Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅԱԿ-40-Ի ՎԹԱՐ. ԿԱՍԿԱԾՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 05,2002 00:00

ՅԱԿ-40-Ի ՎԹԱՐ. ԿԱՍԿԱԾՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «Մենք ձեզ իրավաբաններ կտրամադրենք եւ կլուծենք ապահովագրությանն առնչվող բոլոր հարցերը, իսկ եթե որեւէ բան չստացվի, ապա տարվա վերջին Երեւան կժամանի Իրանի պետական պատվիրակությունը, եւ մենք ամենաբարձր մակարդակներում կաշխատենք լուծել այդ հարցը»: Սկիզբը՝ նախորդ համարում: Իրանում ՅԱԿ-40 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար մայիսի 18-ին Թեհրան ժամանեց հայկական օդային ընկերության պատվիրակությունը: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն հայտարարեց, որ հայ գործընկերները կմասնակցեն աղետի գոտում որոնման, փրկարարական աշխատանքներին: Նրա խոսքերով, նման որոշումն ընդունվել էր հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում, քանի որ անձնակազմի բոլոր անդամները Հայաստանի քաղաքացիներ էին: Պատվիրակության կազմում էին թռիչքների անվտանգության վարչության պետ Ալեքսանդր Հովսեփյանը եւ օդաչու Սուրեն Վարդանյանը, որը եւ վարում էր իր գործընկերների ճանաչման գործընթացը: Պարզվում է, որ մինչեւ ՀՀ ՔԱԳՎ պատվիրակության ժամանումը՝ իրանցիներն արդեն «յուրայիններին» առանձնացրել էին «օտարներից», եւ ճանաչումն անցկացվում էր դիարանում: Վարդանյանը տեղեկանքներ է ստանում դիակների տեղափոխման թույլտվության մասին, հավաքում է անձնական իրերը եւ վերադառնում գործը կատարած լինելու զգացումով: Անձնական իրերի շարքում բերում են՝ անձնագրեր, թռիչքային համազգեստներ եւ փաստաթղթեր: Անձնագրերը եւ փաստաթղթերը հիանալի վիճակում են, չնայած, իրանական կողմի հայտարարության համաձայն, դրանք հայտնաբերվել են ողբերգության վայրում, բոլորն էլ այրունոտված են եղել, բայց կարողացել են մաքրել: Իսկ «Օդաչուները ինչո՞ւ էին առանց համազգեստի» հարցին հետեւել է «Նրանք թռիչքը կատարել են քաղաքացիական հագուստով» պատասխանը: Կարո՞ղ եք պատկերացնել, որ կառավարական պատվիրակության հետ թռչելիս օդաչուները լինեին քաղաքացիական հագուստով: Օդանավի մեխանիկի կինը՝ Գայանե Մնոյանն ինձ հայտնեց, որ ամուսնու անձնական իրերի մեջ բացակայում էին մասնագիտական գրքերը, որ ամուսինը մշտապես իր հետ տանում էր գործուղման մեկնելիս: Դեռ ավելին, առձեռն գոյություն ունեն սիրողական լուսանկարներ եւ տեսակադրեր, որտեղ բոլորը համազգեստով են: Մայիսի 22-ին Երեւան են բերում ցինկե դագաղներ. դրանք պահվում են վարչության շենքում, ավտոմատ հրացանակիրների հսկողության տակ, որոնք մոտ չեն թողնում ոչ ոքի, անգամ ամենամերձավոր հարազատներին: Երեկոյան տուն են բերում արդեն փայտե դագաղները՝ շատ ծանր եւ կողպեքներով այնպես փակված, որ հնարավոր չի լինում բացել առանց կոտրելու: ՀՀ ՔԱԳՎ ղեկավարությունը համառորեն խնդրում է բոլորի թաղումը կազմակերպել միաժամանակ, հենց հաջորդ օրը, քանի որ պետք է ժամաներ ՌԴ նախագահ Վ. Պուտինը, եւ բոլոր ճանապարհները հնարավոր է փակվեին: Ամբողջ գիշեր ՔԱԳՎ աշխատակիցները գնում են տնից տուն՝ կասեցնելով դագաղը բացելու ցանկացած փորձ: Ասենք, փորձեր, ճիշտն ասած, այնքան էլ շատ չեն եղել: Վշտից տապալված հարազատներն այդ ժամանակ չէին մտածում այդ մասին: Ամեն ինչ սկսվեց ապահովագրություններից: Ե՛վ հայկական, ե՛ւ իրանական կողմը մինչեւ վերջերս հրաժարվում էին լրիվ չափով վճարել ապահովագրությունները: Միայն «QESHIM AIR» ավիաընկերության հետ ունեցած անհատական պայմանագրերով զոհվածների ընտանիքներին պետք է վճարվեր 25 հազարական ԱՄՆ դոլար: Սակայն իրանցիները հայտարարում են, որ ոչինչ չեն պատրաստվում վճարել, քանի որ օդաչուները իրենց ստիպել են ստորագրել պայմանագրերը, հակառակ դեպքում կհրաժարվեին թռչել: Միեւնույն ժամանակ «Հայկական ավիաուղիները» պայմանագիր է կնքել անգլիական «ՈՒիլիս» (Willis) ապահովագրական ընկերության հետ, դա էլ՝ 20 հազարական ամերիկյան դոլար: Եվ ահա այստեղ ոչ այնքան հասկանալի մի պահ. ՀՀ ՔԱԳՎ ղեկավարությունը հավաստում է, որ ավիաինժեներ Համլետ Օհանյանը եւ ավիատեխնիկ Սարգիս Գրիգորյանը ինքնաթիռում են եղել անօրինականորեն, այսինքն՝ թռչել են «գաղտագողի», հետեւաբար, նրանց չի հասնում ապահովագրություն: Իսկ ինչո՞ւ ինքնաթիռի ներսում հայտնվեցին երկնային ծառայությունների ներկայացուցիչները: Իրականում թռիչքի առաջադրանքում ե՛ւ Օհանյանը, ե՛ւ Գրիգորյանը պաշտոնապես առաջադրված էին անձնակազմի ցուցակում: Եվ դարձյալ հարց է առաջանում. ինչու՞ նրանց ցուցակի մեջ մտցրին: Պարզվում է, որ ճանաչումն իրականացնող Ս. Վարդանյանը ընդհանրապես չէր ճանաչում անձնակազմի որոշ անդամների, սակայն, այսուհանդերձ, միջնորդ էր «QESHIM AIR» եւ «Հայկական ավիաուղիների» միջեւ եւ, դեռ ավելին, նա իր հետ Երեւան բերեց առձեռն մի գումար, որ իրանական կողմը պետք է փոխանցեր հանրապետության պետական բյուջե՝ որպես հարկ անձնակազմի ստացած աշխատավարձից: Այդ մասին «QESHIM AIR» ընկերության ներկայացուցիչները հայտնեցին զոհվածների հարազատներին Իրանում, ուր նրանք մեկնել էին ողբերգության տարելիցի առթիվ: Իսկ այնտեղ՝ աղետի վայրում, տեղի ունեցավ եւս մի միջադեպ: «QESHIM AIR» ընկերության աշխատակիցների ուղեկցությամբ հասնելով ինքնաթիռի անկման վայրը՝ նրանք հայտնաբերեցին ինքնաթիռի բեկորները, որոնք մի տարի այնտեղ էին մնացել պիտանի չլինելու պատճառով: Եվ հանկարծ, ինչպիսի732 երջանկություն: Հանկարծ մի իրանցի հայտնաբերում է երկրորդ օդաչուի համազգեստը՝ բաճկոնը, տաբատը եւ անգամ կոշիկները: Սակայն իրանցիների ուրախությունը երկար չի տեւում. «Անհնար է, չէ՞ որ դուք արդեն մեզ ուղարկել եք համազգեստը»,- ասում է Աբրահամ Վարդանյանի քույրը: Զոհվածների ընտանիքները չափից ավելի էին կասկածում, թե դագաղներում եղել են, հետեւաբար, եւ թաղվել են իրենց հարազատների մարմինները: Եվ նրանք ընդունեցին իրենց համար դժվարին որոշում՝ արտաշիրմում կատարել: Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումը մնաց անպատասխան: Հաջորդ նամակը՝ ուղղված նախագահ Ռ. Քոչարյանին, հասցեագրվեց ՀՀ ՔԱԳՎ իրավաբանական բաժին: Տարօրինակ է, բայց որքան զոհվածների ընտանիքներն ավելի շատ ու բարձրաձայն են արտաշիրմում պահանջում, այնքան ավելի արագ են աճում ապահովագրության գումարները, իսկ Հայաստանի ԱԳՆ172ն ընդհանրապես պատրաստ է լուծել ապահովագրության հետ կապված բոլոր հարցերը, սակայն պայմանով, որ չի խոսվի կասկածների մասին: Բայց հարցերը, միեւնույն է, մնում են: Ինչո՞ւ Հայաստանի նախագահը Իրանի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ չի քննարկել այս հարցը: Մի՞թե Հայաստանի իշխանությունները չգիտեն, որ փորձագիտական ժամանակակից մեթոդներով շատ հեշտ է պարզել՝ եղե՞լ են անձնագրերը արյունոտ, թե՞ ոչ: Իսկ համազգեստի հա՞րցը։ Ո՞ւր կորավ մասնագիտական գրականությունը: Ինչո՞ւ դիակների ճանաչմանը, համաձայն «Օդային միջադեպերի» N6920 ձեռնարկի, անձնակազմի հարազատներին թույլ չեն տվել ներկա գտնվել: Ինչո՞ւ է ԱԳՆ172ն համարում, որ կասկածները կարող են վատթարացնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Իսկ եթե հայկական անձնակազմը ո՞ղջ է: Ինչո՞ւ իսլամական ֆունդամենտալիստներին, որոնք Իրանում իշխանության գլուխ են կանգնած, հարկավոր են ողջ օդաչուներ: Այս բոլոր հարցերի լավագույն պատասխանը կլիներ արտաշիրմումը: ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ www.hahr.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել