Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ՍՊԱՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ»

Հուլիս 05,2002 00:00

«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ՍՊԱՆԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՐ» Այսօր երկրի Գլխավոր օրենքի՝ Սահմանադրության ծննդյան օրն է։ Արժե, որ երկրի իշխանություններն այս տոնի կապակցությամբ շնորհավորեն ժողովրդին։ Բայց եթե չանեն էլ, ժողովուրդը չի նեղանա, այդպիսի՞ բաներ հաշվի չենք առել։ Շնորհավորանք լսելը, իհարկե, հաճելի է, բայց երկրի Գլխավոր օրենքի կատարումը եւ պահպանումը առավել կարեւոր է։ Ինչը, ցավոք, չենք կարող հաստատել։ Նախագահ դառնալուց ի վեր Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ձեռնամուխ է լինելու նաեւ սահմանադրական բարեփոխումների։ Նույնիսկ իրեն կից հանձնաժողով ստեղծեց։ Բայց նախագահի այս խոստումը եւս չկատարվեց ու չկատարվեց չափազանց կասկածելի պայմաններում։ Մի քանի քաղաքական ուժեր ներկայացրին իրենց բարեփոխումների տարբերակը, որը քննվեց ու քննարկվեց։ Նախագահական տարբերակն այդպես էլ մնաց որպես անքննելի երեւույթ։ Սակայն հիմնական շտրիխներն ակնհայտ էին։ Ռոբերտ Քոչարյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ չվարանեց հայտարարել, որ իրեն ձեռնտու էլ չէ փոխել Սահմանադրությունը, քանի որ այն իրեն գերլիազորություններ է տալիս։ Սակայն, իրականությունն այն էր, որ նախագահական տարբերակում այդ լիազորությունները պակաս դեր չէին խաղում եւ շրջանառության մեջ դրվելուց հետո, սույն փաստն ակնառու դարձավ։ Ու սահմանադրական բարեփոխումների հարցը մնաց օդից կախված։ Այսօր քչերն են խոսում այս մասին, եւ նախագահական ընտրությունների երկիրը գնալու է գործող Սահմանադրությամբ։ Սահմանադրական բարեփոխումների բուռն ակտիվության շրջանում զրուցեցի Սահմանադրության հայր Վլադիմիր Նազարյանի հետ։ Ուզում էի իմանալ գիտնականի կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասին. «Սահմանադրությունն իմ զավակն է, ո՞ր ծնողին դուր կգա, եթե ասեն՝ երեխադ սիրուն չի, ուզում ենք բարեփոխել»,- եղավ Վլ. Նազարյանի պատասխանը։ Բայցեւայնպես, Վլադիմիր Ռուբենիչը շատերից լավ էր հասկանում, որ փոփոխություններն անհրաժեշտ են, եւ ինքը եւս սկսել էր այդ գործը՝ այն ժամանակվա (2000 թ. հունվար) խորհրդարանական մեծամասնության առաջարկով։ Քանի որ Վլադիմիր Նազարյանի դիտարկումները խիստ արդիական են հնչում հենց այսօր, որոշեցինք, որ Սահմանադրության օրվա առիթով նրանից ավելի հարմար զրուցակից չենք կարող գտնել։ Պարզապես կներկայացնենք մեր արդեն տեղի ունեցած զրույցից պատառիկներ։ Վլ. Նազարյանն այն կարծիքին էր, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, պետք է կատարվեն եւ պետք է կատարվեն հետեւյալում. «Մենք մտածում ենք այսպես. հաշվի առնելով հանրապետությունում լարվածության թուլացման եւ կայունության ամրապնդման խնդիրը, անհրաժեշտ են սահմանադրական սպասվելիք կատարելագործման մի խումբ հարցեր։ Դրանք չորսն են՝ մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխիքների ընդլայնումը, ՀՀ նախագահ-ԱԺ-կառավարություն հարաբերությունների ճշգրտումը, դատական իշխանությանը վերաբերող նորմերի կատարելագործումը եւ հաջորդը՝ տեղական ինքնակառավարման համակարգի իրավական, արմատական վերափոխումը։ Մենք որոշեցինք այս պահին լուծում տալ հարցերի երկրորդ խմբին, այսինքն՝ ՀՀ նախագահ-ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններին։ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն, ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ո՛չ ՀՀ նախագահն է իշխանության կրողը, ո՛չ էլ ԱԺ-ն։ Նախագահը ժողովրդից ստացած մի մանդատի կրողն է, ԱԺ-ն՝ մյուս մանդատի։ Գործող Սահմանադրությամբ նախագահն իրավունք ունի, խորհրդակցելով վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, փակել ԱԺ-ն։ Այս խորհրդակցելն ուղղակի ծիծաղելի է էն իմաստով, որ ուզում են իմանալ, մեկը մեռնելուց առաջ քրտնած է եղե՞լ, թե՞ չէ։ Նորմալ պայմաններում ե՞րբ նախագահը կուզի արձակել ԱԺ-ն։ Այն դեպքում, երբ անկեղծ համոզված է, որ իր մանդատն արտահայտում է ժողովրդի կամքը»։ Առաջարկվելիք փոփոխություններում նախատեսված էր անցկացնել հետեւյալը. «Եթե ցանկացած պահին հանրապետության նախագահը ցանկանա ազատ արձակել ԱԺ-ն, ազատ է արձակելու։ Բայց խորհրդարանական ընտրությունների հետ միասին անցկացվում են նաեւ նախագահական ընտրություններ։ Սրան կարելի է պայմանականորեն կոչել՝ ինքնասպանության մակարդակ։ Ուզո՞ւմ ես սպանել հակառակորդիդ՝ ինքնասպանություն գործիր»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել