Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոռուպցիան սիրում է ստվեր»

Հուլիս 05,2002 00:00

«Կոռուպցիան սիրում է ստվեր» «Օրենքով Վերահսկիչ պալատն իր գործունեությամբ անկախ է եւ պարտավոր է աշխատել հրապարակայնորեն»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը, ասուլիսին ներկայանալով 15 րոպե ուշացումով։ Ըստ պրն Թավադյանի, քանի որ Վերահսկիչ պալատը պատժիչ ֆունկցիա չունի, ուստի «ախտորոշում եւ ցույց են տալիս Հայաստանի տնտեսության այն նեղ տեղերը, որտեղ հնարավոր է սուբյեկտիվիզմը»։ Վերահսկիչ պալատի «ախտորոշման» համաձայն, կառավարությունը պետք է առաջարկի համապատասխան «բուժման մեթոդը»։ Պալատի նախագահի կարծիքով, որոշ դրական քայլեր արվում են, մասնավորապես, կապված վարկային ծրագրերի հետ։ Մի 5 տարի առաջ, օրինակ, վարկի 50%-ից ավելին, ըստ նրա, ծախսվում էր խորհրդատվության նպատակով, մինչդեռ այսօր այդպիսի երեւույթները կանխվել են։ Կրթության վարկային ծրագրում խորհրդատվական գումարներից 1 մլն դրամ կրճատվել է հօգուտ գրքերի տպագրության, իսկ ոռոգման վարկային ծրագրից տնտեսվել է մոտ 5 մլն դոլար։ Մինչդեռ, «Կառուցվածքային բարեփոխումների» 12 մլն դրամ արժողությամբ վարկային ծրագրի 5,8 մլն դրամը ծախսվել է միայն խորհրդատվության համար։ Նրա կարծիքով, որոշակի առաջընթաց կա նաեւ պետական ծառայողի եւ գնումների մասին օրենքների ընդունումից հետո (իրենց բոլոր թերություններով հանդերձ) եւ ներկայումս պատրաստվում է օրենք՝ կանխիկ դրամաշրջանառության կրճատման վերաբերյալ։ Խոսելով կառավարության հակակոռուպցիոն ծրագրի դրական տեղաշարժի մասին, պրն Թավադյանը նշեց, որ նպատակահարմար կլիներ, եթե տնտեսական օրենքները փոխվեին տարին մեկ անգամ, ոչ թե անընդհատ, եթե ավելի կոորդինացված լիներ բյուջետային, հարկային եւ դրամավարկային քաղաքականությունը, կարողանային ավելի լավ կանխատեսել տնտեսական ցուցանիշները։ «Կոռուպցիան շատ է սիրում ստվեր,- շարունակեց նա,- եթե մենք ունենք օրենք պետական կամ բանկային գաղտնիքի մասին, ապա անհրաժեշտ է եւս մի օրենք, որտեղ հստակ նշվի, թե որ պաշտոնյան ինչ կարգի տեղեկատվություն է պարտավոր տրամադրել հասարակությանը։ Թե չէ դիմում ես, ասում են՝ կոմերցիոն գաղտնիք է։ Հստակ սահման չկա հրապարակայնության համար»։ Մինչդեռ հասարակայնությանը անհրաժեշտ է պատկերացում կազմել, թե ինչպես են վատնվում իր միջոցները։ Ըստ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի 01.01. 2002թ. տվյալների, միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ օտարերկրյա պետություններից ՀՀ կառավարությանը տրամադրված 16 վարկային ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցներից փաստացի օգտագործվել է ընդհանուր գումարի 45,23%-ը։ Նույն աղբյուրի համաձայն, 2001թ. Ազգային ժողովի գործուղման ծախսերը կազմել են 121 մլն դրամ։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Ա. Թավադյանը չժխտեց իր մոտալուտ ազատման մասին շրջանառվող լուրերը, թեեւ մինչ այսօր ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացել։ Ըստ նրա, միայն ԱԺ-ն կարող է իրեն ազատել աշխատանքից, բայց ինքը պայքարելու է հանուն արդարության։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել