Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չենք ուզում վրեժի «արդար» իրավունքի զոհ դառնալ

Հուլիս 05,2002 00:00

Չենք ուզում վրեժի «արդար» իրավունքի զոհ դառնալ Բաց նամակ ՀՀ նախագահին 2000 թ. հունիսի 20-ին ՀՀ ԱԺ դահլիճում տեղի ունեցած արտահերթ նիստի արդյունքները, կապված մահապատժի խնդրին, մեկ անգամ եւս ստիպեց ինձ դիմելու Ձեզ՝ մեր 40 մահապարտների ճակատագրի հստակեցման առումով։ Նկատի ունենալով այն իրողությունը, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը բարոյական եւ հուզական բորբոքվածության մեծ շրջան է ապրում, ուստի եւ ի վիճակի չէ պատասխանատվության լուրջ գիտակցումով մոտենալ 40 մահապարտների ճակատագրի որոշմանը։ Փորձ է կատարվում ԱԺ-ում կարծիք ստեղծել, որ հնարավոր է նախորդ քրեական օրենսգրքով դատապարտվածներիս համարել մահապարտներ, նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց էլ հետո, անտեսելով օրենսգիտության հիմնական սկզբունքներից մեկը, ըստ որի, պատիժների մեղմացումները չեն կարող հետադարձ ազդեցություն չունենալ։ Օրենքները արտացոլում են հասարակության օրվա պահանջները, եւ չի կարելի անտեսել կամ շրջանցել դրանք։ Մեզ համար այլեւս հասկանալի է այն հանգամանքը, որ «Հոկտեմբերի 27»-ի խնդիրը շահարկման է դրվում… Սակայն վստահ ենք, որ միայն Ձեր կտրուկ ու տեղին միջամտության արդյունքում Ազգային ժողովը այլ կերպ կվարվի մահապարտներիս ճակատագրի հետ։ Իմ կողմից հղված նամակներում՝ ՀՀ տարբեր պետական կառույցներին, միշտ էլ նշել եմ մահապարտների գործի վերանայման հատուկ հանձնաժողովի ստեղծման կարեւորության մասին։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել այն իրողությունը, որ բազմաթիվ են եղել այնպիսի պարագաներ, որ մարդիկ դատապարտվել են մահապատժի, քանզի դատավորները վստահ են եղել, որ այն չի կիրառվելու։ Չեմ ցանկանում դեռ անդրադառնալ դատավորների կոռումպացվածությանը, որի իրողությանը ոչ ոք չի էլ կասկածում։ Բազմաթիվ են այն մահապարտները, որոնց դատական եզրակացություններում առկա են վերանայման խնդիրներ։ Ամենայն պատասխանատվության գիտակցումով նշում եմ իմ պարագան. ես չեմ կատարել ծանրագույն հանցանք, մարդ չեմ սպանել։ Եվ ոչ էլ ինձ մեղադրում են ծանրագույն հանցանք կատարելու, մարդ սպանելու համար եւ անգամ Քրօրի 17 հոդվածը իմ գործում չկա։ Սակայն, հակառակ այս բոլորի, ոչ միայն հայտնվել եմ մահվան խցում, այլեւ՝ այսօր ԱԺ-ում առկա հույզերի պատճառով, մնում եմ մյուս մահապարտների նման արհամարհված ու լքված։ Եվ սա մի երկրում, որն իմ հայրենիքն է, որը ստորագրել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան։ Մենք՝ մահապարտներս, եղել ենք հույզերի զոհը։ Թույլ մի տվեք, որ ԱԺ-ն էլ դառնա նույն հույզերի զոհը ու կազմակերպի մի նոր սպանդ, այս անգամ՝ «Հոկտեմբերի 27»-ի վրեժի «արդար» իրավունքի անունով։ ՍՏԵՓԱՆ ԱՐՏՈՒՇԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Մահապատժի դատապարտված Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել