«Հոկտեմբերի 27» քրգործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին ներկայացել տուժողներ Դավիթ Զադոյանը, Էդմունդ Ծատուրյանը, Սամվել Թումանյանը։ Նախկին էներգետիկայի նախարարը ամբաստանյալներից որեւէ մեկին չէր ճանաչում։ Եվ դատարանում պնդեց իր նախաքննական ցուցմունքները։
Ի դեպ, նրա դատաքննական ցուցմունքում հետաքրքիր մանրամասներ եղան, մասնավորապես, այն կապված էր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի՝ Վահան Շիրխանյանին ուղղված հեռախոսազանգի հետ։ Դ. Զադոյանն ասաց, որ ինքը լսել է, թե ինչպես է Ն. Հունանյանը զանգել նրան՝ բանակցելու համար եւ, սակայն, հետագայում, երբ ինքը հարցրել է ՊՆ փոխնախարարին, թե ինչու նա «հրավերը» չընդունեց, Շիրխանյանը պատասխանել էր. «Ուզում էին գայի, ինձ էլ խփեին»։ Ի դեպ, ամբաստանյալ Նաիրի Հունանյանը փորձեց պնդել հակառակը, թե Շիրխանյանն է իրեն զանգել եւ ոչ հակառակը։ Սակայն նախարարը պնդեց իր ցուցմունքը։ Երբ տուժող Զադոյանը նկարագրեց, թե ինչպես է արյան ճնշումը բարձրանալու պատճառով դուրս եկել ԱԺ նիստերի դահլիճից ու հայտնվել ԱԺ նախագահի աշխատասենյակում, այնտեղ իրեն են ցույց տվել ցուցակը։ (Վերջինիս մենք անդրադարձել էինք. պաշտոնների առաջարկն էր, դիակները դեռ չսառած)։
Իրեն հատուկ ցինիզմով («փչացնելու» միտումով) ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հարցրեց տուժողին. «Չմտածեցի՞ք, որ ցուցակը շարունակությունն էր մեր գործողությունների։ Չգիտեի՞ք, որ Շիրխանյանն է ցուցակը ներկայացրել»։ Այստեղ արդեն ոտքի կանգնեց մեղադրող Արմեն Հարությունյանը, հարցնելով, թե ամբաստանյալին որտեղի՞ց այդ տեղեկատվությունը։
Ամբաստանյալը արդեն որերորդ անգամ շեշտում է իր տեղեկատվության աղբյուրները. «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց աշխարհ» եւ «Ազգ» օրաթերթեր։ Այս տուժողը մի ուշագրավ մանրամասն էլ ասաց, հայտնելով, որ ամբաստանյալ Դերենիկ Բեջանովն է ԱԱ փոխնախարար Գ. Գրիգորյանին խփելով հարցրել, թե Սուրեն Աբրահամյա՞նն է։ ԱԱ փոխնախարարը, եթե հիշում եք, իր դատաքննական ցուցմունքում ասել էր, որ քեռին է հարցրել։ «Հնարավոր է, որ սխալվում եմ»,- ասաց Դ. Զադոյանը։ Մեղադրող Անահիտ Եղիազարյանի այն հարցին, թե «Ասացիք, որ նրանք սպասում էին շարունակությանը։ Ձեր տպավորությամբ, ի՞նչ շարունակության էին սպասում», տուժող Դ. Զադոյանը պատասխանեց. «Տպավորությունն այն էր, որ իրենք արեցին այնքան, որքան ծրագրավորված էր»։ Որպես ապացույց ասվածի, տուժողը հիշեց ահաբեկիչների հեռախոսազրույցից հետեւյալ հատվածը. «Մենք մերը արել ենք»։
Կարդացեք նաև
Ի դեպ, գնահատելով կատարվածը, տուժողը հայտնեց, որ, իր կարծիքով, Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին միտումնավոր սպանեցին, որպեսզի իրականացնեին հեղաշրջումը։ Բայցեւ՝ «մի բան գիտեմ. համոզված էի, որ նրանք չէին կարող կատարել հեղաշրջում, իմանալով մեր արսենալը»։ Նա չհիշեց, թե ինչ գույնի թղթապանակ է եղել ահաբեկիչների պարագլխի մոտ, բայց հիշեց, որ թղթապանակ եղել է։ Ուշադրության արժանի է դարձյալ փաստաբան Օլեգ Յունոշեւի հարցադրման ուղղվածությունը։ Նա հարցրեց տուժողին, թե ի՞նչն էր պատճառը, որ վերջինս գնացել է ՊՆ։ Տուժող նախարարը պատասխանեց, որ լինելով երկրապահ եւ իմանալով, որ այնտեղ էին հավաքվել «երկրապահներն ու գեներալները», հայտնվել է ՊՆ-ում։ Փաստաբանի տպավորությամբ, երկու «շտաբ» է գործել. առաջինը՝ երկրի նախագահ + Ս. Սարգսյանի եւ երկրորդը՝ ՊՆ-ում էր։ «Դժվարանում եմ ասել, թե ով ինչ էր ղեկավարում»,- շարունակեց նա, իսկ երբ հետեւեց, թե «այսինքն, ՊՆ-ից որեւէ ցուցումներ չէ՞ր ստացվում», տուժողը ժխտողական պատասխան տվեց։
Տուժող Էդմունդ Ծատուրյանի ցուցմունքից տեղեկացանք, որ նա առաջիններից էր, որ վիրավորվել է (գլխից) եւ տեսել է, թե ինչպես են սպանել եւ խզակոթով հարվածել վարչապետին։ Առաջին անգամ դատարանում հնչեց նաեւ այն, որ Ռ. Ենգոյանին նույնպես հարվածել են խզակոթով («Ենգոյանն այդ ժամանակ փորձեց բարձրանալ, մեջքին խփին»)։ Դատարանում նա ասաց, որ տեսել է 2 ահաբեկչի, մինչդեռ 1999թ. նոյեմբերի 11-ին նախաքննական մարմնին հայտնել էր, որ տեսել է 5 ահաբեկչի։ Փաստաբան Օ. Յունոշեւին հետաքրքրում էր հետեւյալ հարցը. երբ շտապօգնության մեքենայով տուժողին տեղափոխել են հիվանդանոց, մեքենան արդյոք խուզարկվե՞լ է։ Պարզվեց, որ ոչ։
Տուժողի տպավորությամբ, ահաբեկիչների նպատակը իշխանության զավթումն է եղել։ Ընդհանրապես տարօրինակ բան նկատվեց. դատակոչված տուժողները իրենց հասցված վնասի (մասնավորապես՝ առողջությանը հասցված) փոխհատուցմամբ պահանջ չներկայացրին։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ