Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Հուլիս 05,2002 00:00

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ» Վստահեցնում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Հայաստանում վերջին յոթ տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու փորձերը համոզել էին, որ ՍԴ-ն Հայաստանի դատական եւ արդարադատության արատավոր համակարգի օրգանական մասն է կազմում: Բայց 2002-ի մայիսի 19-ին Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքների բողոքարկումը առաջին դեպքն էր, երբ ՍԴ-ն, լսելով հիշյալ ընտրատարածքում տեղի ունեցած օրինախախտումների եւ կեղծիքների մասին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացրած փաստերն ու հիմնավորումները, հունիսի 29-ին որոշում ընդունեց բավարարել վերջինիս հայցի երկու պահանջն էլ. անվավեր ճանաչել տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եւ օրինախախտումների մասին նյութերն ուղարկել դատախազություն: Հիշեցնենք, որ այնտեղ առաջադրված 4 թեկնածուներից մեկը ՀՅԴ անդամ Հակոբ Մաթիլյանն էր, որն, ի դեպ, արդեն հաղթած թեկնածու էր ճանաչվել, մյուսը՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Մակեյանը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ զրուցեցինք ոչ միայն ՍԴ-ում տարած հաղթանակի շուրջ: Վերջինս խոստովանեց, որ ՍԴ դիմելուց կուսակցությունը վստահ չի եղել, թե գործը կշահի եւ հիմնականում այն պատճառով, որ ներկայացված հիմնավորումները թեեւ օբյեկտիվ, բայցեւ թույլ են եղել, նաեւ՝ փաստացի դժվար ապացուցելի: Բայց ՍԴ դիրքորոշումը նպաստավոր է եղել. դատարանը հրավիրել է վկաների, լսել նրանց: «ՍԴ-ն երեւի փորձեց համոզվել, թե որքանով են մեր փաստարկները՝ տեղամասերում կեղծ քվեաթերթիկներ լցնելու մասին, հիմնավոր: Պարզեց, որ միայն 2 տեղամասերում 654 քվեաթերթիկի 55 տոկոսը կեղծված կամ լցված է եղել քվեատուփ, նաեւ, որ 26 համայնքներից 11-ում ընտրացուցակները հաստատված չեն եղել»,- նշեց Պ.Մակեյանը: Մեր այն հարցին, թե իր կարծիքով մեր երկրում արդարադատության հաստատման իմաստով ինչ-որ բա՞ն է փոխվում, թե՞ իշխանություններն այլ խնդիրներով են զբաղված եղել եւ անուշադրության մատնել այդ «մանր» խնդիրը, կուսակցության նախագահը նկատեց. «Սա առաջին քայլն է արդարադատության հաստատման ուղղությամբ, եւ դա արեց ՍԴ-ն: Չեմ ուզում ոգեւորվել, բայց դա նաեւ նախադեպ է առաջիկա ընտրությունների համար եւ սպասվող կեղծիքները կանխող գործոն կարող է դառնալ: Ուրախ եմ, որ դրան հասավ հատկապես մեր կուսակցությունը: Իսկ իշխանությունները ոչ թե ավելի լուրջ գործերով էին զբաղված, այլ, թերեւս, համոզված էին, որ մենք այն ուժը չենք, որ ճանապարհի կեսին կանգ առնենք: Մենք գնալու էինք մինչեւ Ստրասբուրգ, իսկ կեղծիքներն, իրոք, շատ էին: Չի բացառվում նաեւ, որ ՍԴ-ն գիտակցաբար որոշեց առաջիկա ընտրությունների շեմին կեղծիքները կանխարգելողի դեր ստանձնել»: Անդրադառնալով ներքաղաքական այսօրվա զարգացումներին, ԱԺ-ում փաթեթով ընդունված մի քանի օրենքներին՝ «Ընտրական օրենսգիրք», «ԱԺ կանոնակարգ» եւ այլն, Պ. Մակեյանն ասաց. «Համոզված կարելի է ասել, որ այսօր ԱԺ են մտել ոչ թե քաղաքական ուժեր, այլ կիսաքրեական, քրեական տարրեր, թաղային հեղինակություններ, ովքեր նույնիսկ սեփական իրավունքները պաշտպանելու արժանապատվություն չունեն: Իսկ «պատգամավորի ականջը քաշելու մասին» օրենքն ուղղակի խայտառակություն է»: Նրա գնահատմամբ, քաղաքական այն ուժերը, որոնք կարող են երկրում լուրջ դերակատարություն ունենալ, ԱԺ-ից դուրս են գործում եւ հետեւաբար՝ առաջիկա ներքաղաքական զարգացումներում էլ հիմնականում նրանք են ներգրավված լինելու. խոսքը նաեւ «Ժողովրդավարական Հայրենիքի» մասին է: «Միգուցե մեր մասնակցությունն այդ պրոցեսներին կօգնի իշխանափոխության սկսված գործընթացն ավարտին հասցնել»,- հույս հայտնեց պրն Մակեյանը: Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ «Ժողովրդավարական Հայրենիքն» այսօր 13 կուսակցությունների կողքին չէ, նա պատասխանեց. «Մենք ոչ թե կողքին, այլ՝ նրանց հետ պետք է լինեինք, բայց երբ այդ համագործակցությունը, որ վերջին շրջանում ինքն է նախաձեռնություն ստանձնել, հրապարակավ հասկացնել տվեց, որ մեր մասնակցությունն այդ համագործակցությանը նախընտրելի չէ, մենք, բնականաբար, հեռու կանգնեցինք եւ թույլ տվեցինք, որ նրանք հանգիստ գործեն, եթե ի վիճակի են եւ իշխանափոխությունն ավարտուն դարձնելու բավարար ռեսուրսներ ունեն: Բայց հիմա եւ «13»-ի, եւ մյուս ուժերն ու նրանց ռեսուրսները համատեղել է պետք, որովհետեւ հակառակորդը նենգ է, միաժամանակ՝ ցայտնոտի մեջ, ինչը նրա քայլերը դարձնում է վտանգավոր եւ անկանխատեսելի: Պետք է միավորվել՝ անկախ «աջ» ու «ձախից», «նախկինից» ու «ներկայից», «կասկածելուց» կամ «չկասկածելուց»: Թիվ 67 ընտրատարածքի ընտրություններն ապացուցեցին, որ հերթական նախագահական ընտրությունների դեպքում իշխանություններն օգտագործելու են իրենց բոլոր իշխանական եւ ֆինանսական լծակները»: Պ.Մակեյանը վստահ է, որ հասարակությունն այսօր պատրաստ է իշխանափոխության, որ նա մեկ բան է ուզում՝ ազատվել Քոչարյանից: Մնում է, որ դրան պատրաստ լինեն նաեւ ընդդիմադիրները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել