Մենք սովորեցինք գրանտ ստանալու ձեւը Հուլիսի 4-ին լրանում է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ստեղծման 5 տարին: Այս իրադարձությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՄՆ-ի համար մեծ նվաճում է, ինչի ապացույցը Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյի եւ ամերիկացի շատ գիտնականների ու գործարարների ներկայությունն էր՝ ԱՄՆ Անկախության օրվա նախօրեին, տոնակատարությունների թոհուբոհի մեջ: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի խոսքերով՝ հիմնադրամը ստեղծված լավագույն կամուրջներից է, որ կարողացավ ճիշտ գնահատել համաշխարհային պահանջարկը գիտության հանդեպ եւ հայկական գիտությունը ներկայացնել աշխարհին: Ի դեպ, հայկական գիտությունը նախկին Խորհրդային Միության երկրների շարքում երրորդ տեղում է՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո: Հիմնադրամի լուրջ ձեռքբերումն այս 5 տարիների ընթացքում հիմնարար գիտությունների ոլորտում կատարված աշխատանքներն են եւ դրանցում երիտասարդ գիտնականների ընդգրկվածությունը, ինչը եւ հիմք է ստեղծում մեր գիտական դպրոցների լավագույն ավանդույթների շարունակման համար: Անցած հինգ տարիների ընթացքում ԳԱՏԱՀ-ը ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի 3 մայր դրամաշնորհների միջոցով ստացել է գրեթե 2 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ գիտական համակարգի համար դառնալով այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր, հիմնադրամը պայմաններ է ստեղծում միջազգային գիտական համայնքին ինտեգրվելու, Հայաստանի հզոր գիտական ներուժի արտահոսքը կանխելու համար: Այժմ ԳԱՏԱՀ-ը իրականացնում է մրցույթներ՝ ժամանակակից գիտական սարքավորումներ ու համակարգչային ծրագրեր ձեռք բերելու նպատակով: Առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաեւ գիտական համակարգի ինտերնետային ցանցի կատարելագործումը, ինչպես նաեւ՝ գիտական գրականության ձեռքբերման խնդրի հեշտացումը, ինչը եւ արվում է Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անհատույց տրամադրած «Science» գիտական ժողովածուի միջոցով, որի 400 համարներ տրամադրվել են ՀՀ ԳԱԱ հիմնակազմ գրադարանին: Հիմնադրամը, սկսած 2001 թ., հովանավորում է հայ գիտաշխատողների գիտական գործուղումները, ընթացքում է երրիտասարդ հայ գիտաշխատողների եւ ասպիրանտների՝ ԱՄՆ որեւէ գիտական կենտրոն երկարատեւ գիտական գործուղումների ծրագիրը: ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը շեշտեց, որ հիմնադրամի գործունեությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության բաղադրիչ մասերից մեկն է, եւ այն նպատակները, որ ԱՄՆ-ը դրել է որպես արտաքին քաղաքականության նպատակներ, ամբողջությամբ համընկնում են Հայաստանի որդեգրած քաղաքականության հետ: Կարեւորելով Միացյալ Նահանգների փորձը մեր գիտության մեջ, արտգործնախարարը նկատեց, որ այս համագործակցությունը մեզ սովորեցրեց գիտական մտահղացումների ներկայացման ձեւը թղթի վրա՝ գրանտներ ստանալու համար, թե ինչպես արդար պայմաններում կարելի է մրցակցության մեջ մտնել եւ հաղթել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ