն հարցերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ քաղաքական րջանակների համար։ «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է» Ճիշտ մեր այցելության օրերին էր, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղն ընդունում են որպես Ադրբեջանի մի մաս։ Լրագրողներս տարբեր հանդիպումներում փորձում էինք պարզել, թե ինչի հետեւանք էր այս հայտարարությունը։ Ասենք, Հայ Դատի հանձնախմբի կենտրոնական գրասենյակի Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, պատասխանելով «Երկիրի» թղթակցի հարցին, թե արդյոք ԱՄՆ այս կոշտ դիրքորոշումը ԼՂՀ-ի վերաբերյալ չի՞ նախանշում, որ խնդրի ոչ հայանպաստ լուծում է պարտադրվելու Հայաստանին, ասաց. «Այո, լրիվ։ Սա նահանջ է 1997-ի դիրքերին։ Եթե հիշում եք Լիսաբոնի սկզբունքները, երբ բոլորը՝ բացի Հայաստանից, համամիտ էին, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում։ Դրանից հետո Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը կարծես հրաժարվել էր այդ քաղաքականությունից, բայց հիմա կարծես թե վերադառնում է այդ նույն քաղաքականությանը։ Շատ վտանգավոր միտում է սա։ Եվ դրա մաս է կազմում նաեւ դեսպան Օրդուեյի քննադատությունը Հայաստանին, որ կապեր ունի Իրանի հետ»։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը կարո՞ղ է պատասխանը լինել, ասենք, Իրանի հետ Հայաստանի ռազմական համագործակցության պայմանագրի, կտրուկ ժխտեց։ Դեսպանը նաեւ նշեց, թե երբեւիցե մեզ չեն կարող մեղադրել Իրանի հետ լավ հարաբերությունների համար, քանի որ Իրանը նույնատիպ հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Արման Կիրակոսյանը Ֆիլիպ Ռիկերի հայտարարությունը դիտարկում էր միայն որպես ԼՂՀ արտգործնախարարի այցի արձագանք։ Մեր դեսպանատանը ենթադրում էին, թե, հավանաբար, անհրաժեշտություն է ծագել, որ ԱՄՆ-ը՝ որպես բանակցային գործընթացում ներգրավված միջնորդ, Ադրբեջանի վստահությունը չկորցնելու համար, փորձի հավասարակշռել այն բարձր ընդունելությունը, որին արժանացավ ԼՂՀ արտգործնախարարը. «Նրա այցելությունից հետո եղել է շատ ուժեղ ճնշում Ադրբեջանի իշխանությունների կողմից, ե՛ւ համանախագահողների, ե՛ւ ԱՄՆ գործադիր մարմինների, նաեւ՝ Պետքարտուղարության վրա, պահանջելով հատուկ վերաբերմունք հանդես բերել եւ բացատրություն տալ, թե ինչպես է ոչ ճանաչված երկրի նախարարն ընդունվում ԱՄՆ-ում։ Եվ սրա արդյունքում է ծնվել այս հայտարարությունը»։ Արման Կիրակոսյանն անգամ փորձում էր դրական կողմեր գտնել այս հայտարարությունում, որ Ֆիլիպ Ռիկերը նշել է, թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում ԼՂՀ ինքնահռչակ կառավարությանը կամ, նաեւ նշել է, թե բանակցում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ որպես Մինսկի խմբում ներգրավվածների։ Սակայն դեսպանը համաձայնեց «Առավոտի» այն դիտարկմանը, թե վերջին 8 տարում նման կոշտ հայտարարություն չի եղել. «Այո, ամենից չոր եւ հստակ պատասխանն է»։ Ըստ Արման Կիրակոսյանի, այդ հայտարարությունը կարող է մեծ վնաս հասցնել բանակցային գործընթացին, եւ պիտի փորձենք այնպես անել, որ հետեւանքները շատ լուրջ չլինեն, նման բացասական դիրքորոշումներ բացահայտորեն հանդես չբերվեն այլ պարագաներում, ասենք՝ Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրության առիթով։ Եվս մի մեջբերում Արամ Համբարյանից. «Ի՞նչն է օգուտը բանակցություններ վարելու, եթե սկզբից եւեթ մեզ ասում են՝ գիտե՞ք, սա է լինելու վերջում։ Բանակցությունների իմաստը ո՞րն է ուրեմն»։ «Լիզինի» մասին, եւ ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության ոչ բարձրաստիճան պաշտոնյաները (պայմանավորվածության համաձայն՝ չպիտի հրապարակենք նրանց անունները եւ զբաղեցրած դիրքը) հանդիպման ժամանակ ավելի վաղ էին Նաիրա Մելքումյանի այցի մասին ասել, թե չեն ճանաչում ԼՂՀ-ն, ուստի եւ՝ բացի Մինսկի խմբում իրենց ներկայացուցիչներից, որեւէ մեկը չի հանդիպում այդ հանրապետության պաշտոնյաներին։ «Առավոտի» հարցին, թե հապա ինչպե՞ս են հասնելու խնդրի լուծմանը, առանց հակամարտության «օբյեկտի»՝ Ղարաբաղի համաձայնությունը ստանալու, հետեւեց ստանդարտ պատասխան, թե բնական է, որ լուծումը պիտի ընդունելի լինի բոլո՛ր կողմերի համար, եւ ճիշտ այդ պատճառով է, որ համանախագահողները հանդիպում են Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, որոնք «ընդունե՞նք, թե՞ չընդունենք՝ բանակցային կողմ են»։ Սակայն ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպման մեխը թերեւս «Լիզին» գործարանի վերաբերյալ մեկնաբանություններն էին։ Պաշտոնյաներից մեկը խոստովանեց, թե երկու տարի հետեւում էին այս ընկերությանը, արտահանման ամեն փուլում, երբ «Լիզինը» Իրանին վաճառում էր նյութեր, որոնք կարող են կիրառվել ե՛ւ որպես կենսաբանական զենք, ե՛ւ բժշկական նպատակներով՝ փորձում էին «հանգիստ, լուռ, վարագույրի ետեւում» լուծել հարցերը, ասենք՝ ընդգրկել միջազգային վերահսկողների եւ այլն. «Ցավոք, «Լիզինը» չցանկացավ համագործակցել եւ շարունակում էր վաճառքը»։ Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների, իրենք այս ամենի մասին նաեւ զգուշացրել էին Հայաստանի կառավարությանը, սակայն հրաժարվեցին հայտնել, թե հատկապես ում են զգուշացրել։ Ե՛վ «Լիզին» ընկերության, ե՛ւ գործարար Արմեն Սարգսյանի հերքումներին ի պատասխան, Պետքարտուղարության պաշտոնյաներն ասացին, թե նման ցուցակները կազմելը շատ բարդ է լինում՝ իրենք մինչ հայտարարություններ անելը մանրամասն քննում են գործերի բոլոր հանգամանքները։ «Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին՝ վստահ ենք, որ նա էլ իր պատճառներն ունի հայտարարելու, թե կապ չունի այդ ընկերության հետ»,- մի պաշտոնյայի այս արտահայտությունից հետո «Ազգի» թղթակիցը հայտարարեց, թե Արմեն Սարգսյանը ստում է, երբ ասում է, որ ինքը կապ չուներ։ Հանդիպման ընթացքում այլ հարցեր էլ արծարծվեցին։ Ասենք, ինչպես ամերիկյան մեր շատ այլ հանդիպումների ընթացքում՝ մտահոգություն հնչեց «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» առնչությամբ (այս թեմային կանդրադառնանք առանձին)։ Կամ, լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու ԱՄՆ-ը ճնշում չի բանեցնում Թուրքիայի վրա, որպեսզի վերացվի Հայաստանի շրջափակումը, եւ ի պատասխան ասվեց, թե իրենք չեն կարող ստիպել Թուրքիային, որ բնականոն հարաբերություններ հաստատի՝ կարող են միայն քաջալերել։ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախումբ Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների հարցերին առավել զգայական էին ԱՄՆ «Հայ Դատի» հանձնախմբի կենտրոնական գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանությունները, որը համարում է, թե այս հարցերում մեր դիվանագիտական ու լոբբիստական կարողությունների նկատմամբ տարվում է «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը, թուլացնելու եւ մասնատել-տարանջատելու համար մեր ուժերը։ Բնականաբար, առաջին հերթին, խոսքը վերաբերում էր Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբին, որի ստեղծումն Արամ Համբարյանը համարեց «ամերիկյան մտածողության խելացի մանիպուլյացիա»։ «Հայ Դատի» ներկայացուցիչը վստահ էր. «Դա ոչ թե անկեղծ երկխոսություն է, այլ Թուրքիայի կառավարության եւ ԱՄՆ Պետքարտուղարությունում նրանց դաշնակիցների մարտավարական հնարքը՝ մեր ջանքերը ձախողելու ուղղությամբ»։ Չշարունակենք մեջբերումները՝ հանրահայտ է, թե դաշնակցականներն ինչպես են վերաբերվում Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբին։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ավելի հանգիստ չվերաբերվեցին այդ հանձնախմբին. չէ՞ որ դրա հայ անդամները բազմիցս հայտարարեցին, թե ներկայացնում են միայն իրենք իրենց, եւ նույնիսկ առաջարկեցին, որ մի հանձնախումբ էլ իրենց ընդդիմախոսները ստեղծեն։ Ուստի, «արդյո՞ք հենց բարձրացված աղմուկով կարեւորություն չտրվեց այդ նախաձեռնությանը» հարցին ի պատասխան Արամ Համբարյանն ասաց. «Երբ խոսում ենք այդ հանձնախմբի մասին, պետք է նախ եւ առաջ ուշադրություն դարձնենք ոչ թե նրան, թե արդյոք այն պաշտոնական էր, կամ ոչ, այլ նրան, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել այդ հանձնախմբի ստեղծումը։ Իսկ որպեսզի գնահատենք այդ արդյունքները, պիտի հասկանանք, թե ով կամ ինչն էր այդ հանձնախմբի ստեղծման նպատակը, թիրախը։ Իսկ թիրախը ԱՄՆ, նաեւ՝ այլ երկրների կառավարությունը եւ խորհրդարանն են։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ կասեինք, ինչպիսի իմաստ կներդնեինք այդ հանձնախմբի ստեղծման մեջ՝ նրանք օգտագործում էին երկու կարեւոր հանգամանք. նախ՝ տեսեք, հայերը Ցեղասպանության հարցում երկու մասի են բաժանված, նրանց մեջ չկա միասնություն, եւ երկրորդը՝ ինչու չսպասենք եւ հնարավորություն չտանք հանձնախմբին ավարտել իր գործունեությունը։ Եվ արդյունքը, իհարկե, հենց այն էր, ինչ ցանկանում էին մեր հակառակորդները՝ Ցեղասպանության ճանաչմանը խանգարելը»։ Երբ «Արմինֆոյի» թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ են այդ գործընթացին խանգարել Հայ-թուրքական տնտեսական համագործակցության եւ նման այլ հանձնախմբերը, հետեւեց Արամ Համբարյանի բացասական պատասխանը։ Մի նկատառում եւս. այս ամենից հետո պիտի որ կտրուկ՝ «այս նախաձեռնությունը դատապարտելի է ցանկացած մասնակցության պարագայում» պատասխան հնչեր, երբ «Առավոտը» հետաքրքրվեց, թե կա՞ն 4-5-6 այնպիսի հայեր, որոնք եթե ներգրավված լինեին հանձնախմբում, իրենց արձագանքը չէր լինի այդչափ բացասական (մանավանդ որ՝ քննադատության գլխավոր փաստարկներից մեկը հանձնախմբում ներկայացվածներն էին), Արամ Համբարյանը, ճիշտ է, նախ պատասխանեց, թե «գլխավոր հարցը ոչ թե մասնակիցների անձերն են, այլ, թե արդյոք Ցեղասպանության հարցը չպե՞տք է լինի այդ քննարկումների թեման», բայց հետո նաեւ նշեց. «Այդ բանակցությունների կայացման ճիշտ ձեւը կլիներ, եթե դրանց մասնակցեին Հայաստանի ու Թուրքիայի ե՛ւ կառավարությունները, ե՛ւ կարող ուժերը, այդ թվում նաեւ՝ Սփյուռքը»։ Ի դեպ, իսկ արդյոք Սփյուռքի՞ց չէին Անդրանիկ Միհրանյանն ու Վան Գրիգորյանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վաշինգթոն-Նյու Յորք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել