Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնականում ներմուծված ապրանքներով

Հուլիս 04,2002 00:00

Հիմնականում ներմուծված ապրանքներով Առաջիկա մի քանի տարիներին Հայաստանում կյանքի պայմանների հնարավոր բարելավման մասին իշխանական այրերի հավաստիացումները ընդամենը բարի ցանկությունների ոլորտից են։ Թե ինչու՝ ներկայացնեմ ստորեւ։ ՀՀ նախագահը անվերջ խոսում է երբեմնի արդյունաբերության որոշ հզորությունների վերականգնման մասին, մոռանալով, որ մարդիկ միայն գերհզոր գործարաններում չէին աշխատում եւ արտադրածն էլ միայն էլեկտրաշարժիչներ ու գեներատորներ չէին։ Երկրին ու նրա բնակիչներին ոչ միայն դրանք են պետք, այլեւ՝ հազար ու մի, այսպես կոչված, մանրուքներ։ Բնակարանը՝ քչից-շատից տեսքի բերելու եւ հարմարավետ դարձնելու խնդիր շատերն են ունենում։ Առաջնահերթ գործերից մեկը ջրի որոշակի տարողության տեղադրումն է։ Շուկայում տասնյակ նման տիպերի բաքեր կան, բոլորն էլ արտասահմանյան արտադրության։ Դրանց մոնտաժման համար անհրաժեշտ ամենատարբեր փականներն ու ծորակները նույնպես ներկրված ապրանքներ են. Իրանից ու Չինաստանից, Թուրքիայից ու Ռուսաստանից, նաեւ զարգացած երկրներից։ Տեղական ինչ-որ օժանդակ նյութեր կան, բայց վաճառողները դրանք հրամցնելու հարցում զգուշավորություն են հանդես բերում։ Վիճակը նույնն է լոգարան-սանհանգույցների, հատակի ու պատերի սալիկների, կախովի առաստաղների, լվացարանների, հայելիների հավաքածուների հարցում։ Ակամա բարի տրամադրությամբ ես համակվում թուրքական արտադրանք վաճառողների հանդեպ։ Բայց չէ՞ որ խոսքն ընդամենը պարզ արտադրատեսակների մասին է, որոնք մեծ կարողունակություն ու նյութական ծախսեր չեն պահանջում։ Ինչո՞ւ է հայ արտադրողը շուկան ամբողջովին տրամադրում արտերկրի արտադրողին։ Տնտեսության վարման սկզբունքների մեջ չխորացած հարյուր հազարավոր մարդկանց ուղղակի շփոթեցնելու նպատակ է հետապնդում այն հավաստումը, թե տնտեսության ներկա կարծեցյալ աճը մի քանի տարի պահպանելու պարագայում մեր երկրի բնակիչները կզգան իրենց կենսապայմանների փոփոխման դրական արդյունքները։ Ընդհանրական այս մտքի սնանկությունը ներկայացնենք կոնկրետ թվերով. առաջիկա 7 տարիներին 7% միջին աճ ապահովելու դեպքում, որպիսի ցուցանիշի համաշխարհային տնտեսվարությունը հազվադեպ է հանդիպում, ներկայիս ՀՀ 2 մլրդ ԱՄՆ դոլար համախառն ներքին արդյունքը կհասնի 3 մլրդ դոլարի։ Սրանից էլ 16-17 տոկոս բյուջե կազմավորելու դեպքում կունենանք 500 մլն դոլարին մոտ գումար։ Ճիշտ է, այն ներկա բյուջեից ավելի է ամբողջ 100 մլն դոլարով, բայց չմոռանանք, որ այս տարիներին երկիրը պարտադրված է մարել նախկինում վերցրած վարկերի թեկուզ չնչին, սակայն մեզ համար ահռելի տոկոսադրույքները։ Արդյունքում, այսօրվա պատանյակը երիտասարդ հասակում էլ նույն կոտրած տաշտակի առջեւ է կանգնելու, կենսաթոշակի տարիքին սպասող ներկա գործազուրկն էլ չնչին կենսաթոշակն է ստանալու։ Ելքը մեկն է. աշխատեցնել ողջ տնտեսությունը, դրա յուրաքանչյուր մասնիկը, փոքրից մինչեւ առաջին անհրաժեշտը։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել