Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԻ

Հուլիս 05,2002 00:00

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԻ Հայաստանի Հանրապետության ազգությունների միությունը մեծ ոգեւորությամբ ընդունեց «Հայաստան172Սփյուռք» երկրորդ համաժողովի հրավիրումը։ Այն կապերը, որ ցանկություն ունեն ստեղծել Հայաստանի իշխանությունները հայ Սփյուռքի հետ, մեծ ոգեւորություն են առաջացրել նաեւ այն պետություններում, որոնք համանման Սփյուռք ունեն Հայաստանում։ Վերջին ժամանակներս եվրոպական, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության շատ երկրներում անց են կացվում լայնամասշտաբ խորհրդաժողովներ, որոնց նպատակն Է համագործակցված ձեւով լուծում տալ այլ երկրներում բնակվող իրենց հայրենակիցներին հուզող հարցերին, ինչպես նաեւ նրանց հնարավորությունները օգտագործել երկկողմանի հարցեր լուծելու համար։ Գոյություն ունի հետեւյալ ասացվածքը. «Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կկամենայիր քեզ հետ վարվեն»։ Այս փոքրիկ նախաբանով ցանկանում եմ մտորումներս կիսել Ձեզ հետ, հուսով, որ ապրելով նույն տանիքի տակ, ունենալով նույն հաջողություններն ու դժվարությունները, միասնական ջանքերով պետք է հաղթահարենք արգելքները, միասնական ուժերով կերտենք մեր ապագան։ Հայաստանը բազմազգ պետություն է, որտեղ դարերով ապրել եւ ապրում են տարբեր ժողովուրդներ, քսանից ավելի ազգությունների ներկայացուցիչներ, որոնք կազմում են Հայաստանի բնակչության շուրջ 3 %172ը։ Հայաստանում միշտ էլ ազգային հաշտություն է տիրել։ Այսօր Հայաստանում գոյություն չունի ազգային հարց՝ իր դասական իմաստով, որովհետեւ ազգային պատկանելության հողի վրա հետապնդման քաղաքականություն չի վարվում, չեն հրահրվում ազգամիջյան կոնֆլիկտներ, ոչ ոք զրկված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից՝ ազգային պատկանելության պատճառով։ Բայց սրանից չպետք է անել այն հետեւությունը, թե Հայաստանում ամեն ինչ կարգին է եւ ազգային խնդիր չկա։ Այն կա, եւ ժողովրդավարության զարգացման, քաղաքացիական հասարակության կառուցման եւ մեր հանրապետության ներքին կայունության, ազգամիջյան խաղաղության ու համագործակցության ամրապնդման շահերը պահանջում են հրապարակավ խոսել ներկայումս ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրների մասին։ Ազգային փոքրամասնությունները, ինչպես հայերը, դժվարություններ են ապրում ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանների հետեւանքով։ Նրանք ունեն նաեւ իրենց բնորոշ խնդիրները՝ կապված իրենց իրավական կարգավիճակի, Հայաստանի պետական եւ քաղաքական կյանքին մասնակցելու հետ։ Նրանց հուզում են ազգային լեզվի պահպանման, կրթության, ավանդույթների, ազգային մշակույթի հարցերը, այսինքն՝ ազգային ինքնության պահպանման խնդիրները։ Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կնպաստեն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հայ ժողովրդի հետ նրանց բարեկամության է՛լ ավելի սերտացմանը, ժողովրդավարության զարգացման ու հանրապետության ներքաղաքական կայունության ամրապնդմանը։ Այն խնդիրները, որոնք ներկայումս հուզում են մեզ, իրենց արտացոլումն են գտել նաեւ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովի մասնակիցների ելույթներում, որոնց լուծման հարցում կարեւորում ենք Հայաստանի իշխանությունների հովանավորությունը եւ մասնակցությունը։ Կրկին ուզում ենք անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք Հայաստանի ազգությունների միությունը բազմիցս բարձրացրել է պետական մարմիններում եւ համաժողովներում։ Դրանք են. «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը, միջազգային նորմերին համապատասխան, իրավաբանորեն կսահմանի ազգային փոքրամասնությունների կարգավիճակը եւ կերաշխավորի նրանց իրավունքները։ Ընտրությունների մասին օրենքով ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը ՀՀ Ազգային ժողովում ապահովելը։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդգրկելը պետական, կառավարական, դատաիրավական կառույցներում, ինչպես նաեւ իշխանության տեղական վարչական մարմիններում։ ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանն առընթեր ազգությունների գործերի խորհրդակցական մարմինների ստեղծումը, դրանց աշխատանքում ներգրավելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Պետական աջակցության ապահովումը ազգային լեզուներով կրթության եւ մշակույթի զարգացման համար։ Այդ կապակցությամբ ԿԳ եւ մշակույթի նախարարություններում ցանկալի է ստեղծել համապատասխան կառույցներ։ Նպաստավոր պայմանների ստեղծումը ազգային փոքրամասնությունների զանգվածային լրատվության միջոցների զարգացման համար։ Ցանկալի է, որպես կանոն, որեւէ պետություն մեկնող պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկել տվյալ երկրի, պետության էթնիկ ժողովրդի ազգակիցը հանդիսացող ՀՀ այլազգի քաղաքացի։ Աջակցել, որ Սփյուռքի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացվեն համերգներ, փառատոներ, սպորտային խաղեր, օլիմպիադաներ, ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսներ, կազմակերպվեն տարբեր ազգերի երիտասարդների հանդիպումներ։ Նշված առաջարկությունների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ պայմանները եւ հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը։ Անցած տարիների ընթացքում ՀՀ ազգությունների միությունը ձեռք է բերել բավականին փորձ, որը թույլ է տալիս համագործակցել պետական կառույցների հետ եւ ժողովրդավարական դիվանագիտության շրջանակներում իր համեստ հնարավորություններով նպաստել «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովի հռչակագրում արտացոլված դրույթների իրականացմանը։ Վ. ՉԱՏՈԵՎ ՀՀ ազգությունների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել