Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու

Հուլիս 04,2002 00:00

Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու Այդպես է կարծում Թռչունիչը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին տարածվող լուրերին Խ. Սարգսյանն ամենեւին էլ լուրջ չի վերաբերվում. «Նա իր թեկնածությունը չի դնելու, նա լավ գիտի ՀՀ Սահմանադրությունը, որը, ինչքան էլ ուզենանք տարբեր հանգավորումներով արտաբերել, չի փոխվելու։ Սահմանադրությունն ասում է, որ մի նախագահն իրավունք ունի երկու անգամ վերընտրվել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն երկու անգամ ընտրվել է։ Բայց, անկախ այս ամենից, ես նրա առաջադրվելուն լուրջ չեմ վերաբերվում ու մինչեւ այսօր ես նրա բերանից չեմ լսել նման հայտարարություն»։ Կոմկուսի ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին կլինի իրենց կուսակցության դիրքորոշումը, եթե ընտրությունների երկրորդ փուլում հայտնվեն Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Նախ, կրկնում եմ, նման բան չի լինի, իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց իր թեկնածությունը, եւ երկրորդ փուլում մնան նրանք երկուսով, ապա ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի Կոմկուսի դիրքորոշումը։ Համենայնդեպս, ես հայտարարում եմ հայ ժողովրդին, որ էս երկրում ապրել այլեւս հնարավոր չի լինի նրանցից որեւէ մեկի ընտրության դեպքում, քանի որ մեկի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, սկսածն ավարտվում է մյուսով՝ Ռոբերտ Քոչարյանով»։ Չնայած Խ. Թռչունիչի նման հոռետեսական կանխատեսումներին, նա գտնում է, որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, նախկին նախագահի հետ գոնե բանավիճել հաջողվում էր։ «Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ կարելի էր բանավիճել. նա կիրթ մարդու տպավորություն էր թողնում։ Կարողանում էր բանավիճել, ասել, ինչո՞ւ չէ, նաեւ՝ դիմացինին լսել։ Լսել՝ չանելը արդեն իր խնդիրն է։ Բայց նա լսում էր։ Իսկ ինչ վերաբերում է ներկայիս նախագահին, ապա նրա դեպքում դրանք բացառվում են։ Ներկայիս նախագահը բանավեճի կուլտուրա առհասարակ չունի, եւ դա է պատճառը, որ նրան խորհուրդ են տալիս ԱԺ չգալ, չհանդիպել եւ չպատասխանել պատգամավորների հարցերին։ Իսկ ԱԺ դահլիճում տեղադրված այն սիմվոլիկ սեղանն ու աթոռը դեկորացիայի համար չի, դա նախատեսված է այն բանի համար, որ վրան մարդ նստի»։ Պատգամավորը նաեւ համոզված է, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին լուրերը «խաղի» մեջ են գցում բացառապես այսօրվա իշխանությունները, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունների միավորում տեղի չունենա։ Սակայն, ըստ Խ. Սարգսյանի, իշխանությունների նման «խաղը» չի գործելու, եւ ընդդիմությունը միավորվելու է ու առաջադրելու է իր թեկնածուին։ «Հնարավոր է նաեւ, որ բոլոր ուժերը դնեն իրենց թեկնածուներին, եւ ում թեկնածուն երկրորդ փուլ կանցնի՝ նրան կպաշտպանենք»,- ընդգծեց Խ. Սարգսյանը՝ վստահեցնելով, որ Կոմկուսն անպայման իր թեկնածուն կունենա։ «Կոմկուսի կողմից թեկնածու չդնելը բացառված է»,- հայտարարեց նա։ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել