Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿՀԱՂԹԵՆՔ»

Հուլիս 04,2002 00:00

«ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿՀԱՂԹԵՆՔ» Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ – Ե՛վ տնտեսական դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանը, ե՛ւ վճռաբեկ դատարանի դատավոր Արման Մկրտումյանը մերժեցին «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀՑ-ի՝ մատնանշելով ՀՀՑ-ի եւ «Ա1+»-ի միջեւ պայմանագրի եւ օրենքի մի քանի հոդվածներ, որոնք հիմք են ընդունել վճիռը կայացնելիս։ Որքանո՞վ էին հիմնավոր այդ պատճառաբանությունները։ – Վճռաբեկ դատարան «Մելտեքս» ՍՊԸ-ն մտել էր՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը՝ նյութաիրավական նորմի խախտումներով։ Ըստ մեզ, չէր կիրառվել դատարանի կողմից այն օրենքը, որը պետք է կիրառվեր։ Հակառակը՝ կիրառվել էր այն օրենքը, որը չպետք է կիրառվեր եւ սխալ էր մեկնաբանվել օրենքը։ Խնդրո առարկա հարցը հետեւյալն էր. «ՀՀՑ եւ «Մելտեքս» ՍՊԸ միջեւ 2001թ. հունվարի 31-ին կնքվել էր վարձակալության պայմանագիր, որով վարձատուն հանձնում է, իսկ վարձակալը ժամանակավոր օգտագործման է ընդունում արտադրական տարածք։ Նույն պայմանագրի 7.4 կետով սահմանվել է, որ հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնելու վերաբերյալ վարձակալի լիցենզիայի գործողության ժամկետի լրանալը հիմք է հանդիսանում պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար։ Սակայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 622 հոդվածը հստակ ասում է, որ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվում է միայն դատական կարգով։ Առայսօր «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ ՀՀՑ ՊՓԲԸ-ի միջեւ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցված չէ։ Ըստ պայմանագրի, պետք է տեղադրվեր հաղորդակ, որը մինչ այսօր տեղադրված է, պետք է հաղորդակին զուգահեռ կոմունիկացիաներ տեղադրվեին, ինչը դարձյալ տեղադրված է, եւ առայսօր այդ գույքը, որը պատկանում է «Մելտեքս» ՍՊԸ-ին, գտնվում է այնտեղ։ Պայմանագրի ոչ մի կետում նշված չէ, որ վարձատուն՝ ՀՀՑ-ն, ընդհանրապես իրավասություն ունի մտնել «Մելտեքս» ՍՊԸ-ի տարածք եւ անջատել նրա հաղորդակը։ Պայմանագրում ընդամենը գրված է, որ վարձատուն հանձնում է, իսկ վարձակալը ժամանակավոր օգտագործման է ընդունում արտադրական տարածք՝ իր սարքավորումները տեղադրելու համար։ – Դուք հույս էիք հայտնել, թե հնարավոր կլինի վերականգնել արդարությունը Հայաստանի դատարանների միջոցով, եւ որ Դուք կապացուցեք դատարանում Ձեր մատնանշած բոլոր էական խախտումները։ Ի՞նչը Ձեզ խանգարեց ապացուցել այդ խախտումները։ – Նախ, եթե ես՝ որպես իրավաբան, հույս չունենամ ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու գործում, ապա միանշանակ նպատակահարմար չեմ գտնում այս գործունեությամբ զբաղվելը։ Ինչ վերաբերում է «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին, այստեղ ես կարող եմ բերել 2 տարբերակ, որոնց մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողներին եւ փորձագետներին։ Կա՛մ «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչները, հանձին ինձ, սխալ ռազմավարություն ընտրեցին եւ չկարողացան դատական պրոցեսի ընթացքում ապացուցել «Մելտեքս» ՍՊԸ ճշմարտացիությունը, կա՛մ արդարադատությունը սույն գործով, մեղմ ասած, կաղում է։ – Ձեր հարցազրույցներից մեկում վստահեցրել էիք, թե օրենքով սահմանված կարգով հասնելու եք նրան, որ «Ա1+»-ը վերականգնվի եթերում, եւ ընդգծել էիք, որ Դուք հարյուրավոր գործերի եք մասնակցել եւ ոչ մեկը տանուլ չեք տվել։ Այս գործը Ձեր թերացումների հետեւանքո՞վ տանուլ տվեցիք։ – Սույն գործը հասարակական մեծ հնչեղություն ուներ եւ ինչ-որ տեղ այն, կարելի է ասել, քաղաքականացվեց։ Բայց այս հարցը նայել եմ բացառապես իրավական հարթության վրա։ Չեմ համարում գործը պարտված, շարունակություն է լինելու։ – Արման Մկրտումյանը դատավարության ընթացքում Ձեզ, ինչպես նաեւ՝ բոլոր իրավաբաններին, բարոյապես ոչնչացնելու ռազմավարություն էր որդեգրել։ Դա որքանո՞վ ազդեց Ձեզ վրա դատաքննության ընթացքում։ – Փչացնելու ռազմավարություն էր որդեգրվել։ Հոգեբանորեն, իհարկե, ինչ-որ տեղ ազդեց։ Պատկերացրեք փաստաբանի հոգեվիճակը, երբ ներկայացնում է գործ, եւ 2 բառից հետո ընդհատում են նրան ու երկարաշունչ մեկնաբանություն է տրվում «ինչն»-ի մասին։ – Մեղադրանքներ հնչեցին, թե Դուք չկարողացաք դատարանում ամբողջությամբ ներկայացնել Ձեր ասելիքը։ Ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքները։ – Այն խնդիրը, որը դատարանը դրել էր իր առջեւ, սկզբունքորեն կատարեց։ Իսկ այն խնդիրը, որը մենք էինք դրել մեր առջեւ, մենք կատարեցինք։ Մենք կոնկրետ նպատակ էինք հետապնդում՝ մասնակցել նաեւ վճռաբեկ դատարանում եւ հետագայում պատկան մարմիններին ներկայացնել կոնկրետ այն դրույթները, որոնք, ըստ մեզ, խախտում են Կոնվենցիայի մասնավորապես 6, 10 հոդվածները։ Կարծում եմ, մենք մեր խնդիրն իրականացրինք, դատարանն էլ՝ իր։ – Տպավորություն է ստեղծվում, թե Ձեր նպատակն արագ ՀՀ դատական բոլոր ատյաններով անցնելն էր, անկախ արդյունքից։ – Ոչ։ Մեր նպատակն էր ՀՀ դատական ատյաններում ներկայացնել գործը եւ ցույց տալ օրենքի այն կետերը, որոնք, ըստ մեզ, խախտել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Նաեւ՝ անցնել ՀՀ դատական բոլոր ատյաններով, ինչը մենք արեցինք։ Կրկնում եմ, չունենալով պարտված գործեր, այս գործով էլ մինչեւ վերջ գնալու եմ եւ հույս ունեմ, որ այն խախտումները, որոնք, ըստ մեզ, կան եւ որոնք մենք չկարողացանք ներկայացնել դատական ատյաններում, կարող ենք ներկայացնել Ստրասբուրգի դատարանում։ Այնտեղ, կարծում եմ, կհաղթենք, քանի որ Ստրասբուրգի դատարանում նման մի շարք գործեր են ներկայացվել եւ հաղթանակ են տարել։ Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել