Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ «ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է», ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՐԹ

Հուլիս 04,2002 00:00

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ «ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է», ՏԱՆԻՔԸ՝ ՀԱՐԹ Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը հաշտվել է այն մտքի հետ, որ պիտի զրկվի պատկերասրահի տնօրենի պաշտոնից։ Իրեն համարելով օրենքը հարգող մարդ, նա պատրաստ է դուրս գալ պատկերասրահից, եթե օրենքն իսկապես արգելում է միաժամանակ երկու հիմնարկում տնօրեն աշխատելը։ Շ. Խաչատրյանն այժմ ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես Մ. Սարյանի թանգարանի վրա, թեեւ գտնում է, որ աշխատանքը Սարյանի թանգարանում ամենեւին չէր խանգարում պատկերասրահում աշխատելուն։ Մանավանդ որ, այս թանգարանն ավելի փոքր է, քան Հայաստանի տարբեր շրջաններում գործող պատկերասրահի մասնաճյուղերից յուրաքանչյուրը։ Ի դեպ, Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից 5-6-ը բացվել են Շ. Խաչատրյանի՝ պատկերասրահի տնօրեն աշխատած տարիներին (ինչպես, օրինակ, Սիսիանինը, Գյումրիինը, Գորիսինը, Լաչինինը, Ստեփանակերտինը, Եղեգնաձորինը)։ «Երկար մտածելուց հետո ես որոշեցի դուրս գալ պատկերասրահից եւ վերադառնալ Սարյանի թանգարան, մանավանդ որ կողմնակից եմ բարյացակամ վերաբերմունքի։ Կարծում եմ, ճիշտ կլիներ, եթե ինձ կանչեին ու գոնե կարծիք հարցնեին, թե ում են ուզում տեսնել պատկերասրահի տնօրեն, որովհետեւ, ի վերջո, թանգարանային աշխատանքի 42 տարվա փորձ ունեմ եւ պատրաստ եմ այն փոխանցել հաջորդին։ Կարեւորում եմ նաեւ հարգանքը, մարդուն արժեւորելը, թե չէ դրանք մշակույթի ասպարեզում մի տեսակ մոռացվել են»,- ասաց Շ. Խաչատրյանը։ Այսօր Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին «Մշակույթ» ծրագրի շրջանակներում վերանորոգման աշխատանքներ են ծավալվել նաեւ Ազգային պատկերասրահում, որոնց նախանձախնդրորեն հետեւում է Շ. Խաչատրյանը։ Նա գտնում է, որ միակ դժվարությունը պատկերասրահի հարթ տանիքի խնդրի լուծումն է, որն այսօր էլ կարծես թերի է մնացել։ Մինչ շինարարական աշխատանքների սկսվելը, Շ. Խաչատրյանը առաջարկել էր դեռեւս հեռու մնալ պատկերասրահը վերանորոգելու մտքից եւ զբաղվել միայն նրա տանիքի հարցով, քանի որ մոտ երկու տարի առաջ իրենք սեփական ուժերով արդեն իսկ կատարել էին մասնակի վերանորոգում։ Նա գտնում էր, որ հարկ չկար պատկերասրահը եւս երկար ժամանակով փակել, այն դեպքում, երբ չեն գործում մյուս թանգարանները եւ «Հայաստան-Սփյուռք» ու գրողների համաժողովների առիթով մեծ թվով հյուրեր էին գալու Հայաստան։ Այժմ պատկերասրահցիները դժգոհ չեն շինարարներից (ավելին, Շ. Խաչատրյանը հավաստիացնում է, որ իրենց եւ շինարարների միջեւ բարյացակամ մթնոլորտ է ստեղծվել), սակայն, նրանք գտնում են, որ պահպանված չէ աշխատանքների հաջորդականությունը։ Օրինակ, փոխանակ սկզբում տանիքը վերանորոգելու, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում։ Այդ պատճառով էլ անմխիթար վիճակում գտնվող տանիքից, մոտ 20 տեղից անձեւաջրերը հոսել են արդեն իսկ ներկված պատերի վրա եւ վնասել պահեստներում պահպանվող նկարների մի մասը։ Ի դեպ, ըստ Շ. Խաչատրյանի, քանի որ հնարավոր չէր շուրջ 3000 նկար թանգարանից այլ շենք տեղափոխելը, ստիպված 56 դահլիճներից 40-ը տվել են նորոգման, իսկ 16-ը պահել որպես պահեստ։ Պարզվում է, պատկերասրահը շուրջ 3000 քմ հարթ տանիք ունի, որը 30 տարի շարունակ քայքայվել է։ Այսօր եւս չի իրականացել դրան թիթեղյա թեք լուծում տալը. «Մշակույթ» ԾԻԳ-ը եւ շինարարները համաձայնել են բարձրացնել պատկերասրահի տանիքի միայն Սպանդարյան եւ Նալբանդյան փողոցների կողմի մասը։ Իսկ կենտրոնական մասում դարձյալ հարթ տանիք է լինելու։ Ազգային պատկերասրահի գլխավոր ինժեներ Էդվարդ Մելքոնյանի կարծիքով, թեեւ պատկերասրահի աշխատանքները բարեխղճորեն են կատարվում, սակայն դրանց ընթացքը գնալով դանդաղում է։ Ըստ նրա, պատճառն այն է, որ արդեն արված աշխատանքը հաճախ երկրորդ անգամ են կատարում, քանի որ պահպանված չէ աշխատանքների հաջորդականությունը։ Օրինակ, ըստ Է. Մելքոնյանի, շինարարները պատերը ներկել-վերջացրել են, հետո սկսել մտածել ջեռուցման մարտկոցների մասին։ Նրա կարծիքով, իրականացվող շինարարության ընթացքի դանդաղեցմանը «նպաստում» են նաեւ «թաքնված» աշխատանքները։ Շինարարության աշխղեկ Ժորա Խաչատրյանը եւս տեղեկացրեց, որ շինվերանորոգման աշխատանքների ընթացքում իրենք հաճախ են խոչընդոտների հանդիպում։ Նա եւս նշեց «թաքնված» աշխատանքների մասին, ասաց, որ մոտ 200 մլն դրամի տարբերություն կա նախահաշվի եւ հետագայում կատարված աշխատանքների ծախսերի միջեւ։ Նա հաստատեց, որ Շ. Խաչատրյանը քաջատեղյակ է շինարարական աշխատանքների նրբություններին (պատկերասրահի տնօրենը նախկին քարտաշ է) եւ ուշադրությամբ հետեւում է դրանց ընթացքին։ Զարմանալին այն է, որ Շ. Խաչատրյանին ուզում են հեռացնել պատկերասրահից այն ժամանակ, երբ նրա ներկայությունն այս պահին ավելի անհրաժեշտ է պատկերասրահին, քան երբեւէ։ Չէ՞ որ ստեղծված խառնաշփոթից ամենալավը նա կարող է «գլուխ հանել», մանավանդ որ անգիր հիշում է, թե որ նկարը որտեղ է կախված, եւ հրաշալի հասկանում է շինարարական աշխատանքներից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031