Անասուններին էլ հաշվեցին Հաջողությամբ ավարտելով մարդահամարի բարդ ու դժվարին աշխատանքը՝ վիճծառայությունն անմիջապես անցել է անասունների հաշվառմանը «2002թ. հունվարի 1-ի դրությամբ, անասնագլխաքանակի համատարած հաշվառման հանրագումարային արդյունքները բնութագրվել են հետեւյալ տվյալներով (1.01.2002թ.). խոշոր եղջերավոր անասուն՝ 500,1 հազ. գլուխ, այդ թվում՝ կովեր 262,9 հազ. գլուխ, խոզեր 92,7 հազ. գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 564.6 հազ. գլուխ»,- նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Անասնագլխաքանակի համատարած հաշվառման մասին» վերլուծական զեկուցագրում: Հաջողությամբ ավարտելով մարդահամարի բարդ ու դժվարին աշխատանքը՝ վիճծառայությունն անմիջապես անցել է անասունների հաշվառմանը։ Անասնագլխաքանակի համատարած հաշվառման դեպքում եւս գործել է հստակ մեխանիզմ: Հիշո՞ւմ եք, մի հին անեկդոտ կա, «Ինքնաթիռում կողք կողքի նստած են հայն ու եզդին, ինքնաթիռի լուսամուտից նայելով հայը ասում է՝ «Եզդի ախպեր, եզդի ախպեր, էն ոչխարի հոտում կարո՞ղ ես ասել ինչքան ոչխար կա»։ Մի րոպե ներքեւ նայելով՝ եզդին վստահաբար ասում է. «1463»։ Մի քիչ էլ են անցնում, հայը նորից. «Եզդի ախպեր, բա էս հոտո՞ւմ ինչքան ոչխար կա»։ Եզդին դարձյալ մի պահ ներքեւ է նայում ու ասում. «5764»: Հայը շատ է զարմանում ու հարցնում. «Այ եզդի ախպեր, էս բարձրությունից ո՞նց կարողացար հաշվել էդքան ոչխարը»։ «Ի՜, ինչ կա դրա մեջ, ոչխարի ոտերի թիվը հաշվում եմ՝ բաժանում չորսի»,-հանգիստ պատասխանում է եզդին»: Կարծում եք անասնագլխաքանակի հաշվառման արժանահավատության եզդու տարբերակի՞ց է օգտվել վիճծառայությունը։ Ոչ, ազգային փոքրամասնությունների ավանդական եղանակն անտեսելով, մեր ազգային ծառայությունը հատուկ ծրագիր է մշակել այդ հաշվառման արժանահավատությունը ճշտելու համար: Համաձայն «Ստուգման եւ համատարած հաշվառման վերջնական (ճշգրտված) արդյունքների», 2002թ. հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակի համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով, այս տարվա հունվար-փետրվարին ազգային վիճակագիրների կողմից մեր հանրապետության բոլոր մարզերի 127 գյուղական համայնքների 4099 գյուղացիական տնտեսություններում անց են կացվել անասնագլխաքանակի հաշվառման տվյալների ստուգումներ: Այսքանով էլ չբավարարվելով, վիճակագիրները մի փուլով եւս ճշգրտել են անասնագլխաքանակի հաշվառման արդյունքները: «Անասնագլխաքանակի համատարած հաշվառման մասին» վերլուծական տեղեկագրից տեղեկանում ենք, որ առկա անասնագլխաքանակի վերաբերյալ վիճակագիրները հարցումներ են իրականացրել նաեւ վիճակագրության դիտարկման ընտրանքային ցանցում ընդգրկված 299 գյուղական համայնքների 7000 գյուղացիական տնտեսություններում: Այսպիսով, բացահայտվել է հանրապետությունում առկա անասնագլխաքանակը՝ 500,1 հազար: Ոչինչ, ոչինչ հնարավոր չէ թաքցնել վիճակագիրներից՝ մարդկանց հաշվեցին, անկախ նրանից՝ այդ մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, անասուններին հաշվեցին, ոչ մի կով, ոչխար, նույնիսկ ուլիկ չկարողացավ դուրս պրծնել հաշվարարների ձեռքից: Թեպետ, արդարության համար արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, մի հատ կով հաջողացրել է փախչել: ԱՐՓԻ ՏԱՐՈՆՑԻ