Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բռնագանձում տեղի չի ունեցել

Հուլիս 05,2002 00:00

Բռնագանձում տեղի չի ունեցել «Առավոտում» (հունիսի 4, «Ավտովթարից հետո») անդրադարձել էինք 1999թ. ավտովթարի մի պատմության, երբ վնասի փոխհատուցման սահմանված գումարը (փորձագետի ներկայացրած 200 հազար դրամը) մինչ մարման ժամկետի լրանալը վերաճեց 1300 ԱՄՆ դոլարի։ Արդյունքում, Եղվարդի ՆԳ բաժնի տարածքից առեւանգվեց Ս. Քարամյանի անձնական օգտագործման «ԿամԱԶ» ավտոմեքենան։ 2000թ. հուլիսի 9-ին Ս. Քարամյանը վեճի բռնվեց համագյուղացի Մ. Հարությունյանի հետ՝ վերջինից պահանջելով որդու աշխատանքի դիմաց հասանելիք գումարը։ Կատարվածի առթիվ հարուցվում է քրեական գործ։ 2000թ. դեկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը վճռում է Մ. Հարությունյանից հօգուտ Քարամյանի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես առողջության քայքայմամբ պատճառված վնասի հատուցում։ Սակայն ԴԱՀԿ Կոտայքի ստորաբաժանման հարկադիր կատարող Էդիկ Միքայելյանը 04.05.01թ. որոշում է կայացնում կատարողական վարույթը ավարտելու մասին՝ պատճառաբանելով, թե Մ. Հարությունյանը գույք եւ եկամուտներ չունի, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել։ Ս. Քարամյանի բողոքների, դիմումների արդյունքում Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Պողոսյանը պահանջում է ապահովել բռնագանձումը։ Ի վերջո, Հարությունյանի մոտ «հայտնվում» է շուրջ 350 հազար դրամի բռնագանձման ապրանք (3 կովից, որն իբրեւ թե չկար, ի հայտ եկան 2-ը)։ 2001թ. սեպտեմբերի 11-ից աճուրդի է ներկայացվում Մ. Հարությունյանի գույքը, իսկ մինչ օրս Քարամյանին ոչինչ չի տրվել։ Օրենքի աշխատակիցները չեն նկատում դա։ Չնկատելու պատճառ նրանք, թերեւս, ունեն. «Համ քեզ փող տամ, համ բաժնի՞ն»։ Քարամյանի բազմաթիվ բողոքները ՆԳ ուշադրության կենտրոնում էին պահում վերջինիս ընտանիքը։ Փորձությունները շարունակվում էին։ 2001թ. հոկտեմբերի 15-ին Անուշ Քարամյանը Եղվարդի ՆԳ բաժնում հանդիպում է քննիչ Հ. Ադիմյանին. «Ես Եղվարդ եմ եկել՝ որդուդ եւ ամուսնուդ դատելու, որ է՛լ ավելի բողոքներ գրեք։ Խոստանում եմ՝ 3 օրից որդիդ բաժնում լինի»։ Քննիչն իր խոստումն ընդամենը մեկ օրով ուշացրեց։ 2001թ. հոկտեմբերի 19-ին Եղվարդ-Երեւան ճանապարհից ՆԳ 2 աշխատակիցներ ՆԳ բաժին բերման են ենթարկում անչափահասներ Արամ Քարամյանին եւ Արտակ Մամիկոնյանին։ 30 ժամ պահելով բաժնում՝ երեխաներին ծեծում են եւ ահաբեկելով ինչ-որ թղթեր ստորագրել տալիս։ «Չբացահայտված 6 գործ ունենք, 2-ը պետք է ձեր վրա վերցնեք։ Ինչ-որ ցույց տանք, պետք է ասեք, որ ձերն է (նույնիսկ ձեր ծնողների ներկայությամբ), հակառակ դեպքում գրպաններդ «ինչ-որ բան» կգցենք»,- ասել են ՆԳ աշխատակիցները։ Չկարողանալով դիմակայել ծեծին՝ անչափահասները ստորագրում են փաստաթղթերը, որոնց համաձայն, նրանք իբրեւ թե կատարել են մի շարք գողություններ։ Հարուցվում է քրեական գործ, որը հետագայում կարճվում է։ Երբ Ս. Քարամյանը Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռ. Պողոսյանից պահանջում է դատաբժշկական ուղեգիր, վերջինս ձգձգում է։ Ծեծից 2 ամիս հետո միայն՝ 2001թ. դեկտեմբերին Պողոսյանը որոշում է Արամ Քարամյանին ուղարկել դատաբժշկական փորձաքննության։ Եղվարդի ՆԳ աշխատակիցների՝ ռետինե մահակներով, ոտքերով հարվածելուց հետո Արամ Քարամյանի մոտ ի հայտ է գալիս արյունամիզություն, երիկամների վնասվածք… Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել