Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Միրզոյան

Հուլիս 04,2002 00:00

Էդվարդ Միրզոյան Շտրիխներ դիմանկարից Երջանիկ է կոմպոզիտոր Էդ. Միրզոյանը, որ կենսախինդ երաժշտությամբ եկավ, ավելի ճիշտ՝ մեծն Խաչատրյանից հետո, իր տարեկիցների՝ Ալ. Հարությունյանի, Ղ. Սարյանի հետ միասին փոխարինեց հազարամյակներ հնչող աղետալի, ողբանվագ, վշտի, կարոտի, պանդխտության երգերին ու նվագներին։ Սկզբում պարզապես մոռացա ասել հետեւյալը, ամենակարեւորը՝ երջանիկ է, որ մեծացել է ու դաստիարակվել երաժշտական միջավայրում, վայելելով հոր՝ կոմպոզիտոր եւ մանկավարժ Միքայել Միրզոյանի հոգատար վերաբերմունքը։ Այսօր անընդհատ ասվում ու գրվում է, որ Միրզոյանի սիմֆոնիան, սիմֆոնիկ պոեմները, կանտատները, տոնական նախերգանքը, սիմֆոնիկ պարերը, լարային կվարտետը աչքի են ընկնում բովանդակության բազմազանությամբ ու խորությամբ, ստեղծագործական վարպետությամբ։ Իհարկե, երջանիկ է կոմպոզիտորը, որ իր երկերը գեղարվեստորեն ավարտուն ներկայացնելով Արեւելքի հինավուրց ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի ներաշխարհը, ձեռք են բերում համընդհանուր արժեք, գերում տարբեր ազգության ունկնդիրներին։ Անխոս երջանիկ է. այսօր մեծանուն արվեստագետի մասին խոսելիս կարելի է հանդիպել «միրզոյանական» արտահայտությանը։ Այդ իրավունքը ոչ որպես ստեղծագործության պատկանելության նշան, այլ ոճի, երաժշտական լեզվի ճանաչելի հատկանիշներ՝ եզակի արվեստագետների է տրված։ Նրա ստեղծած կերպարների աշխարհը ե՛ւ ազգային է, ե՛ւ արդիական։ Երջանիկ է դասատուն եւ երջանիկ են նրա ուսանողները։ Մանկավարժ Միրզոյանի կարծիքով, ստեղծագործական դասարանի ղեկավարը պետք է բացարձակ ճանաչի իր ուսանողին որպես անձնավորություն, գիտենա ինչպես է ապրում, որոնք են նրա հետաքրքրություններն ու նախասիրությունները եւ այնժամ ավելի պարզ կլինեն եւ նրա ստեղծագործական ձգտումները։ Էդ. Միրզոյանի՝ գերհագեցած կյանքով ապրելու ընդունակությունը խախտում է պատկերացումը մարդու տարիքային հնարավորությունների մասին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջինիս եւ ՀՖՆ-ի տնօրինության կազմակերպած կոմպոզիտորի հեղինակային երեկոյից հետո, կարճատեւ զրույց ունեցանք արվեստագետի հետ։ Էդ. Միրզոյանը հետեւյալն ասաց. «Ստեղծագործական կյանքիս ընթացքում սա իմ երկրորդ հեղինակային երեկոն էր Երեւանում։ Առաջինը՝ 96 թվին, դարձյալ նախաձեռնել էր ՀՖՆ-ն։ Վաղօրոք տեսնելով հայտագրի օրինակը, ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ համերգասրահի տնօրեն Նիկա Բաբայանին խնդրեցի հանել «80-ամյակ» բառը, քանի որ այս տարի իմ 81-ամյակն է։ Իսկ անցյալ տարի Ղարաբեկյանի ղեկավարած կամերային նվագախումբը եւ Բորոդինի անվան քառյակը կազմակերպել էին համերգ՝ նվիրված իմ 80-ամյակին, որտեղ այլ ստեղծագործությունների կողքին հնչեցին իմ գործերը եւս։ ՀՖՆ-ն դեռ անցյալ տարի էր ձեռնամուխ եղել հեղինակային երեկոյիս, բայց վերջինիս գեղղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանի եւ իմ, ասեմ այսպես՝ փոխադարձ հարգելի պատճառները խանգարեցին երեկոյի իրականացմանը։ Անկեղծ ասած՝ հոբելյանական երեկոներ չեմ սիրում… Էնքան բաներ ունենք մտածելու՜… Վերցնենք ամենագլխավորը՝ մեր հանրապետության հիմնը։ Ախր, ունենք Ա. Խաչատրյանի կողմից գրված աննման հիմն։ Թե որտեղի՞ց եկավ էս պրիմիտիվ մեղեդին իր թշվառ տողերով՝ «Մեր հայրենիք թշվառ…», չգիտեմ։ Պարզապես ամոթ է… Բայց սա ուրիշ խոսակցության թեմա է»։ Կոմպոզիտորի հետ կարճ զրույցն ավարտվեց նրա հետեւյալ բազմանշանակ նախադասությամբ. «Կյանքը՝ լավ, բայց ախմախ բան է… չէ՝ ախմախ, բայց շատ լավ բան է…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել